Չի կարելի ճոճել այն նավը, որտեղ բոլորս ենք նստած

Չի կարելի ճոճել այն նավը, որտեղ բոլորս ենք նստած

«Սասնա ծռեր» խմբի կողմից ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ։



-Պարոն Սաֆարյան, դուք ինչպիսի՞ ելք եք տեսնում տասն օրից ավելի ձգվող այս պատային իրավիճակից ու ինչպե՞ս եք գնահատում խմբի քայլը։



-Բնականաբար, ցանկացած նման իրողություն գնահատում եմ ոչ լավ, որովհետեւ նման անկայուն վիճակի ստեղծումը ձեռնտու է ոչ թե մեզ, այլ ուրիշներին։ Դրա համար պետք է ձգտենք մեր միասնականությունը պահպանել, որպեսզի այսօր չդառնանք թիրախ այս կամ այն երկրների կողմից։ Տեսա`ք Թուրքիայում ինչ տեղի ունեցավ, 70 միլինոնանոց երկիրն ինչ դարձրեցին։ Հատկապես այս պահերին, երբ շատ փխրուն վիճակ է նաեւ ներքին քաղաքականության մեջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ավելի, քան երբեւէ այսօր պետք է միասնականություն ունենալ, որպեսզի դիմագրավենք դրսից եկած ցանկացած մարտահրավերի։ Մինչդեռ այս կարգի գործողությունները լավագույնս չեն կարող ազդել արտաքին քաղաքական խնդիրներում ամուր լինելու համար։



-Արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար ուժեղ պետություն է հարկավոր, ինչը, ըստ խմբի տղաների, չունենք, ինչպես նաեւ Արցախի տարածքների չհանձնելու վերաբերյալ է նրանց մտահոգությունը, համենայն դեպս այդպիսի պահանջներ են հնչում։



-Ես տղաների մտահոգությունն էլ եմ հասկանում, մեզանում իրոք կան սոցիալական խնդիրներ՝ գործազրկություն, արտագաղթ, ցածր աշխատավարձեր, թոշակներ, կոռուպցիա, այս ամեն ինչը առկա է։ եւ այս ամեն ինչի մասին նաեւ հանրապետության նախագահն է ասել իր հայտնի ելույթում, որն ունեցավ սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նա ասաց, այո, կա արդարության դեֆիցիտ, կա կոռուպցիա, գործազրկություն։ Այս ամենը լուծելու համար, բնականաբար, պետք է քայլեր կատարենք, հիմա մարդիկ տարիներով սպասում են այդ քայլերի կատարմանը, մարդն ամեն օր ուզում է իր կյանքի վրա զգալ որակի փոփոխություն ու պարզ է, որ դժգոհությունները կարող էին ի վերջո դառնալ այսպիսի գործողությունների առարկա։ Բայց որ այսպիսի իրողությունները՝ սոցիալական դժգոհությունների ֆոնի վրա բարձրացող, երբ դառնում են արդեն այլ ուժերի կողմից շահարկման առարկա, որոնք արդեն այլ խնդիրներ են հետապնդում եւ դա բնավ էլ չի նպաստելու մեր ազգային խնդիրների լուծմանը։



-Կոնկրետ ո՞ր ուժերի մասին է խոսքը, որովհետեւ կարծես մերժում են քաղաքական գործիչներին, հարթակ էլ այլեւ չկա։



-Այո, մերժում են, բայց այնտեղ խոսացողները քաղաքական հայտարարություններ են անում, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ենիգոմշյանը, Լեւոն Բարսեղյանը։



-Հիմա ի՞նչ է պետք անել, որպեսզի առանց արյուն հեղելու դուրս գանք այս վիճակից։



-Կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, պիտի գտնել համագործակցության եզրեր ու հասկանալ՝ ինչն է դրդել այս ընդվզմանը, որ խնդիրներն են դրդել՝ սոցիալակա՞ն, բարոյահոգեբանակա՞ն, թե՞ ինչ որ արտաքին ուժերի կողմերից հրահրված են։ Մենք աջուձախ տեսնում ենք շարժումներ՝ Մայդանը` Ուկրաինայում, Վրաստանում` «Վարդերի» հեղափոխությունը եւ այլն, որոնք կարող են ծագել շատ աննշան գործողությունից։ Վրաստանում «Վարդերի» հեղափոխության արդյունքում երկու տարածքներ կորցրեցին՝ Աբխազիան եւ Օսեթիան, Ուկրաինան կորցրեց Ղրիմը, Դոնբասում լարված վիճակ է եւ ամենայն հավանականությամբ Դոմբասն էլ կարգավիճակ կունենա, այդուհանդերձ այս ամենը, որ տեսնում ենք, հեռանկարը չի կարող մեզ համար բավարարող լինել, դրա համար մեր միասնությամբ պետք է պայքարել ու լուծել մեր խնդիրները։



-Իշխանությունը անգամ հիմա քայլեր չի անում, ինչպես պետք է միասնական խնդիր լուծվի։



-Չի կարելի ասել, թե քայլեր չի անում, գուցեեւ անում է, բայց դրանք մեզ համար տեսանելի չեն։ Օրինակ նախագահի փետրվարի 12-ի ելույթը վերցնենք, որի ժամանակ ինքն ասաց, թե աշխատանքներ պետք է անենք դրանք հարթելու։ Հետո ստեղծեց արտաքին գործերի նախարարությունում մի նոր կառույց, նախարարի տեղակալի գլխավորությամբ, որը պիտի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ աշխատեն մեր ապրանքները դրսի շուկայում ներկայացնելու։ Երբ նայում ենք մեր արտահանման ծավալները, ես տեսնում եմ, որ վեց ամսվա տվյալներով 20 տոկոսով աճ է գրանցել, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ առեւտրին, ապա անցած տարվա նույն ժամանակի՝ հինգ ամսվա հետ համեմատած, երկու անգամ ավելացել է։ Այնպես որ տնտեսության մեջ աճ ես նկատում եմ, նույնը վերաբերում է արդյունաբերության մասնաբաժինը տնտեսական ցուցանիշներում։ Վեց ամսվա տվյալներով` մեր արտաքին տնտեսական ակտիվության վիճակը 4.8 տոկոս է, արդյունաբերության ցուցանիշը նույնպես աճել է։Այս ամենը խոսում է այն մասին, որ որոշակի տնտեսական ակտիվություն ու աճ կա, այն էլ այս բարդ իրավիճակում, երբ տեսնում ենք, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Դրա համար կարեւոր է մեր ներքին կայունության ապահովումը, որը մեր բոլոր մարտահրավերների բավարար պայմանն է, իսկ մենք կանգնում ու ճոճում ենք այն նավը, որտեղ բոլորս ենք։



Այո, խնդիրներ շատ կան, բայց տարածաշրջանի վիճակը մեզ թելադրում է չթուլացնել ներքին վիճակը, իսկ իշխանությունը, բնականաբար պետք է վերանայի սոցիալական, տնտեսական քաղաքականությունը։