Արարողակարգից անդին

Արարողակարգից անդին

Սեպտեմբերի 2-ին, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման օրը, մենք ինչո՞ւ ենք այցելում Ստեփանակերտի հուշահամալիր, որը, ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների, կառուցվել է, եթե չեմ սխալվում, 1975թ.-ին: Ո՞վ է մտածել, որ Սումգայիթի զոհերի հուշաքարը պետք է տեղադրվեր նույն տեղում, այնտեղ հողին հանձնվեր ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը, իսկ ցեղասպանության 100-րդ տարելիցին կանգնեցվեր զանգակատուն: Ո՞ւմ ցանկությամբ է մինչ օրս վեր խոյանում Ստեփան Շահումյանի արձանը: Ինչո՞ւ է Ստեփանակերտի «Արցախ» թաղամասում կանգնեցվել Անատոլի Զինեւիչի կիսանդրին: Եթե Արցախ եկած զբոսաշրջիկը հարցնի՝ ո՞ւմ կիսանդրին է, պետք է մի երկար պատմություն անենք, որ նախկին խորհրդային գնդապետ Անատոլի Զինեւիչը… Եվ ի՞նչ կմտածի հյուրը: Միայն մի բան. «Արցախի պատերազմում Ռուսաստանն է օգնել, թե չէ հայերը չէին հաղթի»: Դա է անվերջ կրկնում Ադրբեջանի քարոզչությունը: Իսկ սեպտեմբերի 2-ին օտարերկրյա շատ հյուրեր անմռունչ ենթարկվում են արարողակարգին՝ կենտրոնական հրապարակից հետիոտն հասնում են հուշահամալիր, իրենց բաժին երկու մեխակն են դնում հուշարձանի պատվանդանին, լուռ կանգնում-հետեւում են պատվո պահակախմբի քայլերթին… Ի՞նչ են տանում նրանք իրենց հետ: Ի՞նչ տպավորություններ:



Երեւի՝ որ Արցախում առայսօր պետական տոներին այցելում են խորհրդային ժամանակներում կառուցված հուշահամալիր: 25-ամյա երկրի մայրաքաղաքում չկա ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ խորհրդանշող մի կառույց: Տոնից մի քանի օր առաջ մայրաքաղաքի գլխավոր փողոցները զարդարվում են եռագույն դրոշակներով, գծանշումները թարմացվում են, մի քանի շենքերի վրա ցուցապաստառներ են տեղադրվում, որ մնում են մինչեւ հաջորդ սեպտեմբերի 2-ը: Դրանցից մեկն այս պահին ուղիղ ինձ է նայում: Ստեփանակերտի համայնապատկերային լուսանկար, առաջին պլանում՝ Շահումյանի արձանը: Եվ գրություն. «Իմ գարուն քաղաք…»: Բանաստեղծութունը գրվել է երեւի ԼՂԻՄ կազմավորման 50-ամյակի առթիվ: Բնագրում այսպես է՝ Դու սիրուն քաղաք, դու գարուն քաղաք/ Իմ հայրենի Ստեփանակերտ… Այդ խոսքերով երգ կա: Ժամանակին՝ շատ տարածված: Բայց չէ՞ որ դա ԱՅՆ Ստեփանակերտի մասին է՝ մարզկենտրոնի: Այսօրվա Ստեփանակերտն անկախ Արցախի մայրաքաղաքն է: Եվ պետք է ունենա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ խորհրդանշան: …Ասում են՝ Ազատության արձանն ամերիկացիները նվեր են ստացել Մեծ Բրիտանիայից: Նախկին մետրոպոլիան այդպես է շնորհավորել նախկին հպատակների անկախությունը: Ոչ ոք մեզ նման նվեր չի անելու: Ինքներս գոնե պիտի կարողանանք Արցախի ինքնիշխան ներկան մաքրել խորհրդային ժամանակների ատրիբուտիկայից: Եվ փոխարենն ստեղծենք ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈԹՈՂ, որը մեզ ներշնչման, օտարներին պիտի պատկառանքի մղի: Որպես արարողակարգից անդին գոյող ինքնություն:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ