«Թեղուտն» անիմաստ ոչնչացրեց անտառը, աղտոտեց Շնող գետը

«Թեղուտն» անիմաստ ոչնչացրեց անտառը, աղտոտեց Շնող գետը

Լոռու մարզի Շնող գյուղում, որի տարածքում աշխատում է «Թեղուտ» հանքարդյունաբերության ձեռնարկությունը, դժգոհություն է հասունանում։ Գյուղացիները պատմում են, որ աշխատատեղեր են կրճատվել, ձեռնարկությունը մեծ եկամուտ չունի, եւ այն սպասելիքները, որ ունեին սկզբում, ակնհայտորեն չարդարացան։ Շնողի բնակիչներին անհանգստացնում է նաեւ իրենց հայրենի բնության արագ ոչնչացումը։ Բացի այն, որ անտառներն են անխնա կտրվել, աղտոտվել են նաեւ ջրերը։ Ձեռնարկության գործարկումից առաջ «Վալեքս գրուպ» ընկերությունից խոստանում էին, որ «Թեղուտի» պոչամբարը փակ ցիկլով է աշխատելու, սակայն գյուղացիները նկատել են, որ պոչամբարի թափոնաջրերը գիշերը լցվում են գետը, եւ ջուրը թունավոր է դառնում։ Այս տեղեկությունները հաստատվում են ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտությամբ։ Ըստ դրա, գետի ջրերում 2009 թվականի համեմատությամբ բարձրացել են Mn, Ni, Cu, Zn, As, Se, Mo, Pb տարրերի, սուլֆատ անիոնի տարեկան եւ ըստ ջրաբանական սեզոնների միջին կոնցենտրացիաները: «Գետաբերանի հատվածում գետի ջրերի ֆիզիկաքիմիական հատկություններն սկսել են վատանալ: Նվազել են ջրի թափանցելիությունը եւ ջրածնային ցուցիչի արժեքները, աճել են էլեկտրահաղորդականությունը եւ կախված մասնիկների կոնցենտրացիաների արժեքները: Գետաբերանում տեղի է ունեցել ջրային կենսաբազմազանության կտրուկ անկում»:



Մեր տեղեկությունները հաստատեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, որը պարբերաբար այցելում է Թեղուտի անտառներ։ Նա ասաց, որ իրենց հաջողվել է լուսանկարել, թե ինչպես են պոչամբարի նյութերը լցվում գետ։ «Ձեռնարկությունից մեզ պատասխանեցին, որ հորդառատ անձրեւի պատճառով վթար էր եղել։ Բայց մենք չենք հավատում, քանի որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է նման լուսանկարներ անել, մեզ ասում են, որ վթար է եղել»,- պատմում է բնապահպանը։ Նա եւս հաստատեց մեր տեղեկությունը, որ «Թեղուտի» գործերն այնքան էլ լավ չեն։ «Մենք եւս չճշտված տեղեկություններ ունենք, որ, ամենայն հավանականությամբ, Թեղուտի հանքավայրում հայտնաբերված պաշարներն սպասվածից ավելի քիչ են եղել, չեն համապատասխանել նախնական գնահատականներին, այդքան հարուստ չեն երակները։ Բացի դա, պղնձի գներն են իջել։ Վերջին 5 տարում միջազգային շուկայում, 8-8․5 հազար դոլարից մեկ տոննայի համար իջել են մինչեւ 4-45 հազար»։ Հնարավո՞ր է, որ եկամուտներն ավելացնելու համար ձեռնարկությունն արդյունահանման ծավալներն ավելացրել է։



«Բնապահպանական ճակատն այս մասին տեղեկություն չունի, բայց դա չի բացառվում։ Եվ հենց դա կարող է պատճառ լինել վթարային իրավիճակների, քանի որ այդ դեպքում պոչամբարն արագ է լցվում, եւ վթարային ավազանը չի դիմանում պոչաջրերի ծավալին»,- ասում է Լեւոն Գալստյանը։ «Թեղուտ» ձեռնարկությունը բնապահպաններին արգելում է ազատ դիտարկումներ կատարել անտառային զանգվածի ուսումնասիրության ուղղությամբ։ «Մենք ներս կարող ենք մտնել հատուկ համաձայնեցված ցուցակով, բայց այդ դեպքում իրենք իրենց մարշրուտով են մեզ տանում, եւ տեսնել, թե որքան է ոչնչացվել անտառը, ինչ վիճակում է, այս պայմաններում հնարավոր չէ։ Անտառի իրական ծավալները միայն տիեզերքից արված նկարներով են ֆիքսվում»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ