Վիտալի Բալասանյանը բանագնաց էր, որպեսզի հաղթի ոչ թե պետականությունը, այլ Սերժ Սարգսյանը

Վիտալի Բալասանյանը բանագնաց էր, որպեսզի հաղթի ոչ թե պետականությունը, այլ Սերժ Սարգսյանը

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» հանձնվելուց «հինգ պակաս» դրամատիկ իրավիճակ է ստեղծվել ՊՊԾ գնդում։ Գնդում գտնվողների եւ Վիտալի Բալասանյանի միջեւ զրույցի ձայնագրության հրապարակումը որոշ փակագծեր բացեց, բայց լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ դա ամբողջ ճշմարտությունը չէ։ Տեղեկություններ կան, որ միջնորդական առաքելություն ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կապվել է բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ անգամ կապ հաստատել Սեֆիլյանի եւ խմբի տղաների միջեւ։ Խումբն արդեն գրեթե պատրաստ է եղել հանձնել զենքերը։ Մեր տեղեկություններով, միայն Արեգ Կյուրեղյանն է դիմադրել եւ պահանջել, որ կապվեն, խոսեն Սեֆիլյանի հետ։ Համոզվեն, որ նա եւս համաձայն է, որ վայր դնեն զենքերը եւ հանձնվեն։ Որ նա վստահ է, որ կայանալու է իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ ՊՊԾ գնդի հետ առնչություն ունեցող անձանցից մեկը հավաստիացրեց, որ այդ հեռախոսազրույցը կայացել է, եւ Սեֆիլյանը հորդորել է չհանձնվել, սակայն այս տեղեկությունը ճշտել մեզ չհաջողվեց։ Հեռախոսազրույցի մասին Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ որեւէ տվյալ չի կարող հայտնել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի տիկինը՝ Նանոր Սեֆիլյանն ասաց. «Ես տեղյակ չեմ»։



Զրուցեցինք Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Բադասյանի հետ, նա Վիտալի Բալասանյանի հետ Հայաստան էր եկել միջնորդական առաքելություն իրականացնելու համար ու տեղյակ է անցուդարձին։



- Պարոն Բադասյան, Դուք Հայաստան էիք եկել՝ ստանձնելու խմբի եւ իշխանության միջեւ բանակցությունների միջնորդական առաքելությունը, սակայն Ձեր ծառայություններից չօգտվեցին։ Ըստ որոշ, չճշտված աղբյուրների, հանձնվելուց առաջ «Սասնա ծռերը» խոսել են Ժիրայր Սեֆիլյանի հետ։



- Ոչ, չի եղել։ Պետք է մի նկատառում հաշվի առնեք, որ մինչեւ Ժիրայրի պայմանները, որ հայտնի դարձան 8-ին 20 պակաս, տղաներն արդեն հայտարարել էին, որ զենքը վայր են դնելու (հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, իշխանությանը ներկայացրած պահանջագրի նախաբանում Սեֆիլյանն առաջարկել էր ապահովել իր եւ տղաների հանդիպումը՝ Լ. Շ.)։ Այսինքն, այդ հայտարարությունից երեւում է, որ Ժիրայրը չգիտեր, որ տղաները հանձնվում են։ Ամեն ինչ արել են, որ խաբեն, ապատեղեկացնեն։



- Երբ ՊՊԾ գունդը դեռ տղաների ձեռքում էր, Ժիրայր Սեֆիլյանը կոչ էր անում խուսափել արյունահեղությունից, բայց վերջին օրերին նա բավական ռադիկալ հայտարարություններ է անում, ընդդիմադիրներին կոչ է անում հասկանալ պահի լրջությունը, շարունակել «Սասնա ծռերի» գործը։



- Իրենք իրենց պայքարը շարունակում են հիմա, բայց ես գրեթե վստահ եմ, որ տղաներն ինքնուրույն են կայացրել հանձնվելու որոշումը, Ժիրայր Սեֆիլյանն ի սկզբանե ասել էր, որ որոշումը տղաներինն է, ինքը չէր կարող 8-ին 20 պակաս հայտարարություն տալ, պայմաններ դնել՝ իմանալով, որ մի քանի ժամ առաջ տղաները զենքը վայր դնելու որոշում են կայացրել։ Դրա համար ես հատուկ համոզված եմ ասում։



- Հրապարակվեց խմբի եւ Վիտալի Բալասանյանի զրույցների ձայնագրությունը, որտեղ Բալասանյանը խոստում է տալիս, թե զենքը վայր դնելու դեպքում տեղի կունենա Սերժ Սարգսյանի ու Սեֆիլյանի հանդիպումը։ Սակայն դա չիրագործվեց։ Եղե՞լ է արդյոք նման նախապայման, եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ չի կայանում այդ հանդիպումը։



- Գիտեք, բանագնացն ով ուզում է լինի, պետք է լիազորված անձ լինի, բայց Վիտալի Բալասանյանը փոքր լիազորություն անգամ չուներ։ Ինքը մեղք չուներ, պարզապես տպավորություն կա, որ ինքը պարզապես ուզում էր խաբել։ Վիտալի Բալասանյանին Սերժ Սարգսյանն օգտագործել է մինչեւ վերջ, Վիտալի Բալասանյանն էդտեղ ստել է, որովհետեւ ինքը խելոք մարդ է, հնարավոր չէր խաբնվի, քանի որ ինքը լիազորություն անգամ չուներ, որպեսզի ապահովեր, որ Սեֆիլյանը հեռախոսով ասի՝ հանձնվեք կամ մի հանձնվեք, ի վերջո, հանդիպումն ավելի բարձր պատասխանատվություն է, քան հեռախոս տրամադրելը։ Պարզ երեւում է, որ ինքը ցանկացել է ստել, որովհետեւ ցանկացել է այդ ամենը հարմարեցնել Սերժի անձին, ոչ թե ժողովրդի շահերին։ Վիտալի Բալասանյանը եղել է բանագնաց, որպեսզի հաղթի ոչ թե պետականությունը, այլ Սերժը։ Մինչդեռ իմ պայմանը մեկն էր՝ պետք է հաղթի պետականությունը, ինձ չընդունեցին, եւ դավեր նյութվեցին։ Իսկ դրանց դառը պտուղները կհավաքի ամբողջ ժողովուրդը, Վիտալի Բալասանյանն էլ։



- Իսկ ի՞նչ պայմաններ էիք առաջ քաշում Դուք։



- Ես կողմնակից չէի Սերժի թայֆային, ես կողմնակից չէի, որ կոխկրտվեին ազգի իրավունքները։ Այո, ես հստակ պայմաններ ունեի։ Տղաները հանձնվեցին որպես ռազմագերի, որպեսզի արյուն չթափվի, իրենք, անշուշտ, գիտեին, որ Բալասանյանն իրենց խաբում է։ Բայց տղաների պրոբլեմն այն էր, որ ժողովուրդը չհասցրեց նորմալ մոբիլիզացվել, թեպետ իշխանությունը Հայաստանում օդի, ջրի պես անհրաժեշտ է, հետեւաբար, պայքարի շարունակության հաջորդ փուլին անցան։



- Խումբն ի սկզբանե տարածքները չվերադարձնելու պահանջ էր դրել, հիմա էլ գործընթաց է սկսվել Արցախում, ստորագրահավաք է կազմակերպվել՝ հողերը չհանձնելու պահանջով։ Հարցն իսկապես արդիական է եւ այն էլ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որտեղ անդրադարձ կար այս թեմային։



- Իմ պայմաններից մեկը եթե կատարվեր՝ բաց թողնել քաղբանտարկյալներին, բայց իշխանության լկտիությունն այն աստիճանի է, որ ոչ միայն քայլ չարեցին, այլ ռազմագերի վերցրին՝ դրանով ցույց տալով Ռուսաստանի իշխանությունների վերադասությունն իրենց վրա։ Այդ ելույթում Սերժ Սարգսյանը զեկուցեց Պուտինին, որ ինքը պատրաստ է տարածքներ հանձնելուն, որովհետեւ իրենց խաթեր համար ռազմագերիներ էլ ունեցավ։ Այս ամենում կհամոզվեք ամսի 10-ին կամ 11-ին։ Սերժ Սարգսյանի՝ յուրայիններին ուղղված կոչում ակնարկով ասվում է, որ տարածքները հանձնելու են հանուն Ղարաբաղի անկախության, այսինքն, որ Ադրբեջանի կազմում չի լինելու, դրանից բացի չասվեց, թե որ Ղարաբաղը, ինքը նկատի ուներ ԼՂԻՄ-ը, որը կազանյան փաստաթղթում է, ու հանրությունը գիտի դրա մասին։ Ամսի 10-ին այդ պայմանավորվածությունն ավելի է հստակեցվելու։



Իսկ ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկն էլ ես եմ, այս պահին 1000-ից ավել ստորագրություն է հավաքվել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ