ԻՆՉՈ՞Վ է հիշվել Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

ԻՆՉՈ՞Վ է հիշվել Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Երեւանցիների հիշողության մեջ քաղաքապետերից յուրաքանչյուրը մի վառ արարքով կամ արտահայտությամբ է հիշվել: Վանո Սիրադեղյանը՝ նրանով, որ խանութների եւ սրճարանների տերերին ստիպեց լուսավորել եւ մաքրել իրենց պատկանող օբյեկտների հարակից տարածքը, նաեւ՝ գազանանոցի ու Մանկական երկաթուղու բացումով: Մինչեւ Վանոն, գազանանոցում սատկած վիճակ էր, այցելուներ չկային, եւ մի երկու այծ ու ոչխար էին արածում: Ալբերտ Բազեյանը հիշվել է Քոչարյանի հայտնի արտահայտությամբ՝ փողի վրա նստած, փող չեք կարողանում աշխատել:



Գագիկ Բեգլարյանը հիշվեց նրանով, որ բարեկարգեց Երեւանի բակերը, կարուսելներ ու խաղահրապարակներ կառուցեց: Մեր նոր վարչապետացու Կարեն Կարապետյանը, որը Երեւանի քաղաքապետ է եղել 2010-2011 թվականներին, հիշվեց նրանով, որ լվաց քաղաքի կենտրոնի շենքերը, դրանք գույնզգույն ներկեց: Նա շատ էր ուզում Երեւանի կենտրոնը, որտեղ շատ հյուրանոցներ կան, հրապուրիչ դարձնել զբոսաշրջիկների համար, եւ շենքերի լվացումը հենց տուրիզմի զարգացմանը միտված քայլերից էր: Այդ օրերին ծայրամասերի բնակիչները նայում ու նախանձում էին, ասելով. «Պրոսպեկտի շենքերը լպստելու փոխարեն թող ծայրամասերում ասֆալտ գցի»: Բայց ծայրամասերի ասֆալտով հետագայում զբաղվեց Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանը «թիթիզ» ու գլամուրոտ քաղաքապետ էր: Նա քաղաքապետ դառնալուց մի երկու ամիս անց, մարտի մեկին, երբ քաղաքը սգում էր 2008 թվականի զոհերի հիշատակի առթիվ, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ համաձայնագիր ստորագրեց, որով ներդրումներ էին նախատեսվում զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման համար:



Խոսքը նաեւ Դալմայի այգիների տարածքում համանուն առեւտրի կենտրոնի շինարարության մասին էր: Դալմայի այգիները կտրեցին ու գերեզմանի վրա գրեցին. «Դալմա մոլ»: Այդ նույն օրը նախագահականի մոտ բնապահպանները բողոքի ակցիա էին անում ընդդեմ այգիների ոչնչացման, եւ մարդկանց սուտ խոստում տվեցին, որ քաղաքապետը հարցը կլուծի: Կարեն Կարապետյանը հիշվել է նաեւ մետրոյի ժետոնը 50-ից 100 դրամ դարձնելով, Վերնիսաժի բարեկարգմամբ: Այդ աշխատանքներից հետո որոշ փոսեր վերացան, բայց կարճ ժամանակ անց կրկին հայտնվեցին: Վատ չէր լինի, եթե հիմա Կարեն Կարապետյանը, արդեն որպես վարչապետ, մի անգամ եւս բարեկարգեր Վերնիսաժը, որովհետեւ այն, ինչ այնտեղ արվել է, ավելի շուտ չարեկարգում կարելի է անվանել: Վերջին նորոգումից հետո քաղաքի սրտում գտնվող այս տարածքն արեւելյան բազար է հիշեցնում, միայն բանջարեղեն վաճառողներն են պակասում: Փողոցային առեւտուրը վերացնել փորձել են բոլոր քաղաքապետերը:



Բայց Կարեն Կարապետյանի օրոք էր, որ առեւտրականների հետ դաժան մարտերի արդյունքում քաղաքային իշխանությունները հաղթանակ արձանագրեցին: Առեւտրականները՝ կանաչի եւ միրգ վաճառողները, չքվեցին փողոցներից եւ իրենց գործունեությունն սկսեցին իրականացնել շենքերի մուտքերում ու «դալաններում»: Անձեռնմխելի մնաց Թոխմախի Մհերի տարածքը՝ կայարանամերձ հրապարակը, որտեղ Էրեբունու ոստիկանությունը շարունակում էր հսկել իրենց գումար բերող մանրավաճառների անդորրը: Կրպակներն ապամոնտաժվեցին, իսկ Հրազդանի կիրճում շքեղ ռեստորաններ կառուցվեցին, որոնց թվում՝ նաեւ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը, որտեղ սկսեցին իշխանական էլիտայի զավակների հարսանիքները նշվել: Կարեն Կարապետյանի ընտանիքին է պատկանում նաեւ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որը գազի ներտնային սպասարկումն է ապահովում։



Սա այն ընկերությունն է, որից շատ բողոքներ կան, որ ամեն ամիս ՀՀ քաղաքացիներից գումար է վերցնում ոչինչ չանելու համար: Այն 2014 թվականին կոնսորցիում ստեղծեց Լոռու, Շիրակի եւ Արմավիրի ջրամատակարար ընկերությունների հետ, կոնսորցիում ստեղծեց եւ ապահովում է մոտ 320 հազար բաժանորդի ջրամատակարարումը։ Այն պաշտոնապես ստեղծվել էր ջրամատակարարման համակարգը բարելավելու նպատակով, սակայն միավորման իրական պատճառը գերմանական KFW բանկից խոշոր վարկ ստանալն էր, ինչի համար ընկերություններից որեւէ մեկը չուներ բավարար կանոնադրական կապիտալ, եւ միայն միասին կարողացան փող վերցնել։ Կարեն Կարապետյանի հորն է պատկանում ռետինե խողովակների գործարանը:



Այդ խողովակներն օգտագործվում են գազամատակարարման համակարգում: «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրենը լավ բիզնեսմեն է, երեւի, գիտակցելով դա, ենթադրում էր, որ Երեւանի քաղաքապետը նրա ամենաբարձր պաշտոնն է լինելու Հայաստանում․ այս մասին նա բարձրաձայնել է իր հարցազրույցներից մեկում: Բայց սխալվեց: Հավանաբար, համեստ եւ կիրթ անձնավորություն լինելով, նա չէր պատկերացնում, որ, խոշոր բիզնեսմեն լինելով, կկարողանա հայտնվել վարչապետի աթոռին: Կարապետյանին հարազատ ռուսներն այստեղ ասում են. «Մի ասա «հոպ», քանի դեռ չես թռել փոսի վրայով»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ