Բալասանյանի՝ շքախմբով շրջայցը, որն «առանձնապես նախընտրական չէր» (ֆոտո, վիդեո)

Բալասանյանի՝ շքախմբով շրջայցը, որն «առանձնապես նախընտրական չէր» (ֆոտո, վիդեո)

Այսօր Գյումրիում շրջելիս պատահական հանդիպեցինք Գյումրու քաղաքապետ, հոկտեմբերին կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններում կրկին քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Սամվել Բալասանյանին։ Նա իր շքախմբով այցելել էր Գյումրիի «Բարաքներ» կոչվող թաղամասը՝ շրջայցի։ Համենայնդեպս, մեզ այդպես ներկայացրին, որ քաղաքապետն իր հերթական աշխատանքային շրջայցն է կատարում։ Թաղամասերից մեկի անկյունում շարված էին Բալասանյանի եւ նրա ուղեկիցների ջիպերը։ Շրջայցն էլ ընթանում էր համապատասխան ջիպատերերով շրջապատված։



Բայց քանի որ նախընտրական շրջան է, գործող քաղաքապետի այս անմեղ շրջայցն իր տեսակով ավելի շատ քարոզարշավ էր հիշեցնում։ Թեպետ նկատենք, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախատեսված է սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, անգամ թեկնածուների գրանցումը դեռ չի ավարտվել։ Բայց արդեն հայտնի է, որ Գյումրիում տասը կուսակցություն եւ մեկ դաշինք է մասնակցելու ընտրություններին։ Այդ մեկ դաշինքը «Բալասանյան դաշինքն է». քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր գլխավորած դաշինքը կնքել է իր իսկ անունով՝ Բալասանյան դաշինք։ Իսկ նրա հետ դաշնակցողն էլ ցուցակում ոչ թե իշխող կուսակցությունն է՝ «Հանրապետականը», այլ ՀՀԿ-ի կազմում խորհրդարան ներթափանցած երկու ուժ՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունն» ու Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը։ Նրանց մի քանի անդամներ հանդես կգան «Բալասանյան դաշինքի» ցուցակում։



Երբ Բալասանյանին հանդիպեցինք, նա Գյումրու մի քանի հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ իր շուրջը հավաքված սակավաթիվ մարդկանց ներկայացնում էր տվյալ տարածքում իրականացրած աշխատանքները, թե ում տանիքն են սարքել, որտեղ են ջրի խնդիր լուծել եւ այլն։ Հավաքվածներից մեկ-երկու կին էլ հաճախակի միջամտում եւ դրվատանքի ու գոհունակության խոսքեր էին ասում Բալասանյանին, հատկապես գովում էին Սահակյան Մխիթարին, որը Գյումրու ավագանու անդամ է եւ Բալասանյանի թիմակիցը։ Բալասանյանն էլ հորդորում էր ամեն մեկի խոսքին չհավատալ, որովհետեւ «հիմա ամեն մեկը ինչ ըսես կխոսի, բայց Մխոն է, որ գործ կենե էս քաղաքում»։



Որոշեցինք մի քանի հարց ուղղել պարոն Բալասանյանին՝ նախ ճշտելով, թե սա արդյոք նախընտրական հանդիպու՞մ է։ «Չէ, չկա, նախընտրական չկա»,-ասաց նա ու շարունակեց. «Ուրեմն Ձեզ ասեմ. նախընտրականն սկսվում է սեպտեմբերի 9-ից, հիմա սովորական, ընթացիկ աշխատանքներն են, եկել եմ շրջայցի եւ հիմա բնակիչների հետ նաեւ դուրս եմ եկել, հանդիպում եմ, առանձնապես նախընտրական որեւէ բան չկա, սա իմ ընթացիկ աշխատանքներն են»։



Սամվել Բալասանյանի հետ հարցազրույցն ու մյուս մանրամասները՝ «Հրապարակի» վաղվա համարում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ