Կուսակցության որոշմանը սպասելիս

Կուսակցության որոշմանը սպասելիս

Օգոստոսի 14-ից սկսվել է Հայաստանի 5 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների առաջադրումը: Սեպտեմբերի 18-ին ընտրություններ տեղի կունենան 316 համայնքներում: Թեկնածուները 5 օր ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու համար՝ մինչեւ օգոստոսի 19-ը: Գրանցումը կիրականացվի օգոստոսի 19-24-ն ընկած ժամանակահատվածում: 5 մարզերի 316 համայնքներից 22-ում քաղաքապետեր եւ գյուղապետեր կընտրվեն՝ Գորիսում, Մեղրիում, Մասիսում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Աշտարակում, Ապարանում, Բերդում եւ այլ համայնքներում: Գրեթե նույնքան համայնքներում էլ ՏԻՄ ընտրություններ կլինեն հոկտեմբերի 2-ին, քաղաքապետեր կընտրվեն Գյումրիում եւ Վանաձորում, Սիսիանում, Արթիկում, Մարտունիում, Սեւանում։ Համայնքային այս ընտրությունների նշանակությունը մեծացել է, առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, իսկ իշխանությունը ծրագրել է էս գլխից տեղերում ամրապնդել դիրքերը, հրաժարվել է «վարկաբեկված» որոշ նախկին կադրերից, նոր մարդկանց է խաղի մեջ մտցրել, մինչդեռ ընդդիմադիրներից ոչ բոլորն են ակտիվ։



Ամենամեծ ինտրիգը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ էր կապվում, բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչպես կարձագանքի ՀՀԿ-ն տխրահռչակ որդուն Գորիսի քաղաքապետ դարձնելու Խաչատրյանի նվիրական երազանքին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետին կատեգորիկ մերժել են, մերժել են նաեւ Լիսկայի առաջ քաշած «այլընտրանքային» տարբերակը՝ հորեղբորորդու՝ «Որոտան-Կասկադի» տնօրեն Սասուն Խաչատրյանի թեկնածությունը։ Կառաջադրվի գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, որը 2014-ին է ընտրվել քաղաքապետ, բայց համայնքների խոշորացման ծրագրի գործարկումից հետո ընտրության անհրաժեշտություն է առաջ եկել։ Ինքը՝ Ադունցը, վերջնական որոշում չունի։ «Ես երկու տարի է՝ աշխատում եմ, այդքան շուտ չեմ կարող հրաժարվել»,- միեւնույն ժամանակ վախվորած հայտնում է քաղաքապետը, իսկ կուսակցության որոշման մասին կիմանանք երկու օր հետո. «Ես գտնում եմ, որ կստանամ կուսակցության աջակցությունը»: Կապանում էլ ավելի թեժ կլինի։ Հոկտեմբերի 2-ին իրար դեմ կպայքարեն նախկին եւ ներկա քաղաքապետերը, ինչպես նաեւ այլ թեկնածուներ։ ՀՀԿ-ն նորից կառաջադրի գործողի՝ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը, որն «Էրեբունի» ԲԿ-ի հայտնի սրտաբան Հայրապետյանի եղբայրն է, բայց, միեւնույն ժամանակ՝ Սուրիկ Խաչատրյանի կատարածուն: Կառաջադրվի նաեւ Կապանի նախկին դաշնակցական քաղաքապետ Արտուր Աթայանը: ԲՀԿ շրջանակներից էլ հայտնի է դարձել, որ իրենց թեկնածուն Արթուր Մարտիրոսյանն է՝ Կապանի ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահը, Կապանի զորամասի նախկին հրամանատարը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ