Ուզում եք՝ ձեռքի մեջ ձվածեղ արեք, անշնորհակալը շնորհակալ չի լինի

Ուզում եք՝ ձեռքի մեջ ձվածեղ արեք, անշնորհակալը շնորհակալ չի լինի

Երեկ կառավարության նիստը գաղտնի մաս չուներ, եւ թվում էր՝ նախարարներն անմիջապես կիջնեն լրագրողներին տեսնելու եւ ֆինանսական կարեւոր որոշումների, նախագծերի շուրջ խոսելու։ Իսկ այդպիսիք քիչ չէին։ Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության նպատակով բյուջեի վերաբաշխում, էկոլոգիական ծրագրերի դոնոր՝ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության համաձայնագրի կնքում, կառավարական 2-րդ մասնաշենքի օտարման արդյունքում Էռնեկյանից ստացած 4 մլն. դոլարը Երեւանի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցմանն ու այլ նպատակներին ուղղելու եւ այլ որոշումներ, առաջարկներ։ Սակայն ոչ մեկը չիջավ, բացառությամբ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից։ Նա էլ, սովորականի պես, միանգամից չհամաձայնեց խոսել։



Հերթ վարչապետի դռան առաջ



Մյուսները հերթ էին կանգնել վարչապետի դռան մոտ, ինչպես հաղորդեցին մեզ ներսից։ Ամեն նիստից հետո վարչապետի հետ հարց լուծողների հերթ է գոյանում նրա կամ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դռների մոտ։ Փաստորեն, մեր նախարարները նախընտրում են վարչապետի հետ առանձնազրույցներում իրենց հարցերը լուծել, մինչդեռ կառավարության նիստերի ժամանակ նրանք սովորաբար լուռումունջ են։ Խոսում են միայն զեկուցողները, իսկ մյուսները ոչ հարց են տալիս զեկուցողներին, ոչ առաջարկություն են հնչեցնում։ Միակ հարց տվողը կառավարության նիստին, որպես կանոն, վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երեկ նա «ֆինանսական բնույթի» հարց տվեց արդարադատության նախարարին։



Կարեւոր օրենքների մշակման համար նոր մարմին է ստեղծվում



Այսուհետ կարեւոր օրենքների մշակման համար առանձին կենտրոն է գործելու, Արփինե Հովհաննիսյանը բերել էր որոշում, «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ստեղծման մասին որոշում։ Նախկինում կառավարության մշակած օրենքներով, իրավական ակտերով զբաղվում էին նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումները։ Անգամ «կարգավորիչ Գիլյոտին» անունով մարմին կա՝ Արմեն Եղիազարյանի գլխավորությամբ, որն օրենսդրության պարզեցմաբ է զբաղվում։ Իսկ այժմ այս հիմնադրամն է այդ ողջ աշխատանքը կատարելու, նաև գիլյոտինի կարգավորման ազդեցության գնահատականն է տալու։ Սակայն գիլյոտինը գործում է, և դրա լուծարման մասին խոսակցություն  չկա։ Թեև, գուցե ավելի տրամաբանական կլիներ այս երկու օղակների միավորումը։  Երկու տարի այս մարմինը «գոյատեւելու» է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցներով։ Հովիկ Աբրահամյանը հարցրեց Արփինեին․ «Եթե երկու տարի հետո չֆինանսավորվի, ի՞նչ ենք անելու»։ Նա էլ պատասխանեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման եւ Քուվեյթի պետության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ պայմանավորվածություններն իրեն թույլ են տալիս պնդելու, որ հնարավորություն կլինի հետագայում եւս ֆինանսավորումն ապահովելու։ «Լավատեսությունս, կարծում եմ, հօդս չի ցնդի»,- համոզմունք հայտնեց Արփինե Հովհաննիսյանը։



Ազատ գոտի լինելու է, բայց երբ՝ հայտնի չէ



Արծվիկ Մինասյանը միակն էր նախարարներից, որ հեռանալիս մոտեցավ լրագրողներին։ Չէ, էլի իջնողներ եղան՝ ՄԻՊ-ն ու Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, վերջինս՝ լայն ժպիտով։ Բայց լրագրողները նրանց չմոտեցան։ ՄԻՊ Թաթոյանին՝ որովհետեւ նա վերջերս շատ է հարցազրույցներ տալիս, իսկ Եգանյանին՝ որովհետեւ, անկախ այս ծառայության լինել-չլինելուց, միգրանտների գործերը Ռուսաստանում չեն լավանում, մեր կառավարությունն էլ տուն չունեցող փախստականների համար բնակարանաշինության գումար չի հատկացնում։ Արծվիկ Մինասյանն իջավ եւ համաձայնեց խոսել Իրանի հետ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրից։ Պայմանավորվածությունն այս մասին ձեռք է բերվել դեռ 2012 թվականին՝ ԵՏ հանձնաժողովի հետ, եւ արդեն 4 տարի անընդհատ լսում ենք, որ կառավարությունն այս ուղղությամբ աշխատում է, բայց առայժմ Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ունենալու նախագիծը համաձայնեցումների փուլում է։ Աբսուրդ նախագիծ մի բանի վերաբերյալ, որը մենք վաղուց ունենք։ Հայաստանի հետ Իրանն ազատ առեւտրի գոտի է բացել դեռեւս 1993 թվականին, որից հետո այս երկրի հետ մեր առեւտրաշրջանառությունը կտրուկ աճեց, եւ Հայաստանում շաքարավազը, այլ ապրանքատեսակները, որոնք բերվում էին Իրանից, միանգամից էժանացան։ Հիմա անհասկանալի է, թե ինչու ենք բացում մի բան, որն արդեն ունենք, կամ ինչ եղավ այն հին համաձայնագրերի հետ՝ ոչ ոք այս մասին չի խոսում։ Ազատ առեւտրի գոտին ԵՏՄ անդամ Հայաստանի համար կարող է նշանակել մի բան՝ անմաքս առեւտուր Իրանի հետ, բայց մեր մաքսային քաղաքականության իմաստով մենք այլեւս անկախ չենք, քանի որ ԵՏՄ անդամ ենք։ «Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձեւավորումը հնարավորություն կտա, հատկապես սահմանային հատվածի վրա, ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման լավ հարթակ ստեղծել թե Իրան-Եվրասիական տնտեսական միություն, եւ թե նաեւ այստեղ արտադրված ապրանքը, օգտվելով այն առեւտրային ռեժիմներից, որ մենք ունենք Եվրոպայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի՝ որպես GSP համակարգի երկրներ, կարողանանք ավելի ընդլայնել արտադրությունն ու արտահանումը»,- երեկ ասաց էկոնոմիկայի նախարարը, բայց թե երբ է ազատ գոտին ստեղծվելու, նա չգիտի։



Սոցիալական աջակցության ծրագրե՞ր, թե՞ ընտրափաստարկ՝ հօգուտ ՀՀԿ-ի



Երեկվա նիստի «սոցիալական» նախագծերը ներկայացնում էր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Կառավարությունն իր ֆոնդից 15 մլն. դրամ կտրամադրի Էջմիածնի 7-րդ դպրոցին՝ պտտահողմից վնասված պատուհանների, դռների ու տանիքի վերանորոգման համար, եւ 20 մլն. դրամ՝ ֆուտբոլի մարզադաշտի եւ վազքուղու կառուցման համար: Իսկ Պարույր Սեւակ սահմանամերձ գյուղի մինչեւ 120 կվտ սպառած բնակիչները կազատվեն էլեկտրաէներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելուց։ Նրանց էլեկտրաէներգիայի վարձը հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կփոխհատուցի պետությունը՝ ՀՀ Տավուշի մարզին հատկացված գումարներից տնտեսումների հաշվին: Այս գյուղում, ինչպես նաեւ Էջմիածնում, սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավար են ընտրելու, եւ կառավարության այս լավություններն անմիջապես ընկալվում են որպես ընտրողներին կաշառելու ձեւ, լրացուցիչ նյութական փաստարկ՝ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուների։



40 տարվա գյուղապետը կրկին թեկնածություն է դրել



Պարույր Սեւակում գյուղապետի երկու թեկնածու կա՝ գործող գյուղապետ, 57թ․ ծնված Էդուարդ Ստեփանյանը եւ «ջահել», 32 տարեկան Երվանդ Ասատրյանը։ Էդուարդ Ստեփանյանը գյուղը կառավարում է մոտ 40 տարի։ Նա գյուղի հիմնադրման տարվանից՝ 1979 թվից, գյուղսովետի նախագահն է։ Անկուսակցական է, բայց ՀՀԿ-ական կառավարության արածը գնահատում է։ «Որպես սահմանամերձ գյուղ՝ անցած տարվանից յուրաքանչյուր տուն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ վարձավճարներից 5 հազար պակաս է տալիս»,- ասում է նա։ Սա քի՞չ է, թե՞ շատ գյուղացու համար։ Պատասխանում է․ «Արդեն ինչ-որ բան է»։ Իսկ գուցե այս ձեւով կառավարությունն ընտրակաշա՞ռք է տալիս սեւակցիներին, որ կրկին Ձեզ ընտրեն։ «Խնդիրն ինձ օգնելը չէ, այլ սահմանամերձ գյուղերը չդատարկելն է։ Ոռոգման ջրի վարձի կեսն ենք մուծում մենք։ Եթե անցած տարի մարդն իր հաշվարկն անելով կարողանում էր իր հողի կեսը մշակել միայն, հիմա մի քիչ էլ ավել հող է վարձակալում։ Անկախ նրանից, թե իշխանությունն ով կլինի, իմ կարծիքով, գյուղացին պետք է կարողանա ապրել սահմանամերձ գյուղում։ 10 տարում 190 հեկտար նոր այգի ենք տնկել։ Ամեն ինչ զեղչում են մեզ համար՝ կադաստրի հետ գործ ենք ունենում, մուծում ենք 50 տոկոս, ուսման վարձը 50 տոկոս պակաս են մուծում մեր երեխեքը։ Դա նպաստում է, որ մարդն իրեն ստեղ անտեսված չզգա»։ Չե՞ք կարծում, որ կառավարությունը պարտավոր է անել դա՝ շնորհակալությամբ եք ընդունում։ «Եկեք պայմանավորվենք այսպես։ Եթե որեւէ մեկին կառավարությունն ինչ-որ մի բանով օգնի, այն մարդը, որը շնորհակալ է, կընդունի դա շնորհակալությամբ։ Իսկ անշնորհակալը՝ ուզում եք ձեռքի մեջ ձվածեղ արեք-տվեք, շնորհակալ չի լինի»։ Պայմանավորվեցինք։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ