Արմենակ Կյուրեղյանը առաջարկում է իր միջնորդությունը բանակցությունների վերսկսման հարցում

Արմենակ Կյուրեղյանը առաջարկում է իր միջնորդությունը բանակցությունների վերսկսման հարցում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը հուլիսի 17-ից հսկողության տակ պահող «Սասնա ծռեր» ջոկատի անդամներից մեկը անազատության մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի եղբայր Արեգ Կյուրեղյանն է։ Նրանց հայրը` Արմենակ Կյուրեղյանը այսօր ասուլիսում անդրադարձել է խմբի շուրջ ստեղծված իրավիճակին:



Արմենակ Կյուրեղյանը առաջարկում է



Վերջին 2 օրերի իրադարձություններին հետևելուց հետո կարծում եմ, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, կարող է մտնել շատ վտանգավոր փուլ, որից ետ դառնալու հնարավորությունը շատ դժվար կլինի: Քաղաքական հարթության մեջ խնդիրը լուծելը ես համարում եմ ամենակարևորը, դրա համար գտնում եմ, որ համապատասխան բանակցային գործընթացը պետք է վերսկսել: Ես և որպես Կյուրեղյանների հայր, և որպես ՀՀ քաղաքացի համարում եմ ինձ ամենաշահագրգռված անձը: Այս հարցը խաղաղ բանակցային և քաղաքական հարթության վրա լուծելը ամենակարևորն է: Ես առաջարկում եմ իմ օժանդակությունը, միջնորդությունը, ինչպես նաև ամեն ինչ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն: Կարծում եմ, որ իմ անձը ընդունելի է և «Սասնա Ծռեր»-ի անդամների կողմից, և քաղաքական պայքարի դուրս եկած անձերի, և հանրության կողմից: Կարող եմ ես հանդիպել բոլոր կողմերին, ամեն ինչ անել, որպեսզի այս հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սա իմ անձնական նախաձեռնությունն է, դա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, որը կարող է երևի թե օգնել այս հարցի լուծմանը: Ես քաղաքական անձ չեմ, այստեղ հանդես եմ գալիս նախ և առաջ քաղաքացի, հետո հայր, հետո սրտացավ հայ` ազգի նկատմամբ:



«Սասնա Ծռեր»-ի հետ կապ չկա



Վերջին հայտարարությունները, որ եղան, դրանցից հետո ես կապ չունեմ նրանց հետ: Դա է շատ ինձ անհանգստացնում, սա նման է փոթորիկից առաջ խաղաղության: Ժամ առաջ, օր առաջ պետք է սկսել բանակցությունները: Ես կարծում եմ, որ եթե իշխանությունների մոտ կա ցանկություն այս հարցը լուծել առանց ցնցումների, հայրենիքի պետականության համար պետք է ամեն մի փոքր հնարավորություն օգտագործել այս հարցը լուծելու համար: Ես պարզապես լուրեր ունեմ, ինչպես դուք: Եթե կապ լինի, կարող եմ զանգել, հարցնել: Ես էլ ձեզանից եմ իմանում, զանգ չի եղել ինձ, ոչ մի կապ չկա:



Վիտալի Բալասանյանի միջնորդ լինելու մասին



Տեղեկություն չունեմ այդ մասին, սակայն ժամանակին «Սասնա Ծռեր» խումբը անվստահություն է հայտնել Բալասանյանի անձի նկատմամբ:



Շտապ օգնության աշխատակիցների մասին



Ինչ վերաբերում է Շտապ օգնության աշխատակիցների պատանդ լինելուն, ես դա ոչ կարող եմ հերքել, որ հաստատել: Չեմ կարող մեկնաբանել մի երևույթ, որի մասին երկու կողմն էլ տեղեկություն չի հաղորդել, մի կողմը ինֆորմացիոն բլոկադայի մեջ է: