Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է. Հայկը նետահարեց Բելին

Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է. Հայկը նետահարեց Բելին

Հին Հայաստանում օգոստոսի 11-ը (Նավասարդի 1) նշվել է համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր:



Նավասարդ, Հայկական տոմարի առաջին ամիս։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:



Ըստ ավանդույթի` Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի: Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը`համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ, թեև մինչև 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ:



Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։



Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։



Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։



Կար նաև տոպրակ կախելու սովոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։



Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։