Վահան Բաբայանի կուսակցությունը յուրացրել է ՀՀԿ-ի կարգախոսը

Վահան Բաբայանի կուսակցությունը յուրացրել է ՀՀԿ-ի կարգախոսը

Այսօր Երևանի «DoubleTree by Hilton» հյուրանոցում տեղի ունեցավ «Ռեֆրոմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը։ Հյուրերի մեջ ներկա էին ԲՀԿ-ական մեկ-երկու պատգամավորներ և ՀՀԿ-ից Գագիկ Մելիքյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը։ Գրանցված 280 պատվիրակներից ներկա էին 265-ը։ Համագումարի ընթացքում քվեարկությամբ հաստատվեց կուսկացության ծրագիրը։ Ներկաները միաձայն կողմ քվեարկությամբ ընտրեցին նաև իրենց առաջնորդին՝ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանին, որը մինչ այդ ԲՀԿ անդամ էր։ Բաբայանը նշեց, որ իրենք ընդդիմադիր ուժ չեն լինելու, այլ լինելու են պետականամետ քաղաքական ուժ, որը սատարելու է Սերժ Սարսգյանին և ՀՀ կառավարությանը։ Նրանք նաև մասնակցելու են 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ 



Բաբայանը նշեց, որ իրենց կուսակցության կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստան»։ 



Hraparak.am-ի դիտարկմանը, թե «Քեզ համար, Հայաստան»-ը ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կարգախոսը, ինչու՞ է հիմա նա այդ կարգախոսը նորից որդեգրել, Բաբայանը չհամաձայնեց. «Դա չի եղել Սերժ Սարգսյանի կարգախոսը, դա եղել է կարգախոս, որն, ընդհանուր առմամբ, մեր ժողովրդի հիմքում է դրված, եւ մենք այդ կարգախոսով փորձում ենք շարունակել»:



Մենք պնդեցինք, որ ընտրություններից մեկի նախընտրական շրջանում ՀՀԿ-ն այդ կարգախոսով էր հանդես գալիս, Բաբայանը խորհուրդ տվեց լավ ճշտել։



Ճշտեցինք և պարզեցինք, որ 2007 թվականին ՀՀԿ-ն հանդես է եկել հենց այդ՝ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով։ Դրանից հետո կարգախոսը փոխել են՝ դարձնելով «Հավատանք, որ փոխենք»։



Թե ինչու Վահան Բաբայանը որոշեց, որ մենք սխալ ենք հիշում այդ փաստը, անհասկանալի է։ Ըստ այդմ՝ անհասկանալի է նաև այն, թե ինչու է նա յուրացրել ՀՀԿ-ի կարգախոսը, որը նա համարում է «ընդհանուր առմամբ մեր ժողովրդի հիմքում դրված»։ Երևի այն հույսով, որ իրենք էլ, ՀՀԿ-ի նման, այդ կարգախոսով կհաղթեն ընտրություններում, ինչպես ՀՀԿ-ն հաղթեց 2007-ին։ Այստեղ թերևս հեղինակային իրավունքի խնդիր էլ առաջանա, եթե, իհարկե, «Ռեֆորմիստների» եղբայրական կուսակցություն Հանրապետականը իրեն վատ չզգա՝ սեփական կարգախոսը ուրիշի կողմից յուրացված տեսնելով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ