Առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն էլ հետաքրքիր չի

Առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն էլ հետաքրքիր չի

Նկարում պատկերված կինը՝ Գրետա Աֆրիկյանը, այսօր մասնակցում էր նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հիմնած «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարին։ Նա ցանկություն ունի իր կյանքը քաղաքական իմաստով կապել Բաբայանի ու նրա ստեղծած կուսկացության հետ։ Կուսկացությոսն, որը չի լինելու ընդդիմադիր, սատարելու է Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, լինելու է պետականամետ քաղաքական ուժ։



Գրետա Աֆրիկյանին այսօր այս համագումարին էին բերել Վահան Բաբայանի «մարդասիրական գաղափարները, հավատը՝ ժողովրդի հանդեպ, որ պետք է լավ լինի ամեն ինչ, և ինքը դրա առաջին մտածողն է, որ ցանկանում է լավ լինի ժողովրդի, երիտասարդների համար»։



Տիկին Գրետան նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերն է համալրել, բայց Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո նա էլ է հեռացել։ Եվ այժմ իր հետաքրքրությունն ու քաղաքական արժեքները, եթե այդպիսին ունեցել է նախկինում, գտել է միայն ԲՀԿ-ից հեռացած Ռեֆորմիստների» ու դրա նորաթուխ ղեկավար Վահան Բաբայանի մեջ, ում հետ նախկինում աշխատել է։ Դրա համար էլ նա այսօր կրկին Բաբայանի հետ է, Բաբայանի կողքին։ Նա նաև խոստովանում է՝ Գագիկ Ծառուկյանի ժամանակ ԲՀԿ-ում հետաքրքիր էր, հիմա՝ էլ չէ։



Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց իր կյանքի կեսն ապրելուց հետո պետականամետ «ռեֆորմիստների» քաղաքական ուղին բռնած կնոջը։



-Տիկին Գրետա, ԲՀԿ-ում ի՞նչն էր պակասում Ձեզ, որ դուրս եկաք այնտեղից։



-Ինձ ոչ մի բանն էլ չէր պակասում։ Ես մի քիչ, ճիշտն ասած, գործերով հետ մնացի պարոն Ծառուկյանից հետո, և զգացի, որ Վահան Բաբայանի մոտ նորից կաշխատեմ ու կգնահատվեմ։ Դա ինձ համար շատ կարևոր է։



-Վահան Բաբայանի ա՞նձն է Ձեզ գրավել ավելի շատ, թե՞ «Ռեֆորմիստների» գաղափարախոսությունը։



-Վահան Բաբայանի անձը, գաղափարախոսությունը և նրա մարդկային վերաբերմունքը։ Ինքը՝ որպես ղեկավար, պետք է աշխատի և անի ամեն ինչ։



-Դուք խոսեցիք մարդասիրության և այլ դրական արժեքների մասին, որ ունի Վահան Բաբայանը՝ Ըստ Ձեզ։ Բայց նորաստեղծ կուսակցություններից «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», «Ալյանսը» կամ «Համախմբումը» ևս նմանատիպ արժեքներ ունեն։ Ինչու՞ Դուք նրանցից որևէ մեկը չընտրեցիք, այլ եկաք այստեղ։



-Հիմա տեսեք, մեր կուսակցությունը, որ մենք ընտրեցինք, նոր կուսակցություն է, և Դուք լսեցիք, թե համագումարի ընթացքում ինչ նախադասություններ ասվեց, և ինչ պետք մենք անենք։ Մեր ամբողջ նպատակն է՝ անել ամենալավը, անել նորություններ, չփնովել ուրիշներին։



-Ինչո՞վ են վատ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը կամ Տիգրան Ուրիխանյանը Վահան Բաբայանից։



-Ոչ մի բանով։ Ես իրենց նկատմամբ ոչ մի բան չունեմ։



-Իսկ ինչո՞վ է լավ Վահան Բաբայանը նրանցից։



-Վահան Բաբայանի հետ ես աշխատել եմ, ավելի լավ ծանոթ եմ, քան մյուսներին, և նրանց մասին առանձնապես չեմ կարող բան ասել, դա սխալ կլինի իմ կողմից։



-Եթե Գագիկ Ծառուկյանը նորից վերադառնա քաղաքականություն, ԲՀԿ, Դուք էլի կգնա՞ք այնտեղ, թե՞ նույն ջուրը երկու անգամ չեք մտնի։



-Չէ, արդեն նախ տարիքս էն չի, արդեն մեծ եմ, և հիմա արդեն ընտրեցի էս կուսակցությունը։



-Ասացիք՝ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ժամանակ ավելի հետաքրքիր էր։ Ըստ Ձեզ՝ Ծառուկյանի ա՞նձն էր ավելի հետաքիքր ԲՀԿ-ում, թե՞ նրա շնորհիվ՝ ԲՀԿ-ն։



-Առաջին հերթին՝ ես իր անձով գնացի ԲՀԿ։ Հիմա, որ արդեն ինքը չկա, էլ ինձ էդքան հետաքրքիր չի ԲՀԿ-ն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ