Գիտնական Հարություն Կարապետյանին եւս տարել են բաժին

Գիտնական Հարություն Կարապետյանին եւս տարել են բաժին

Գիտնական, Oրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ժողովրդական ակցիաներին չի մասնակցել, սակայն նրան այդ օրերին, առանց որեւէ բացատրություն տալու, կանչել են Աբովյանի ոստիկանության քննչական բաժին։



- Ինչո՞ւ։



- Բացարձակ ոչ մի բացատրություն չեն տվել։ Ասում էի՝ իմ կարգավիճակն ի՞նչ է, ինչո՞ւ եք բերել։ Ասում էին՝ պիտի սպասեք։ Ըստ իս, պարզապես որպես պոտենցիալ ընդդիմադիր էին տարել։ Երեւի ընդդիմադիրների ցուցակ ունեն։ Տնից են տարել՝ ընդ որում։



- Դուք միշտ ակտիվ քաղաքացի եք եղել։ Այս դեպքերի օրերին ի՞նչ էիք անում։



- Հերթական արձակուրդում էի եւ զբաղված էի, կարելի է ասել, շատ խաղաղ աշխատանքով, երբ առաջին անգամ հուլիսի 17-ին բերման ենթարկվեցի Աբովյան քաղաքի քննչական բաժին եւ այնտեղ անցկացրի ավելի քան տասը ժամ։ Երկրորդ անգամ, մի քանի օր հետո եւ ավելի կարճ՝ մոտ երեք ժամով։ Ի դեպ, երկու դեպքում էլ ոչ մի բռնություն չի կիրառվել իմ հանդեպ։



- Պարոն Կարապետյան, ՊՊԾ գնդի շուրջ զարգացումների օրերին մտավորականները խոհեմության, զենքերը վայր դնելու, այլ կոչեր էին անում եւ դրա համար քննադատվում էին։ Որպես գիտության մարդ, ինչպե՞ս եք գնահատում մտավորականների, արվեստի մարդկանց պահվածքը։



- Ինչքան գիտեմ՝ երկրի թիվ մեկ գիտնականը լռեց։ Իմ համար շատ զարմանալի էր, որ ոչ միայն քայլ չարեց, այլեւ չխոսեց նաեւ կաթողիկոսը։ Միգուցե նրանք հասկացել էին, որ այդ ծայրահեղ քայլին գնացած տղաների ու նրանց կողմից բարձրացված լրջագույն հարցերի փաթեթի համար հերթապահ կոչերն արժեք չեն ունենա։ Կարծում եմ՝ «Սասնա ծռերի» տղաների քայլն էապես պայմանավորված էր ապրիլյան պատերազմի ընթացքում ջրի երես ելած իրականությամբ ու հետագա հնարավոր զարգացումների մտահոգությամբ։ Իսկ հնչեցրած կոչերն էլ շատ քչերի մոտ էին անշահախնդիր ու անկեղծ։ Ավելի շատ այդ կոչերով իշխանություններին նրանք իրենց հավատարմությունն էին հայտնում եւ այդ պատճառով էլ քննադատվում։ Ժողովուրդը լավ էլ գիտի՝ ով ինչ փորացավ ունի։



- Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսն ու Ռադիկ Մարտիրոսյանն ի՞նչ պետք է անեին։ Գուցե շա՞տ բան ենք պահանջում մեր մտավորականներից։



- Նրանք կարող էին ստանձնել Վիտալի Բալասանյանի դերը կամ միանալ նրան։ Իսկ, այսպես կոչված, մտավորականներից առանձնապես մեծ բան չի պահանջվում՝ նրանք պետք է ազնվորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն այս կամ այն հարցի նկատմամբ եւ դրանով նպաստեն իշխանությունների ակնհայտ բացթողումների վերացմանը։



- Սովորաբար, քաղաքացիական պոռթկումներից հետո քաղաքական հետապնդումներ են լինում, բայց այս անգամ չափից դուրս շատ էին անհեթեթ կալանավորումներն ու մեղադրանքները։ Ձեր կարծիքով, ո՞րն էր պատճառը։



- Նախ, դեպքն աննախադեպ էր՝ զինված երեսուն հոգի։ Բացի դրանից, եթե հաշվի առնենք նաեւ, որ ապրիլյան դեպքերի արդյունքում կորցրած տարածքները հետ բերելու նպատակով Ժիրայր Սեֆիլյանի կողմից կամավորների ցուցակագրման գործընթաց կար, որի շրջանակում, ըստ լուրերի, ցուցակագրվել էր մոտ հազար մարդ, ապա պարզ կդառնա իշխանությունների շփոթն ու շտապողականությունը։ Հազարն արդեն լուրջ թվաքանակ է, այն էլ, եթե հաշվի առնենք, որ նրանք հիմնականում արցախյան պատերազմի մասնակիցներ են։



- Անկասկած, եւ Անդրիասին, եւ Արմեն Մարտիրոսյանին, եւ Հովսեփ Խուրշուդյանին ու մյուսներին ի վերջո բաց են թողնելու։ Այդ դեպքում ո՞րն է այս «խստությունների» նպատակը։



- «Սասնա ծռերի» տղաները զենքերը վայր դրեցին, բայց փողոցային ակտիվությունը դեռեւս չի մարել, ու շատ վտանգավոր կլինի, եթե այն պահպանվի մինչեւ սեպտեմբեր, երբ քաղաքն ավելի բազմամարդ կլինի, երիտասարդությունը կվերադառնա ամառային հանգստից։ Իսկ թե Անդրիաս Ղուկասյանը, թե Արմեն Մարտիրոսյանը, թե Հովսեփ Խուրշուդյանը եւ թե Դավիթ Սանասարյանը հանրահավաքների ու այլ բողոքի ակցիաների լավ փորձ ունեն։ Ռեժիմի խնդիրն է, կարծում եմ, իսպառ հանգցնել ակտիվության ցանկացած օջախ՝ օրինական, թե անօրինական ճանապարհով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ