Նրանք ընդամենը բախտախնդիրներ էին, որոնք 1-5-ը հաշվել չգիտեն

Նրանք ընդամենը բախտախնդիրներ էին, որոնք 1-5-ը հաշվել չգիտեն

ՀՀԿ-ական փորձառու պատգամավոր Վազգեն Կարախանյանը նախագահի փոխարեն չի կարող պատասխանել՝ կհանդիպի՞ Ժիրայր Սեֆիլյանին, թե ոչ, հանդիպման մասին «Սասնա ծռերի» հետ բանակցությունների ժամանակ հավաստիացրել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ պնդելով, որ նախագահը փոխանցել է զենքը վայր դնելուց հետո հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին։



-«Սասնա ծռերի» ապստամբությունից հետո Սերժ Սարգսյանի ելույթում հիշատակվեց ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին, ե՞րբ է այն ձեւավորվելու, ո՞ր ուժերի հետ, դա՞ է լինելու այն հետեւությունը, որը կանի իշխանությունը «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո։



-Ազգային Համաձայնության կառավարությունը չէի ասի, որ լավագուն, բայց տարբերակներից մեկն է։ Կարծում եմ, որ կլինի նման կառավարություն, թե երբ չեմ կարող ասել, այնտեղ կընդգրկվեն այն ուժերի ներկայացուցիչներ, որոնք իրենց ներսում փոխադարձ համաձայնության կգան ու պատրաստակամություն կհայտնեն։



-Ո՞ր ուժերի հետ եք պատկերացնում այդ կառավարությունը, ապստամբության օրերին փողոցում բոլորովին այլ ընդդիմադիրներ էին, խորհրդարանում՝ այլ։



-Կլինի նրանց հետո, որոնց հետ կլինի փոխադարձ համաձայնություն, կարծում եմ՝ սկզբունքներ պիտի դրվի, եթե մարդիկ ասում են՝ չէ, պիտի հեռանաք, բնականաբար, նրանց հետ չի լինի խոսակցություն։ Մի հատ ինձ ասեք, որ էսօր ասում են, թե գնացեք, գալիս ենք, ո՞վ է գալիս, ես ուզում եմ իմանամ՝ ովքեր են գալիս, ճանապարհ անցած մարդիկ են, թե չէ։ Գիտեք ինչ, էդ կռվելը դեռ չի նշանակում, որ իրավունք է վերապահվում ինչ ուզենալ անել, որովհետեւ բոլորս էլ կռվել ենք, ըտենց բան չկա, որ ասենք մենք տները նստած էս պատերազմը եղել ա։ Ես ցավում եմ, որ էսօր կռված տղեն, որ հայրենիքի համար ինքնազոհողության է գնացել, էսօր նման բան է անում։ Այո, խնդիրներ կան, բայց դա դարձնել դրոշակ ու ասել՝ ես կռվել եմ, թողեք ստեղից հեռացեք, ես եմ գալիս։ Ո՜վ ես դու, քաղաքագիտական, աշխարհընկալման, աշխարհակարգային, էլեմենտար բաներ գիտես, թե՞ չգիտես, գիտես ինչ ա նշանակում երկրի կառավարում։ Ովքեր կառավարել են, ճանապարհ անցած մարդիկ են, չիմանաք թե ես վզկապ կապած պիոներական բաներ եմ ասում։ Սերժ Սարգսյանը ճանապարհ է անցել, խրամատից եկել ա, աստիճանաբար հասել նախագահի աթոռին, նա տեսել է, առնչվել ցանկացած շերտերի ու հանգամանքի հետ։



-Կարծում եք խնդիրը միայն «կռված տղե՞րքն» են, տասնհինգ օր շարունակ մայրաքաղաքում ժողովրդական ընդվզման ալիք բարձրացավ, այդ դժգոհությունը լիցքաթափելու ի՞նչ քայլեր է պատրաստվում անել իշխանությունը։



-Նախ ճշտեմ՝ ո՞ր ժողովրդի, էն մի քանի հոգին, որ հելել էին հա՞, ժողովուրդը հարյուր հազարն ա, երկու հարյուր հազարը։ Ես մեծ ազգականություն ունեմ, բարեկամություն, ընկերություն, ես էլ ցանկացած պահի կարող եմ հազար մարդ հավաքել, անկեղծ եմ ասում, որոնք կարող են իմ անձի համար ընդունելի բաներ անել, դա թող չթվա մեծ-մեծ բաներ եմ ասում։ Եթե էդ ժողովուրդը կա, պետք է կանգներ ու ասեր, որ գիտեք, սրանք տեռորիստներ չեն, սրանք գիտես ինչ պուպուշ տղերք են, մարդ են սպանում, բայց մենք ներում ենք էլի, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում եւ այլն։



-Ու ասացին, կանգնեցին։



-Հա, քանի՞ հոգով։ Ժողովրդի անունից խոսելն անպատկառություն է։ Ժողովրդի անունից կարող է խոսել մարդ, որը ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն է վերցրել։ Այո, լիքը մտահոգությունների առիթ կա, որը մտորումների տեղիք է տալիս, որի մասին գերագույն իշխանությունը պետք է հետեւություն անի, զանազանի մեկը մյուսից ու ճիշտ մոտեցումներով գնա առաջ, իսկ ինչ վերաբերում է տղաներին տեռորիստ ասելուն, ես տեռորիստ չէի ասի, ես կասեի բախտախնդիրներ, որոնք չէին իմացել 1-5-ը հաշվելը, եկան գրավեցին, հետո՞..: