Շատ աշխույժ քաղաքական աշուն է լինելու

Շատ աշխույժ քաղաքական աշուն է լինելու

ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը դեռեւս քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի։ Եթե ունենա, կտեղեկացնի։ Նա այժմ զբաղված է հետազոտական-վերլուծական գործունեությամբ։ «Առայժմ իմ գործունեությունը, որպես հետազոտական-վերլուծական կազմակերպության ղեկավար եւ հատկապես Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, խլում է իմ ամբողջ ժամանակը։ Մենք քաղաքական հետազոտության եւ վերլուծությունների մեջ ենք, եւ իմ այս գործունեությունը՝ որպես քաղաքական վերլուծաբանի, ինձ հնարավորություն է տալիս շատ ավելի լավ, խորքից տեսնել, հասկանալ Հայաստանում ընթացող գործընթացները։ Որեւէ առաջարկություն իմ՝ քաղաքական դաշտում ներգրավվելու, այս պահի դրությամբ չի եղել, ինքս էլ դրա մասին չեմ մտածել»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը։
- Որպես քաղաքական վերլուծաբան՝ ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը։
- Ես կարծում եմ, որ մենք ընտրությունների նախաշեմին ենք, եւ կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ վստահության լուրջ ճգնաժամ կա Հայաստանում, բոլոր ուժերի նկատմամբ։ Եվ բոլոր ուժերը խնդիր ունեն ավելի անկեղծ, ավելի սկզբունքային եւ երկրի զարգացմանը միտված մոտեցումներ ունենալու ու այդ մոտեցումների համար պայքարելու։ Ես կարծում եմ, որ շատ աշխույժ քաղաքական աշուն է լինելու, շատ աշխույժ, եւ կարծում եմ, որ այս նորաստեղծ կուսակցություններից բացի, մինչեւ աշնան վերջ էլի են ստեղծվելու քաղաքական դաշտում խմբավորումներ եւ վերախմբավորումներ։ Կարծում եմ նաեւ, որ եթե այս ընտրությունները եկող տարվա ապրիլ ամսին դարձան հնարավորություն Հայաստանը ճգնաժամային տնտեսական, քաղաքական եւ սոցիալական միտումներից դուրս բերելու համար, ուրեմն հույս կա, որ ինչ-որ բան կլավանա Հայաստանում։ Իսկ եթե ընտրարշավը վերածվեց հաշիվ մաքրելու, կեղտոտ PR-ի, իրար փչացնելու, իրար սեւացնելու, ցույց տալու, որ միայն մենք ենք լավը, մնացած բոլորը զիբիլ են, եթե այս մոտեցումների վրա կառուցվեց, մենք դրանից բացարձակապես ոչինչ չենք շահելու։
- Նորաստեղծ քաղաքական ուժերի մեջ Դուք տեսնո՞ւմ եք վստահության արժանի մեկին։
- Ես զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, որովհետեւ դա իմ խնդիրը չէ, ես դրանով չեմ զբաղվում։
- Իսկ ԲՀԿ-ի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ ի՞նչ կասեք։
- Ես չեմ պատասխանի այդ հարցին, որովհետեւ, անկախ ամեն ինչից, այդտեղ են աշխատում իմ ընկերները, եւ ես չեմ ուզում, որ իմ մասնակցությամբ, իմ խոսքով որեւէ ազդեցություն ունենամ քաղաքական գործընթացներին։ Ես խոսք եմ տվել, որ ներքաղաքական խնդիրներով չեմ զբաղվելու եւս չորս տարի։
- Իսկ եթե առաջարկ լինի որեւէ ուժի կողմից, կհամաձայնե՞ք։
- Առայժմ որեւէ մեկից առաջարկ չեմ ստացել, չեմ էլ մտածում այդ ուղղությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ