Չի՞ ստում, արդյոք, Հայրիկյանը

Չի՞ ստում, արդյոք, Հայրիկյանը

ԱԻՄ-ը առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցի կամավորական սկզբունքով: Կուսակցության այն անդամները, ովքեր կցանկանան առաջադրվել աշնանը սպասվող ընտրություններին, նրանց ԱԻՄ-ը կաջակցի: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Վերջինիս խոսքերով՝ այս պահի դրությամբ 3 հոգի են ինքնաառաջադրվել 3 մարզերում:



«Հրապարակի» հարցին, թե ինչո՞ւ ԱԻՄ-ը չցանկացավ մասնակցել ընտրություններին, Հայրիկյանը պատասխանել է, որ դա բավականին կարևոր իրադարձություն է, որ կուսակցությունը որևէ համայնքում իր ղեկավար անդամն ունենա, բայց սահմանադրական այս փուլում իրենք նպատակահարմար չեն գտնում մասնակցել: Տիպիկ հայրիկյանական պատասխան՝ համայնքապետ ունենալը կարևոր է, բայց չենք ուզում ունենալ, որովհետև սահմանադրական «այս» փուլում ենք:



Ո՞ր փուլում, ի՞նչ է պատահել, գուցե ԱԻՄ-ին դրած խեղդո՞ւմ են, չե՞ն թողնում...



Չարժե նույնիսկ գլուխ ցավեցնել:



Շատ ավելի հետաքրքիր է Հայրիկյանի մյուս հայտարարությունը: Նա ասել է, որ 2015 թ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծումների հետ կապված դիմել է Եվրոպական դատարան:



Նրա այս հայտարարությունից իշխանության անտեղյակ ներկայացուցիչների լեղին ճաքել է երևի: Եվրոպական դատարան՝ բարձր է հնչում: Իսկ ես մի հարց ունեմ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչներին՝ ճի՞շտ է ասում, արդյոք, Հայրիկյանը, կամ նրա անունից հայց կա՞, արդյոք եվրադատարանում ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքների կապակցությամբ:



Խորհրդային Միության ժամանակներում մեկին վախեցնելու համար ասում էին՝ դատի կտամ: Դա վերջն էր: Հայրիկյանը հայտարարել է, որ արդեն դատի է տվել: Կա՞ Հայաստանում մի կոմպետենտ մարդ, որ լույս կսփռի քաղաքականության ասպարեզի մեր միակ դասականի այս հայտարարության վրա:



Էդիկ Անդրեասյան