Հայաստանում գյուղացին՝ հարկերի ու վարկերի տակ կքած, Վրաստանում՝ հարկերից ազատված ու արտոնյալ

Հայաստանում գյուղացին՝ հարկերի ու վարկերի տակ կքած, Վրաստանում՝ հարկերից ազատված ու արտոնյալ

Վրաստանի իշխանությունները մեր հարեւանությամբ տարեցտարի զարգացնում են իրենց երկիրն ու տնտեսությունը, նորմալ, սոցիալական եւ իրավական պետություն կառուցում, իսկ ՀՀ իշխանությունները ճիշտ հակառակը՝ ավելի ու ավելի են հեռանում սոցիալական, ժամանակակից պետության ուղենիշներից։ Համեմատությունները մեր եւ հարեւան երկրի միջեւ բոլորովին մեր օգտին չեն՝ ամենատարբեր բնագավառներում։ Օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում Վրաստանն իր երկրի գյուղացու համար այնքան նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ հայ գյուղացին հաստատ կնախանձի։ Վրաստանի, մասնավորապես հայաբնակ Ջավախքի գյուղերի օրինակով նշենք, որ գյուղացին ամբողջովին ազատված է հողի ու ջրի հարկերից։ Բացի այդ, կառավարությունն ամեն տարի գյուղացիներին մեկ հեկտարին 110 լարի հաշվով գումար է տրամադրում՝ գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ պարարտանյութ, սերմացու գնելու նպատակով։ Սրան էլ գումարենք այն, որ ծովի մակարդակից 1500 մետր եւ ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերի բնակիչներին էլ տարատեսակ զեղչեր ու արտոնություններ են տրամադրվում։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը հայ գյուղացու համար, եւ որքա՞ն հարկ է վճարում գյուղացին հողը մշակելու եւ ոռոգելու համար՝ չհաշված բարձր տոկոսներով բանկերից վերցրած վարկերը, որոնց տակից որեւէ մեկը բարեհաջող դուրս չի գալիս։ Եվ սա այն դեպքում, երբ դարերով եկած իրողություն է՝ հայերը միշտ աշխատող ու արարող ժողովուրդ են եղել ու կան, իսկ մեր հարեւան վրացիների անունը ելել է որպես թամբալ ժողովուրդ, որոնց ուղղակի Աստված բերրի հողեր, լավ բնություն ու ծով է պարգեւել, որ ձեռքները ծալեն, վերեւից մանանա թափվի։



ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հետաքրքրվեցինք, թե որքան է կազմում Հայաստանում գյուղնշանակության հողի հարկը, եւ կառավարությունն ինչ արտոնություններ ունի սահմանած սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասաց, որ հստակ ֆիքսված գումար չկա, քանզի հողերի տարբեր տեսակներ կան, եւ տարբեր համայնքներում տարբեր են դրանց գները։



«Հողի հարկի մասին օրենք կա, որտեղ նշված է, թե ինչպես է հաշվարկվում հողի հարկը։ Դրա համար հիմք են հանդիսանում կառավարության մի շարք որոշումներ։ Բնակավայրային նշանակության հողերի համար կա 1746-Ն որոշումը։ Կախված տեղից, գոտիականությունից՝ հողի հարկի չափը տարբեր է լինում։ Բնակավայրային նշանակության հողերը համեմատաբար թանկ են, իսկ գյուղնշանակության հողերի դեպքում այսպես է՝ կան վարելահողեր, կան այլ հողեր եւ արոտներ։ Ամենաէժանն այլ հողերն ու արոտներն են, կարող է 1 քմ-ն 5 դրամից սկսվի մինչեւ 100-150 դրամ՝ կախված հողի որակից, տեղանքից, վարելահողերը լինում են առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի, շատ բազմազան են դրանք»,-ասաց նա։



Օրինակը բերելով Էջմիածնի շրջանի հողատարածքների վրա՝ պարոն Գիլոյանն ասաց, որ այստեղ առաջին կարգի վարելահողի 1 քմ-ն արժե 509 դրամ, որը եթե բազմապատկում ենք 10 հազարով, այսինքն՝ 1 հեկտարով, ստացվում է 5 մլն․ 90 հազար դրամ։ Նույն շրջանում երկրորդ կարգի վարելահողի տարեկան հարկը 1 քմ-ի դիմաց կազմում է 448, երրորդ կարգինը՝ 309 դրամ։ Ինչ վերաբերում է արտոնություններին, ապա պարոն Գիլոյանն ասաց, որ դա եւս կառավարության որոշմամբ է սահմանվում. «Սահմանամերձ համայնքների կոնկրետ ցանկ կա սահմանված, որոնք վերջին հինգ տարում կրակի տակ են, եւ այդ համայնքներում գյուղացիների փոխարեն պետությունն է սահմանում։ Ոռոգման ջրի մասով էլ են սահմանամերձ համայնքներում արտոնություններ սահմանված՝ ծախսված ջրի արժեքի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորում»։



Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հարեւան Վրաստանում գյուղացին այդքան արտոնություններ ունի, ազատված է հողի ու ջրի հարկից եւ այլն, իսկ Հայաստանում գյուղացին ոչ միայն այդքան մեծ հարկեր է վճարում՝ չհաշված հսկայական վարկերը, որոնց տոկոսների տակից տարիներով դուրս չեն գալիս։ Արդյոք սա լավագույն փորձ չէ՞ մեզ համար։ Աշոտ Գիլոյանը, որը եւս ծնունդով Վրաստանից է, հենց հայաբնակ Ջավախքից, դա բացատրեց այսպես. «Լավագույն փորձ չէ, որովհետեւ Վրաստանի բյուջեն լցվում է ԱՄՆ-ի տված փողերով։ Վրաստանը մեքենաների գույքահարկ էլ չի մուծում»։



Ջրային տնտեսության պետական կոմիտեից էլ խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ ոռոգման ջրի 1 խմ-ի համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործում է միասնական սակագին՝ 11 դրամ։ «Բայց սահմանամերձ գոտիների համար կառավարության 2014 թ. 338-Ա որոշմամբ հաստատվել է սուբսիդավորման չափը։ Կառավարությունը գումար է փոխանցում մարզպետարաններին, ամեն մարզի համար առանձին է այդ գումարի չափը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ