Վանաձորում ժողովուրդը պատռում է թեկնածուների պաստառները

Վանաձորում ժողովուրդը պատռում է թեկնածուների պաստառները

Վանաձորում քարոզարշավի առաջին օրերին տարօրինակ երեւույթ է արձանագրվել՝ քաղաքի բնակիչները պոկում են թեկնածուների պաստառները, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ չեն հավատում ընտրություն ասվածին։ Այս տհաճ երեւույթի մասին մեզ ահազանգեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արամ Խաչատրյանը։ «Մեր պաստառների մի 10 տոկոսն է մնացել, բայց հանուն արդարության պետք է ասել, որ ոչ միայն մեր պաստառներն են պոկում, այլեւ բոլոր կուսակցությունների»,- ասաց նա։ Վանաձորցիները փչացնում են նաեւ ՀՀԿ-ի պաստառները։ 



«Վանաձորի նոր էջը» կարգախոսում մեկ տառի փոփոխություն են կատարում՝ «ջ»-ն դարձնում են «շ», ու ստացվում է լրիվ այլ բան։ Այս տհաճ երեւույթը կանխելու համար ՀՀԿ-ն նոր պաստառներ է փակցրել, որոնց վրա «էջը» բառում «Ջ»-ն մեծատառ է գրում, որ դժվար լինի «էջն» ավանակ դարձնել։ Դաժան պայքար է մեկնարկել քաղաքական ուժերի միջեւ՝ հրապարակների, զանգվածային հանդիպումների համար հարմարեցված տարածքների, նկար փակցնելու համար։



«Համախմբման» առաջին համար Վահան Ղույումչյանը նույնիսկ ցուցակ էր կազմել, թե հրապարակները՝ «Հայքն» ու «Արցախը», որ օրն ում են տրված, եւ հայտարարություն էր տարածել թեկնածուների հավասարության սկզբունքը խախտելու մասին։ Քարոզարշավի հիմնական միջոցը հանդիպումներն են բնակիչների հետ։ Այդ հանդիպումների շնորհիվ, օրինակ, շատերը ծանոթացան «Լուսավորի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր՝ առաջին համար Քրիստ Մարուքյանի հետ։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն էլ երեկ մոտ երկու տասնյակ բակերում են եղել։ Առաջին համար Արամ Խաչատրյանն ասում է. «Ամեն շենքից մի 20-25 մարդ դուրս է գալիս մեզ հետ զրուցելու։ Մարդկանց հիմնական տրամադրությունը հիասթափությունն է»։
Տեղի հեռուստաընկերությունը՝ «Լոռի TV»-ն, նախընտրական հոլովակներ է պտտեցնում՝ բակային հանդիպումների կադրերով, եւ այդ հոլովակներում վանաձորցիներն ուրախ ու հիացական աչքերով նայում են թեկնածուներին։ Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն ասում է, որ աշխատել են հավասար պայմաններ ստեղծել ավագանու բոլոր թեկնածուների համար։ «Երեւանից են մարդիկ գալիս, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանն էր եկել ու էլի է գալու։



ՏԻՄ ընտրություններն այս նոր ձեւով շատ նման են ԱԺ համամասնական ընտրություներին։ Վաղվանից կլինեն բանավեճեր, բայց «զույգավորելու» խնդիրը լուրջ է ասում է նա։- Սովորաբար իշխանական կուսակցությունները խուսափում են մասնակցել բանավեճերի, եւ մենք այնպիսի ֆորմատ ենք ընտրել, որ մարդիկ մենակ չգան, այլ երեքական մասնակից լինի յուրաքանչյուր կողմից»։ Երեւի՝ «ընկերովի մահը հարսանիք է» սկզբունքով։ Ըստ Նարինե Ավետիսյանի, հեռուստատեսային ակտիվություն են ցուցաբերում «Համախմբումը», «Լուսավորը» եւ ՀՀԿ-ն։ Մասնակի ակտիվ են «ՔՊ-ն» եւ ՀԱԿ-ը։



Մի բան լավ է, որ նախընտրական քարոզարշավի այս փուլում թեկնածուներն ու կուսակցությունները քարոզչությունն իրականացնում են հիմնականում տեղական լրատվամիջոցներով, եւ այդ իսկ պատճառով Գյումրու եւ Վանաձորի ԶԼՄ-ներում որոշակի աշխուժություն է նկատվում, նաեւ, ինչու ոչ, մարզային լրատվամիջոցների ֆինանսական վիճակը բարելավելու օրինական հնարավորություն։




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ