Երևանում ԱՄՆ պահանջով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. մեզ շատ բուռն արտաքին քաղաքական աշուն է սպասում

Երևանում ԱՄՆ պահանջով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. մեզ շատ բուռն արտաքին քաղաքական աշուն է սպասում

Այսօր կայծակի արագությամբ տարածվեց լուրը, որ նախօրեին ՀՀ իրավապահները Երևան Ժամանելուն պես ձերբակալել են ՌԴ մի քաղաքացու, ով ըստ ռուսական կողմի պնդումների՝ ՏՏ ոլորտի մասնագետ է: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միոնովը ձերբակալվել է ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ դիմումի համաձայն: Ամերիկյան կողմը նրան մեղադրում է փողերի լվացման և համացանցի միջոցով զենքի վաճառք իրականացնելու մեջ: Տեսնում ենք, որ մեղադրանքը խիստ ժամանակակից է, գործելաոճը՝ խիստ ամերիկյան:



Սերգեյ Միրոնովը, ըստ հաղորդումների, կնոջ հետ Երևան է ժամանել հանգստի նպատակով, ինչը քիչ ավանական է թվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսները, մանավանդ կանայք, նախընտրում են Թուրքիայի էժան լողափերը: Եվս մի կարևոր հանգամանք՝ Միրոնովը Երևան գալուց առաջ գործուղման է եղել ԱՄՆ-ում: Կարո՞ղ էին նրան Հենց ԱՄՆ-ում պատրաստել «հայաստանյան զբոսաշրջիկի» դերի համար: Իհարկե կարող էին: Նպատակը լիովին հասկանալի է՝ ստուգել հայ-ռուսական ստրատեգիական գործընկերության ամրությունը:



ՀՀ իշխանությունները, հավատարիմ իրենց միջազգային պարտավորություններին՝ ձերբակալել են կասկածյալին, և առաջիկա երկուշաբթի որոշվելու է ԱՄՆ-ին նրա արտահանձնման հարցը: Հայաստանում ՌԴ դեսպանատունը ուշիուշով հետևում է իրադարձություններին, Ռուսաստանը պատրաստվում է ատամներով պաշտպանել իր քաղաքացուն: Միրոնովի պաշտպանը թռչում է Երևան՝ արտահանձնումը թույլ չտալու համար: Երևանը դառնում է ռուս-ամերիկյան գզվռտոցի թատերաբեմ: Մեզ, ամենայն հավանականությամբ արտաքին քաղաքական շատ բուռն աշուն է սպասում:



Էդիկ Անդրեասյան