Էրդողանը «ներողություն» խնդրեց, հետո՞

Էրդողանը «ներողություն» խնդրեց, հետո՞

Էրդողանի «ներողությունը» ռուսական քաղաքական ոչ ամենաբարձր շրջանակներում բավականին սթափ ընդունեցին եւ չընկան էյֆորիայի մեջ, ինչպես ղեկավարությունը: Պուտինն օրենք օրենքի հետեւից է ստորագրում Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները վերացնելու մասին, առկա է արդեն երկու երկրների արտգործնախարարների հանդիպման փաստը, Ռուսաստանում լայնորեն պրոպագանդվում է թուրքական կողմի մարդասիրությունը` զոհված օդաչուի անունով Թուրքիայում զբոսայգի հիմնելու, նրա ընտանիքին առանձնատուն նվիրելու մասին եւ այլն: Կարելի է ասել` ռուս-թուրքական մերձեցումն ընթանում է ավելի արագ, քան ամիսներ առաջ հարաբերությունների խաթարումը տեղի ունեցավ:



Սակայն Պետդումայի խոսնակ Նարիշկինը, օրինակ, Էրդողանի «ներողության» թեմայով իր հայտարարության մեջ հստակ ակնարկեց, որ այդ ներողությունը կամ պայմանավորված է տնտեսական լուրջ խնդիրներով, որոնց առաջ հայտնվեց Թուրքիան ռուսական էմբարգոների արդյունքում, եւ կամ արդյունք է Թուրքիայի դաշնակիցների (նկատի ունի ԱՄՆ եւ ՆԱՏՕ) դրդումների եւ խորհուրդների: Այսինքն՝ այն նայիվությունը, որով ռուսական եւ թուրքական մամուլը ներկայացնում են ռուս-թուրքական մերձեցումը, շեշտը դնելով Էրդողանի եւ Թուրքիայի զգացմունքայնության եւ կատարվածի համար զղջումի վրա, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:



Ռուսական ոչ պաշտոնական առանձին կայքեր նույնիսկ գրեցին, որ «ներողություն», որպես այդպիսին, Էրդողանը նույնիսկ չի էլ խնդրել, եւ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է նրա նամակի կամ ուղերձի թարգմանական տարբերակը միայն եւ դրա սեփական մեկնաբանությունը: Իրականում «ներողությունն» ուղղված է ոչ թե Ռուսաստանին ու նրա ղեկավարությանը, այլ զոհված օդաչուի ընտանիքին, ինչը ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է որպես ներողություն ռուսական պետությունից ու նրա ղեկավարությունից: Այսինքն` Էրդողանի ուղերձում խոսք անգամ չկա, որ ինքն ընդունում է սեփական սխալը` ռուսական ինքնաթիռը խոցելու հրաման տալու համար:



Հետեւաբար, դժվար է պնդելը, որ ռուս-թուրքական մերձեցումը եւ հարաբերությունների արագ կարգավորումը Թուրքիայի կողմից միակողմանի զիջում էր կամ, ինչպես ասում են` պարտությունը: Այս մերձեցումն անհրաժեշտ էր նաեւ Ռուսաստանին եւ այն էլ մի քանի առումներով: Հարավային Կովկասում իրավիճակի լիցքաթափում, ՆԱՏՕ-Ռուսաստան համաժողովի համար երկխոսության հարթակի ձեւավորում, Պետդումայի ընտրություններից առաջ իշխող կուսակցության իմիջի բարելավում, Թուրքիային ոչ մի կերպ ներս չթողնող Եվրոպային ուղղված նախազգուշացում, «Թուրքական հոսքի» շինարարության վերագործարկում, վերահսկողությունից դուրս եկող Ադրբեջանին ընդունված խաղի կանոններում էլի մի որոշ ժամանակ պահելու հնարավորություն եւ այլն. սրանք շարժառիթներ են, որոնք կստիպեին Ռուսաստանին գնալ Թուրքիայի հետ արագ մերձեցման:



Իսկ ի՞նչ է շահում Թուրքիան, որը, թվում է, պարտված է դուրս եկել Ռուսաստանի հետ մի քանի ամսվա դիմակայությունից: Մի՞թե միայն այն, որ թուրքական ծովափերը կրկին կլցվեն ռուս զբոսաշրջիկներով, կամ թուրքական գյուղմթերքներն ու հագուստը կրկին անարգել կմտնեն ռուսական շուկա: Իհարկե` ոչ:



Էրդողանի «ներողության» տեքստի վրա, մեր կարծիքով, լրջորեն աշխատել են երկու կողմն էլ` թե Անկարան եւ թե Մոսկվան: Այդ «խնդրագիրը, իսկ հայկական որակմամբ` «Էրդողանի ղազագիրը», իրականում արդյունք է ռուս-թուրքական առավել խորքային բանակցությունների, որոնց մասին չի բարձրաձայնվել, եւ միայն այս արագ մերձեցումից կարելի է դատել, թե որքան արդյունավետ են եղել դրանք եւ ընդունելի երկու կողմի համար:



Ռուսները, օրինակ, խուսափում են խոսել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, որ Էրդողանի, այսպես կոչված, «ներողությունից» հետո Թուրքիայում քրդական հարցը մեկեն դադարեց արծարծվել, կարծես լռեցին նաեւ Թուրքիայի սահմանի մոտ` Սիրիայում, քրդական ինքնավարություն ստեղծելու մասին խոսակցությունները: Մինչդեռ, եթե հիշում եք, Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկին արդեն խոսում էր հայերի միջոցով ռուսական հողերը Թուրքիայից հետ նվաճելու մասին: Ռուս-թուրքական առճակատման օրերին Արեւմտյան Հայաստանի քրդաբնակ քաղաքներում բավականին ակտիվ էին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալ խմբերը, որոնց գործունեությունը խաթարել էր Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը: Ընդհարումներ ոստիկանության ուժերի ու բանակի ստորաբաժանումների հետ, պայթյուններ, արյունալի հատուկ գործողություններ քրդաբնակ շրջաններում, ճնշումներ, քաղաքական հաշվեհարդարներ. այս ամենի արդյունքում էր նաեւ, որ Թուրքիան հայտնվել էր քաղաքական մեկուսացման մեջ, ինչը հարվածում էր ոչ միայն բուն Թուրքիային, այլեւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին եւ ԱՄՆ-ին՝ առաջին հերթին: Ուրեմն պատահական չէր, որ Էրդողանի «ներողությանը» հետեւեց նաեւ իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մինչ օրս մենք չունենք նաեւ այն հարցի պատասխանը, թե իսրայելա-թուրքական եւ ռուս-թուրքական «թեժ հակամարտության» օրերին ինչ հարցեր են քննարկել եւ ինչի շուրջ են համաձայնության եկել Պուտինը եւ Նեթանյահուն` իրենց մոսկովյան հանդիպման ժամանակ: Ալիեւը միջնորդ եղավ, Նազարբաեւը միջնորդ եղավ… որ Պուտինն ու Էրդողանը բարիշեն: Սա նույնիսկ ծիծաղելի է: Ռուս-թուրքական մերձեցումն արդյունք է համաշխարհային ուժային կենտրոնների համաձայնության, իսկ մնացած ամեն ինչը` հանդերձանք, այդ համաձայնությունը քողարկելու համար:



Եվրոպան կասեցրեց Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ հաստատելու գործընթացը: Ամենակարեւոր պատճառը Թուրքիայի` ահաբեկչության դեմ պայքարի օրենքում բարեփոխումների պահանջն էր, որ Թուրքիան համառորեն չէր կատարում, որպեսզի իր ձեռքերն ազատ լինեին «ներքին ահաբեկչությունը» (Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կառույց է համարվում) ընդհուպ ռազմական ճանապարհով ճնշելու, ներքին խլրտումների պատրվակով նաեւ Սիրիայի քրդական կառույցների դեմ զինուժ կիրառելու համար: Ի՞նչ զարգացում կստանա Թուրքիայի` ԵՄ անդամություն ստանալու հետագա գործընթացը, դժվար է ասել:



Բրիտանիայի հանրաքվեից օրեր առաջ ՄԲ վարչապետ Դեւիդ Քեմերոնը «գուշակել էր», որ այս տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 3000 թվականին: Թուրքիայում Քեմերոնի «լավատեսությանը» փորձեցին վերաբերվել հումորով, բայց, ստանալով Եվրոպայի մերժումը, լրջացան: Այդ մերժումն զգաստացրեց նաեւ անդրօվկիանոսյան գերտերությանը, որտեղից էլ Անկարային ստիպեցին գնալ զիջումների Ռուսաստանի հարցում` ԵՄ-Ռուսաստան մերձեցումը թույլ չտալու համար: Իսկ այդ մերձեցումը, մանավանդ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, միանգամայն ռեալ էր դարձել, ինչը հստակ երեւում էր թե Թուրքիայի, թե Ուկրաինայի եւ թե նույնիսկ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու գործընթացների կասեցումից:



Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին եւ Արցախին: Կարծիք կա, որ ռուս-թուրքական նորօրյա մերձեցումը պատմության կրկնություն է, եւ Ռուսաստանը դարձյալ մեր շահերը զոհելու է հանուն Թուրքիայի հետ բարեկամության: Արտաքուստ, կարծես, ամեն ինչ հենց դրան է տանում, բայց եւ նկատենք, որ մեր օրոք մեծ քաղաքականությունը տեղի է ունենում բոլորովին այլ, նույնիսկ միջազգային հանրության աչքից հեռու վայրերում: Եվ եթե Ռուսաստանը տակավին պահպանել է իր կշիռն այդ հարթակներում, պետք է որ հստակ պատկերացում ունենա այն մասին, թե ինչ տեղի կունենա իր հետ թուրքական տարրի եւ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպայի նման դաշնակցին կորցնելուց հետո: Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, կարծում ենք, մեզ թույլ կտա որոշակի պատկերացում կազմել այն մասին, թե Մոսկվայից մինչեւ Փարիզ ինչ վերադասավորումներ են տեղի ունեցել ԼՂ հարցի կարգավորման շուրջ, եւ ինչ է փոխվել հարցը «կարգավորող» կողմերի բառապաշարում: Իսկ որ բան կփոխվի` գրեթե միանշանակ է: Արդյոք Էրդողանի համաշխարհային հնչեղություն ունեցած «ներողությունը» միայն քրդերի եւ ռուս-թուրքական առեւտրի հարցե՞րն է լուծել, թե՞ Հարավային Կովկասի մի շարք այլ հարցեր եւս, այդ թվում՝ նաեւ Արցախի տարածքների եւ հետագա կարգավիճակի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ