«Ռոմանտիկայի» սարսափելին

«Ռոմանտիկայի» սարսափելին

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ֆեյսբուքում տարածվեց «Սասնա ծռերի» կոչը: Նրանք պահանջում էին, որ մարդիկ դուրս գան փողոց, խմբեր կազմեն, զինվեն, գրավեն ոստիկանական բաժինները, փակեն փողոցները, զինաթափեն ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնեն «ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության»: Ռոմանտիկա՞ է: Կարելի էր վերապահումներով համաձայնել, եթե չլիներ զինվելու եւ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնելու կոչը:



Քաղաքացիական անհնազանդությունը, փողոց փակելը դեռեւս արյունահեղություն չեն: Բայց երբ խնդիր է դրվում գրավել ոստիկանական բաժինները եւ զինաթափել ոստիկաններին, զինվել եւ սկսել «չեզոքացնել» մարդկանց, որոնք դեմ են զենքով հարցեր լուծելուն եւ փորձում են պաշտպանել խաղաղ ապրելու իրենց իրավունքը, սա արդեն քաղաքացիական պատերազմի ազդանշան է: Հետաքրքիր է, «տղերքի» պաշտպանությունն ստանձնածներն իրենց հաշիվ տալի՞ս են, որ փաստացի եղբայրասպան եւ հայրենակործան պատերազմի քարոզչություն են անում: Հասկանո՞ւմ են, որ եթե ժողովուրդը խելագարվեր եւ անսար «Սասնա ծռերի» կոչին, ապա Երեւանում մե՜ծ արյուն էր հեղվելու, երկիրը գլորվելու էր քաղաքացիական դիմակայության անդունդը: Ցավոք, գործ ունենք կոլեկտիվ անմեղսունակության հետ: Եվ անգամ այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ «ապստամբներն» այլ նպատակ ու շահ չեն ունեցել, քան հասնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությանը, դարձյալ գտնվում են մարդիկ, որ «տղերքին» գրեթե հերոսացնում են: Բարեկամներս տարակուսում են, թե ինչու եմ «թշնամիներ վաստակում», միեւնույն է՝ «իշխանությունը չի գնահատի»: Ասեմ՝ սկզբունքի հարց է: Եվ՝ արժանապատվության: Ես դեմ եմ զենքով ներքաղաքական խնդիրների լուծմանը: Եվ գիտեմ՝ եթե Աստված չտա, մի օր «տղերքը» հասնեն իշխանության, առաջիններից մեկը ես եմ կանգնելու «գնդակահարության պատի տակ»: Ես արժանապատվությունից ցածր կհամարեմ ապրել մի երկրում, որտեղ «հրացանավոր մարդու» իշխանություն է: Կարդում եմ «տղերքի» անունից հրապարակվող նյութերը եւ ապշում՝ ա՞յս խելքով են նրանք երկիր կառավարելու, ա՞յս մակարդակով են հարաբերվելու աշխարհի հետ: «Սարերի քամի…» երգի՞ մակարդակով, թե՞ «Զարկեց ճակտին, փռեց գետնին»-ի… Սկզբունքի եւ արժանապատվության հարց է, այո: Ես չեմ ուզում խաբված լինել: Առավել եւս՝ միանալ ժողովրդին ցինիկաբար խաբողներին: Ժողովրդի հետ խոսելիս՝ միայն եւ միայն ճշմարտություն: Ժողովրդի մասին մտածելիս՝ միայն եւ միայն պրագմատիկ հաշվարկ: Չոր: Դաժան: Նույնիսկ մերկանտիլ՝ վատագույնը բացառելու եւ երկու վատից հնարավորինս ոչ ցավալին ընտրելու միջոցով:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ