Ինչպես «հասնել եւ անցնել»

Ինչպես «հասնել եւ անցնել»

Այս խնդիրն իր առջեւ դրել էր խորհրդային առաջնորդ Խրուշչեւը, թիրախն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին: Քառրոդ դար հետո ԽՍՀՄ-ը վարկեր էր մուրում, իսկ մի հնգամյակ հետո փլուզվեց:
Այսօր «հասնելու եւ անցնելու» տեսլական Արա Պապյանն է առաջադրում: Իհարկե՝ ոչ ԱՄՆ-ին: Նրա հավակնությունների շեմն Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հավասարությունն է, որի «հիմքով կարելի է երաշխավորել խաղաղությունը»: Ցանկությունն ազնիվ է, նպատակը՝ վեհ: Բայց ինչպե՞ս հասնել եւ անցնել: «Հայաստանի իշխանությունը պիտի հրաժարական տա: Պիտի լինեն ընտրություններ՝ իսկապես արդար ընտրություններ, պիտի ձևավորվի իշխանություն, որի նկատմամբ ժողովուրդն ունի վստահություն, այդ վստահությունը պետք է փոխակերպել տնտեսական զարգացմամբ...» ,- ուրվագծում է քաղաքագետը:
Այստեղ պետք է մի պահ կանգ առնել: Եւ անցնել թվերի լեզվին: 1991-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության առաջին տարում, երկու երկրների ՀՆԱ-ն համապատասխանաբար կազմել է 2,069 եւ 8, 792մլրդ. ԱՄՆ դոլար: 1994-ին, զինադադարի հաստատման տարում՝ 1, 315 եւ 3, 314մլրդ.: 1998-ին, երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ՝ 1, 894 եւ 4,446 մլրդ.: 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին շրջանի վերջում՝ 2, 807եւ 7, 276մլրդ.: 2008-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 11,66 եւ 44,85մլրդ.: 2013 –ին՝ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետով պաշտոնավարման երկրորդ տարում՝ 10,43 եւ 73,56մլրդ.:
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը տնտեսությամբ միշտ մի քանի անգամ գերազանցել է Հայաստանին, իսկ վերջին տասնամյակում, նավթագազային խոշոր ծրագրերի գործարկման արդյունքում այդ տարբերությունը հօգուտ Ադրբեջանի գրեթե կրկնապատկվել է: Այսօր Ադրբեջանի ՀՆԱ-ն Հայաաստանի համապատասխան ցուցանիշը գերազանցում է …7 անգամ:
Կարելի է ամենատարբեր առաջարկություններ անել՝ կոռուպցիայի դեմ պայքար, հարկային ճկուն քաղաքականություն, բանկային համակարգի կատարելագործում եւ այլն: Դա տնտեսագետների իրավասության հարց է: Մի բան, սակայն, կարծես ակնհայտ է՝ նույնիսկ 1998-2008թ.թ., երբ Հայաստանի ՀՆԱ-ն պաշտոնական տվյալներով երկնիշ թվերով էր աճում, Ադրբեջանը տնտեսական հզորությամբ եռակի գերազանցում էր մեզ:
Վիճակագրությունն, ինչպես հայտնի է, համառ եւ անհերքելի իրողություն է: Ուստի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հավասարություն ստեղծելու նպատակը, քանի որ այն պետք է հիմնված լինի տնտեսության կտրուկ-թռիչքային զարգացման վրա, ինչի իրական հնարավորություն մենք, ցավոք, չունենք, մնում է զուտ ամբոխավարական կոչ:
Եւ, առհասարակ՝ ի՞նչ ասել է «երաշխավորել խաղաղություն», եթե խնդիրը մնում է չլուծված: Հասկացվում է այնպես, որ Ադրբեջանը չի հարձակվի, եթե Հայաստանը դառնա հավասար հզորության երկիր: Տրամաբանական է թվում, բայց ինչպե՞ս հասնել եւ անցնել: Ստացվում է հավի եւ ձվի կազուսի նման մի բան՝ խաղաղությու՞նն է տնտեսական զարգացման նախապայման, թե՞ տնտեսական զարգացմամբ է պայմանավորված խաղաղությունը: