Մարմանդ գետից վախեցիր

Մարմանդ գետից վախեցիր

Լուսավորյալ քաղաքական գործիչները, կախյալ, թե անկախ, Հայաստանում վերջերս շատացել են: Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը, թեև բոլորին է հայտնի, որ Հայաստանում եթե մի բան շատանում է, ապա միայն ու միայն ընտրություններից առաջ և հանուն ընտրվելու:



Բոլորովին վերջերս էր, որ խիստ լուսավորյալների շարքն անցավ նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Վանաձորից: Նա, սակայն, մյուսների նման չբավարարվեց բացառապես իր լուսավորյալ անձը հանրությանը պարտադրելով և ստեղծեց մի ամբողջ լուսավոր կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան» անունով: Հիշում եմ՝ կարգին ծնունդ նշեցին՝ թիթիզ-միթիզ ձևերով, ա լյա Europ:



Եվ, ահա, այս կուսակցությունը, ավելի ստույգ այդ կուսակցության դիրեկտորը, որոշել է իր կուսակցությամբ մասնակցել Վանաձորի ավագանու ընտրություններին, որոնց վերջնական նպատակը Վանաձորի քաղաքապետի աթոռին նստելն է:



Լուսավոր Հայաստանի քայլն ինքնին դրվատանքի է արժանի: Կուսակցության համար ընտրության մասնակցելը, ինչպես ասում են սուրբ գործ է: Այդուհանդերձ մեզ թվում էր, որ ձվից նոր դուրս եկած լուսավորյալները մի քիչ ավելի համեստ կլինեին: Այլապես Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարում է, որ Վանաձորում ՀՀԿ-ից ու իրենցից բացի ոչ մի նորմալ ուժ չկա, և պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի և իրենց թեկնածուների միջև: Սա կարծում եմ, չափից մի փոքր ավելի շատ լուսավորվածության հետևանք է, որը կանցնի:



Հարգելի Էդմոն Մարուքյան, մի՞թե վայել է լուսավորյալ կուսակցության դիրեկտորին, ծանոթ-բարեկամի կարգով սեփական կուսակցության առաջին համար դարձնել հարազատ եղբորն ու բրթել, որ դառնա քաղաքապետ: Ախր դա նույնիսկ Սերժ Սարգսյանը չարեց Սաշիկի պարագայում և հիմա Սաշիկը մանդատ չունի: Ասելս այն է՝ այդ Վանաձոր քաղաքում մի ուրիշ լուսավորյալ չկա՞ր, որ եղբորդ ես բրթում, ինչպես անում են ՀՀԿ-ում: Հետո էլ Սամվել Դարբինյանի ղեկավարության տարիներն ես փնովում: Միթե կարելի այսպիսի խայտառակ հովանավորչությամբ մասնակցել կուսակցության երախայրիքը հանդիսացող ընտրություններին:



Հ.Գ. Դուք, լուսավորյալներդ, հո պատահաբար չե՞ք մտածում, որ միամիտ վանաձորցիները Մոնտե Կառլոյի ու կոնի մասին հայտնի տեսանյութից հետո Էդմոն Մարուքյանին կամ, ասենք, Վիկտոր Դալլաքյանին դասում են ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդների շարքին:



Էդիկ Անդրեասյան