Կոստանյանից «քաշվածները» նրա հրաժարականի մասին

Կոստանյանից «քաշվածները» նրա հրաժարականի մասին

Արդեն նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պաշտոնավարման առաջին օրերին հասցրեց «թշնամիների» բանակ ձեւավորել, դատախազության «չիստկայի» արդյունքում համակարգից հեռացվեցին հնաբնակները՝ ճանապարհ տալով երիտասարդներին։ Աղմկոտ հրաժարականների շարքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանի պաշտոնանկությունն էր։ Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունն ունեցող Բադալյանի ու Գեւորգ Կոստանյանի ջրերը մի առվով չէին հոսում: Գլխավոր դատախազ դառնալուց հետո Կոստանյանն ամեն ինչ անում էր նրա դիրքերը խարխլելու համար` մեկը մյուսի ետեւից ազատելով Բադալյանի կադրերին, իսկ վերջում հասավ Բադալյանին։ Կոստանյանի հրաժարականի մասին Բադալյանը չցանկացավ կիսվել իր զգացողություններով. «Խնդրում եմ, ոչինչ մի հարցրեք այդ մասին» ,- հորդորեց, չպատասխանեց նաեւ հարցին՝ հնարավո՞ր է վերադառնա համակարգ։



Կոստանյանից «քաշվածներից» մեկ ուրիշը՝ Կորյուն Փիլոյանը՝ Դատախազության երբեմնի կարկառուններից մեկը, մեզանից լսելով լուրը բարձր ծիծաղեց, «ուրախացա՞ք». «Չէ, ցավում եմ, շատ եմ ցավում, չէի ուզենա Դատախազությունը ցնցումների ենթարկվեր, ես համակարգը շատ եմ հարգում», -լրջացած պատասխանեց Փիլոյանը։ Փիլոյանը, ճշտելով ազատման պաշտոնական մեկնաբանությունը, հիշեց, որ Կոստանյանն, իսկապես, առողջական խնդիրներ ուներ. «Այո, նա ինչ- որ ժամանակ խնդիրներ ունեցավ, բուժվեց հիվանդանոցում, բայց կոնկրետ ինչ խնդիրներ ունի, ես չեմ կարող ասել»։



Փիլոսյանը քիչ հավանական համարեց, որ Կոստանյանի հեռանալուց հետո ինքը կրկին համակարգ կվերադառնա.«Եւ իմ հեռանալն էլ պայմանավորված չի եղել, ես չեմ ուզենա մեկը մյուսի հետ կապել։ Նա ինձ գնալու առաջարկություն երբեւէ չի արել, ընդհակառակը ցավ է ապրել, ես ազատվելու համար դիմում եմ գրել»։



Հիշեցրինք, որ Կոստանյանը պլանավորել էր «հներին» «նորերով» փոխարինել. «Դա վատ չէ, սերնդափոխությունը միշտ էլ դրական է, պարզապես կարծում եմ, որ դա մի քիչ հախուռն արվեց։ Լավ կլիներ, որ դա աստիճանաբար արվեր, երիտասարդների համեմատաբար փորձառուների հետ շփումները հաստատ օգտակար կլիներ»։



Փիլոսյանից հետաքրքրվեցինք «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված պատժի իրավաչափության մասին, պարզվեց` նա ծանոթ չէ մեղադրանքներին, չի կարդում հրապարակումներ. «Բայց չհետեւել հնարավոր չէ, դա նշանակում է, որ պետք է հոգեկան հիվանդ լինես։ Հետեւել եմ ու շատ ցավ եմ ապրել։ Ցավում եմ իմ երկրի ու ժողովրդի համար բոլոր առումներով»։ Նախկին դատախազը լսել է պաշտոնյաների ելույթները ու համաձայն չէ հնչած գնահատականների հետ. «Պաշտոնատար անձանցից մի քանիսի ելույթը լսել եմ ու անկեղծ ասած` հոգու խորքում համամիտ չեմ եղել։ Երբ նրանց հարց տալու հնարավորություն ունենայի, կհարցնեի՝ խնդրում եմ ցույց տվեք սուբյեկտի կողմը, որպեսզի որակեք, այս բոլոր հանգամանքները պետք է առկա լինեն»։



Ճշտմանը, թե «ահաբեկիչներ» բնութագրումի հետ է անհամաձայնությունը, պատասխանեց. «Նաեւ, իհարկե, համաձայն չէի։Նրանք ինչ պահանջներ էին ներկայացնում, անձը թեկուզ այդպես է մտածում, դա ճիշտ է, թե ոչ պետք է թողնենք մի կողմ, եթե անձը գնում է մի քայլի ու ասում, որ ես սա անում եմ, որպեսզի դու հանցագործություն չկատարես, չգիտեմ։ Եթե աշխատանքի մեջ լինեի, կփնտրեի, գրականություն կկարդայի, հիմքեր կգտնեի, ավելի կխորանայի, բայց սա հպանցիկ կարծիք է»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ