«Բալասանյան դաշինքը» շրջայց է կատարում Գյումրիում

«Բալասանյան դաշինքը» շրջայց է կատարում Գյումրիում

Երեկ Գյումրիում շրջելիս պատահական հանդիպեցինք Գյումրու քաղաքապետ, հոկտեմբերին կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններում կրկին քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Սամվել Բալասանյանին։ Նա իր շքախմբով այցելել էր Գյումրիի «Բարաքներ» կոչվող թաղամասը՝ շրջայցի։ Համենայնդեպս, մեզ այդպես ներկայացրին, որ քաղաքապետն իր հերթական աշխատանքային շրջայցն է կատարում։ Թաղամասերից մեկի անկյունում շարված էին Բալասանյանի եւ նրա ուղեկիցների ջիպերը։ Շրջայցն էլ ընթանում էր համապատասխան ջիպատերերով շրջապատված։



Բայց քանի որ նախընտրական շրջան է, գործող քաղաքապետի այս անմեղ շրջայցն իր տեսակով ավելի շատ քարոզարշավ էր հիշեցնում։ Թեպետ նկատենք, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախատեսված է սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, անգամ թեկնածուների գրանցումը դեռ չի ավարտվել։ Բայց արդեն հայտնի է, որ Գյումրիում տասը կուսակցություն եւ մեկ դաշինք են մասնակցելու ընտրություններին։ Այդ մեկ դաշինքը «Բալասանյան դաշինքն է». քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր գլխավորած դաշինքը կնքել է իր իսկ անունով։ Իսկ նրա հետ դաշնակցողն էլ ցուցակում ոչ թե իշխող կուսակցությունն է՝ Հանրապետականը, այլ ՀՀԿ-ի կազմում խորհրդարան ներթափանցած երկու ուժ՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» եւ Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունները։ Նրանց մի քանի անդամներ հանդես կգան «Բալասանյան դաշինքի» ցուցակում։



Եվ երեկ նա Գյումրու մի քանի հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ իր շուրջը հավաքված սակավաթիվ մարդկանց ներկայացնում էր տվյալ տարածքում իրականացրած աշխատանքները, թե ում տանիքն են սարքել, որտեղ են ջրի խնդիր լուծել եւ այլն։ Հավաքվածներից մեկ-երկու կին էլ հաճախակի միջամտում եւ դրվատանքի ու գոհունակության խոսքեր էին ասում Բալասանյանին, հատկապես գովում էին Սահակյան Մխիթարին, որը Գյումրու ավագանու անդամ է եւ Բալասանյանի թիմակիցը։ Բալասանյանն էլ հորդորում էր ամեն մեկի խոսքին չհավատալ, որովհետեւ «հիմա ամեն մեկն ինչ ըսես կխոսի, բայց Մխոն է, որ գործ կենե էս քաղաքում»։



Որոշեցինք մի քանի հարց ուղղել պարոն Բալասանյանին՝ նախ ճշտելով, թե սա արդյո՞ք նախընտրական հանդիպում է։ «Չէ, չկա, նախընտրական չկա»,-ասաց նա եւ առաջարկեց հովին կանգնել ու զրուցել բոլոր լրագրողների հետ։ Մինչ այդ, սակայն, տեղի լրատվամիջոցները, որոնց մեջ, սակայն, չկար ԳԱԼԱ-ն (որի համանուն կուսակցությունը եւս թեկնածուների թվում է), հետաքրքրվեցին, թե ինչ կարգով է վերականգնվելու ինչ-որ ճանապարհ, մեկ ուրիշն էլ հարցրեց կտուրների վիճակից, եւ այլ «տեղական» հարցեր հնչեցին։ Բալասանյանն էլ իր հերթին ճոխ-ճոխ պատասխանեց, թե ինչեր են արել փողոցների ասֆալտապատման, տանիքների վերանորոգման եւ այլ հարցերում։ «Էնպես որ, շատ լավ է, տեսնում եք՝ բնակիչները գոհ են, 1926 թ. երկրաշարժից հետո են կառուցվել էդ շենքերը, եւ հիմա մենք փոքր գումարով կարողացանք նման մեծ աշխատանք կատարել, կապիտալ վերանորոգել էդ կտուրները»։



Մեր դիտարկմանը, թե այժմ նախընտրական շրջան է, ինքն ինչպե՞ս է պատրաստվում մտնել պայքարի մեջ, Գյումրու քաղաքապետն ասաց. «Ուրեմն Ձեզ ասեմ. նախընտրականն սկսվում է սեպտեմբերի 9-ից, հիմա սովորական, ընթացիկ աշխատանքներն են, եկել եմ շրջայցի եւ հիմա բնակիչների հետ նաեւ դուրս եմ եկել, հանդիպում եմ, առանձնապես նախընտրական որեւէ բան չկա, սա իմ ընթացիկ աշխատանքներն են»։



- Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։



- Շանսերը գնահատելու են, այ, էս բնակիչները։ Եթե վստահության քվեն տվեցին «Բալասանյան դաշինքին», ուրեմն նորմալ է, շանսերը լավ են, եթե չտվեցին, ուրիշին տվեցին, կասենք՝ շատ լավ է, ուրիշ է։ Քարոզարշավը դեռ չսկսված՝ այսպիսին է իմ տրամաբանությունը։



- Ձեր օպոնենտներն ասում են, որ քաղաքի բյուջեն արդյունավետ չի ծախսվում, հիմնականում կարուսելների ու նման բաների վրա է ծախսվում։



- Թող ներկայացնեն անարդյունավետությունը, եթե կան անարդյունավետ ծախսեր, թող համապատասխան մարմիններին դիմեն, թող գան-ուսումնասիրեն։



- ՀՀԿ-ի, որն աջակցում է Ձեզ, ոչ բոլոր անդամներն են, որ Ձեր կողքին են, ոմանք, թեկուզ ոչ բացահայտ, բայց հակառակ Ձեզ են աշխատում։



- Հիմա ես իմ թիմով եմ աշխատում, իմ թիմակիցներն էստեղ կանգնած են, դա համապատասխան տվյալ տարածքի ավագանին է՝ Մխիթար Սահակյանը, որն այստեղ լուրջ աշխատանք է ծավալում։



- Ավագանու միայն մե՞կ անդամ։



- Էդ մի անդամը՝ էս թաղամասի հետ կապված, որովհետեւ նա է եկել-ներկայացրել համապատասխան դիմումները, եւ ես էդ դիմումներով կատարել եմ աշխատանքներ։



- Եթե Հանրապետականը, այդուհանդերձ, Ձեզ լիարժեք չաջակցի, Դուք հաղթելու ի՞նչ շանսեր կունենաք։



- Ես ասեմ, էսօր կուսակցական չէ էս պայքարը, քաղաքապետի պայքար է, հասկանո՞ւմ եք, անձի պայքար է։ Անձի պայքարի ժամանակ եթե չի վստահում, ուրեմն չի վստահում, հասկանո՞ւմ եք։ Ուրիշին է ձայն տալու՝ ուրիշին թող տա, ուրիշը թող գա ղեկավարի, եթե ես լավ չեմ ղեկավարում։ Դա ժողովրդի ընտրությունն է, իդեալական, արդար, թափանցիկ ընտրություն ենք անցկացնելու։



ՀԳ. Տարօրինակ է, որ Սամվել Բալասանյանն ասում է, թե սա անձի պայքար է, այլ ոչ թե կուսակցության։ Գուցե իր մասով նա ճիշտ է, քանզի ՀՀԿ-ն հրաժարվեց կուսակցական ցուցակից եւ անձին առաջ քաշեց, բայց Գյումրիում եւ Վանաձորում ընտրությունները մյուս համայնքներից կտարբերվեն նրանով, որ ժողովուրդը, համաձայն նոր Ընտրական օրենսգրքի, այս երկու քաղաքներում կուսակցական ցուցակներին է ձայն տալու, ոչ թե անձերի։ Ստացվում է՝ իշխանությունը փոխեց ընտրական մոդելը, բայց ոչ լոգիկան։ Մարդիկ էլի ձայն են տալու այս կամ այն անձին, քանզի կուսակցությունները վարկաբեկված են։ Ու քանի որ ՀՀԿ-ն էլ դարձել է ընդդիմադիր գյումրեցիների աչքի փուշը, նրանք նորից «ստավկան» դրել են անձերի վրա։ Ստացվում է, որ Բալասանյանը վեր է կանգնում իրեն սատարող կուսակցությունից եւ պատրաստվում է միանձնյա պայքարել։ Հատկապես, որ Գյումրիում ՀՀԿ-ի ազդեցիկ դեմքերից գրեթե աջակիցներ չունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ