Ջավախքն անտեսված է Հայաստանի իշխանությունների կողմից

Ջավախքն անտեսված է Հայաստանի իշխանությունների կողմից

Ջավախքն ու ջավախահայությունն անտեսված են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ջավախքն անտեսված է ոչ միայն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական, այլեւ ամենաանմեղ՝ մշակութային հարցերում։ Խոսքը ոչ թե հայ մշակույթը Վրաստանի հայաբնակ այդ տարածքում պահպանելու ուղղությամբ տարվող քաղաքականության մասին է, այլ ամենամյա հերթական մշակութային միջոցառումների։ Քաղաքականն անմեղ չէ, քաղաքականի համար ՀՀ իշխանությունները ոչ բավարար կամք ունեն, ոչ համարձակություն, ոչ թասիբ ու ցանկություն։ Այս ապիկար ու ապաշնորհ քաղաքականությունը, որ տանում են Հայաստանի իշխանությունները՝ որեւէ քաղաքականություն չտանելով Ջավախքի հարցում, խորը հիասթափություն է առաջացրել ջավախքցիների շրջանում։ «Սերժ Սարգսյանն արդեն տասը տարի կլինի՝ նախագահ է, բայց մի անգամ Ջավախք ոտք դրած չունի»,-նեղսրտած նշում են Ջավախքում։ Իսկ ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյանը։ Ո՞ւր են Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, ո՞ւր են նախարարները, ո՞ւր է մեր դեսպանը, վերջապես։



Ամեն տարի հուլիսի վերջին շաբաթը Ջավախքի երկու տարբեր գյուղերում՝ Տերյանի ծննդավայր Գանձայում եւ Ջիվանու ծննդավայր Կարծախում, անցկացվում են տերյանական եւ Ջիվանու օրեր։ Այս տարի Ջիվանու տոնն անցկացվեց մեկ ամիս ուշ՝ օգոստոսի 27-ին, քանզի սպասում էին Ջիվանու տուն-թանգարանի բացմանը։ Եվ երկուսի ժամանակ էլ Հայաստանից չափազանց խղճուկ ներկայացվածություն կար՝ Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնատար անձ գրեթե չկար։ Տերյանական օրվան միայն ՀՀԿ խմբակցության ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին նկատեցինք, իսկ Ջիվանու օրվան միայն մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էր ներկա։ Ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահը։ Բայց նրա ոչ գալուց բան հասկացանք, ոչ գնալուց։ Հրավեր էր ուղարկվել նաեւ սփյուռքի նախարարությանը, բայց ոչ ոք չէր ներկայացել։ Ասացին՝ փող չունենք։
Ջիվանու օրը, ի տարբերություն Տերյանական օրվա, այս տարի համեմատաբար ավելի աշխույժ եւ ներկայանալի անցավ։ Գանձայում մի քանի ստանդարտ ելույթներից, հարակից գյուղերի պարային խմբերի համարներից բացի ուրիշ բան չկար։ Նորմալ ճառ ասող էլ չկար։ Առհասարակ, տարեցտարի մարդկանց մեջ մարում են այն էնտուզիազմն ու ոգին, որ թեւածում էին Ջավախքում այս տոների ժամանակ։ Ե՛վ մարդկանց հոսքն է քչացել, ե՛ւ աշխուժությունն ու տոնական տրամադրությունն են պակասել։ Տերյանական կամ Ջիվանու օրերը վերածվել են ավելի շատ տոնավաճառի ու քյանդրբազության։ Մարդիկ թուրքական ապրանքներ՝ հիմնականում խաղալիքներ ու հուշանվերներ են բերում-խոտերին փռում-վաճառում, որ երկու կոպեկ փող աշխատեն։ Քյանդրբազներն ու յալանչիներն էլ (լարախաղացներն ու փող հավաքող ծաղրածուները) իրենց հերթին են այս օրերն օգտագործում՝ մի քանի կոպեկ վաստակելու համար։ Գումարած մի քանի պաթետիկ ելույթ բեմից, վերջում էլ տնական հյուրասիրություն՝ Ջիվանու կամ Տերյանի կենացը հոտնկայս խմելով, եւ վերջ, այսքանով ամփոփվում են օրվա մշակութային խորհուրդն ու արժեքը։
Հետո էլ ասում են՝ հայապահպանությանը զարկ տան, հայկական մշակույթը զարգացնեն Ջավախքում, լեզուն պահպանեն։ Ո՞վ պետք է դա անի։ Ջավախքցի՞ն, որը ենթարկվում է վրացականացման ամենատարբեր ճնշումներին, իսկ թիկունքում Հայաստան պետության անտարբերությունն է այդ ամենի նկատմամբ։ Ջավախքցին էլի պայքարում է, թեպետ նրանց մոտ էլ է շատ բան կոտրվել, այսօրվա ջավախքցին էլ առաջվանը չէ։ Բայց մեր իշխանությունները բառի բուն իմաստով թքած ունեն թե՛ Ջավախքի, թե՛ ջավախահայության վրա՝ նրանց խնդիրներով հանդերձ։



Դրա համար էլ Վրաստանի իշխանություններն առանց հիմնավոր պատճառաբանության Հայաստանի մոտ 10 քաղաքացիների՝ քաղաքական գործիչների (այդ թվում՝ պատգամավորներ), հասարակական, մշակութային գործիչների ու լրագրողների արգելել են Վրաստան մուտքը, իսկ մեր իշխանությունների հեչ պետքը չէ։ Ոչ ոք անգամ իրական պատճառը չգիտի։ Գուցե իսկապես վրացիները ճի՞շտ են արել, գուցե իսկապես այդ անձինք լուրջ վտա՞նգ են ներկայացնում Վրաստան պետության, վրաց ժողովրդի համար, գուցե նրանք սերիական մարդասպաններ, վտանգավոր հանցագործնե՞ր են, մահապարտ-ահաբեկիչներ կամ էլ, ով իմանա, տակից սեպարատ լուրջ քաղաքականություն են իրականացնում Վրաստանում ու Ջավախքում։ Գուցե նրանք նաեւ վտա՞նգ են ներկայացնում Հայաստանի եւ այստեղ ապրող հայերիս համար, եւ պետք է նրանց վտարել երկրից ու վրացիների նման արգելե՞լ մուտքը Հայաստան։ Բայց այս հարցերի պատասխանները մեր իշխանությունները չունեն։ 



Մեր մի քանի հարցից բաղկացած հարցմանը, որով հետաքրքրվել էինք՝ քանի՞ այդպիսի ՀՀ քաղաքացի կա, որոնց մուտքն արգելված է Վրաստան, ովքե՞ր են նրանք, ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն այս հարցի լուծման ուղղությամբ, արտգործնախարարությունից տվել էին չափազանց անպատասխանատու, վերացական ու փնթի մի պատասխան. «ՀՀ քաղաքացիների` Վրաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումներին եւ արգելքներին վերաբերող հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Խնդիրը կարգավորելու համար ոչ մի առիթ չի անտեսվում եւ մեր երկկողմ քննարկումների ժամանակ օրակարգային հարցերի թվին է պատկանում»։



Թեպետ՝ ինչի՞ վրա ենք զարմանում, առաջին անգամ չէ, որ մեր ԱԳՆ-ն նման անտարբեր եւ բանից անտեղյակ գործելաոճով է աչքի ընկնում կարեւոր հարցերում։
Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրինակ երեւույթներն են, որ խորը հիասթափություն եւ վրդովմունք են առաջացնում Ջավախքի մեր հայրենակիցների մոտ։ Ի վերջո, Ջավախքը քիչ բան չի արել Հայաստանի համար։ Արցախյան պատերազմի օրերին Ջավախքից ջոկատներ են մեկնել Ղարաբաղ ու զոհվել հանուն մեր ընդհանուր հայրենիքի։ Ջավախքն այսօր նաեւ սոցիալական ու քաղաքական լուրջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին եւ ՀՀ իշխանություններին։ Ի վերջո, Ջավախքը Դեմիրճյան, Տերյան, Հավասի ու Ջիվանի, Շառլ Ազնավուր է տվել մեզ՝ հայերիս։ Ի՞նչ անենք, որ Ջավախքի ծնունդ են նաեւ Արտաշես Գեղամյանը կամ Մերուժան Տեր-Գուլանյանը, ուրեմն դրա համար պետք է ջավախքցին պատժվի՞ ամբողջ կյանքում։



Ամփոփելով կարող ենք փաստել, որ գործող իշխանությունների օրոք հայ-վրացական միջպետական հարաբերություններն սկսվում են Հերմինե Նաղդալյանի միջխորհրդարանական սելֆիներով եւ ավարտվում Հովիկ Աբրահամյանի միջկառավարական կենացներով։ ԱԳՆ-ի պատասխանն էլ՝ «փեշքեշ»։ Այլ դիվանագիտություն, այլ պետական քաղաքականություն Վրաստանի հետ հարաբերություններում եւ Վրաստանում ապրող հայերի խնդիրների լուծման հարցում մեր իշխանությունների կողմից չկա, զրո է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ