Սերժ Սարգսյանն անձամբ պետք է բանակցի

Սերժ Սարգսյանն անձամբ պետք է բանակցի

Հնգօրյա լռությունից հետո Սերժ Սարգսյանի խոսքը լույս չսփռեց «Սասնա ծռերի» կողմից հուլիսի 17-ից ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վրա։ Երկրի ղեկավարն իրավապահ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո հրապարակային հայտարարությամբ խաղաղ կարգավորման նախապատվության մասին խոսելով ու զսպվածության կոչով որեւէ ռեալ առաջարկի, փոխզիջման մասին չխոսեց, կոչ արեց ապստամբներին վայր դնել զենքերը. «Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին: Մեկ անգամ եւս բոլորիս զգոնության եւ զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»։



Միաժամանակ նա հայտարարեց պատժի անխուսափելիության մասին, դրա հետ մեկտեղ բացառելով վրեժխնդրությունը, հայտնեց նաեւ հետագա ընթացքը բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում պահելու հաստատակամություն:



Քաղաքագետ Սարո Սարոյանը համեմատել է Սարգսյանի երեկվա հայտարարությունը 2008-ի մարտի 1-ին նախորդող իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ ու էական տարբերություն նկատել, իսկ հայտարարության հիմնական ուղերձը, ըստ քաղաքագետի, անորոշությունն է. «Զգուշավորությունն ակնառու էր, իսկ համերաշխության ու զսպվածության կոչն ուղղված էր առաջին հերթին իրավապահ մարմիններին, հետո նոր՝ հանրությանը»։ Այս ամենը, քաղաքագետի խոսքով, ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է ինչ-որ քայլեր անելուց։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը նախորդող խորհրդակցությունը ոչ թե անվտանգության խորհրդի կազմով էր, այլ իրավապահ կառույցների ղեկավարների։ «Այսինքն՝ հարկ չկար անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, ինչը ցույց է տալիս, որ վարչախումբը մեծ անորոշության մեջ է, բանակցություններն իրենց համար ոչ ցանկալի հունով են ընթանում, որեւէ կոմպրոմիսի մյուս կողմը չի գնում, եւ իշխանությունը չի ցանկանում իր օգտին հանգուցալուծման հասնել, հետեւաբար, այս պատային վիճակն ի նպաստ իշխանությունների չէ»,-մեկնաբանում է Սարոյանը։



Քաղաքագետի կարծիքով, իրավիճակից ողջամիտ ելքը կլինի այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, քանի որ այս օրերին նա ցույց տվեց, որ պետություն ղեկավարել չի կարող։ Հարցին՝ իսկ իրականում ի՞նչ հանգուցալուծում կլինի, քաղաքագետը պատասխանեց. «Այս վարչախումբն ընդամենը մի քանի օրվա կյանք ունի, խնդիրն այն է, թե ինչպես է հեռանալու»։ Սարո Սարոյանն այդ կանխատեսումն անում է՝ վերհիշելով ու դատելով այս օրերի իրադարձություններն ու կողմերի հայտարարությունները, հատկապես «Սասնա ծռերի» անզիջում կեցվածքը։ «Ես նման կարծիք եմ հայտնում՝ ելնելով խմբի վճռական գործողություններից, հայտարարություններից, բայց եթե իրավիճակ փոխվի, նրանք նահանջեն ինչ-ինչ ազդեցությունների արդյունքում, կներեք, ես սխալ դուրս կգամ»,- հավելում է մեր զրուցակիցը։ Սարոյանի դիտարկմամբ, ՊՊԾ գունդը հսկող ոստիկանական շարքերն օրեցօր նվազում են, իշխանության մի շարք օղակների աշխատանքն ակնհայտ պարալիզվել է. «Պետությունն օրգանիզմ է, պետության կարեւորագույն օղակը չի կարող դիմանալ նման ճնշմանը։ Այսինքն՝ ոստիկանության ծառայողներն ամեն օր գալիս են հերթափոխ ընդունելու, նրանք աշխատում են անդադար եւ այդ անդադար աշխատելու արդյունքում մաշվում են։ Չի կարող իրավապահ համակարգն այդպես երկար դիմանալ»։ Որպես իր խոսքի ապացույց՝ քաղաքագետը հիշատակում է դեպքի առաջին օրերին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի աննախադեպ ակտիվությունը, որը վերջին օրերին ակնհայտ անհետացել է ասպարեզից. «Սա մի պարամետր է, թե ինչպես է օրգանիզմի մի համակարգը խցանվում, իսկ դա առաջացնում ու խաթարում է ողջ օրգանիզմի աշխատանքը»։



Մինչդեռ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի խոսքն ինքնին նշանակում է, որ գործընթացներն ուղղվելու են երկխոսության ճանապարհով, քանզի բոլորն են հասկանում, նաեւ Ս. Սարգսյանը, որ «մասշտաբային արյունահեղություն» է լինելու, եթե հանկարծ գրոհով հետ վերցվի ՊՊԾ գունդը։ Շիրինյանը նկատում է, որ ի սկզբանե պարզ էր, որ ապստամբ խումբը չի զիջելու, նման քայլի դիմողը երբեք չի հանձնվում։ Նա հորդորում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմ դնի հպարտությունն ու վայրկյան առաջ անձամբ գնա բանակցությունների. «Կամ էլ թող իր ներկայացուցչին նշանակի, «Սասնա ծռերն» էլ իրենց ներկայացուցիչը կընտրեն՝ առանց միջնորդների, առանց լեւոնտերպետրոսյանների, առանց այդ դախացած քաղաքական ու մտավորական գործիչների, որոնց պահանջը հասարակությունը չունի։ Իսկ եթե միջնորդ են ուզում, լավագույն միջնորդները հայտնվել են՝ գեներալ Վիտալի Բալասանյան, Պարգեւ սրբազան»։ Քաղաքագետն ասում է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի ելքը պետք է որոշել բանակցությունների միջոցով, օրինակ, նրա կարծիքով, լավագույն տարբերակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնությունը կլինի. «Պետք է այդ պարագայում մի բանաձեւ ընդունել, որ ընտրակեղծարարների ձեռքը կտրեն»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ