Ինքը կար, բայց բավարար չէր. Հասմիկ Պողոսյան

Ինքը կար, բայց բավարար չէր. Հասմիկ Պողոսյան

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նոր վարչապետի վարած նիստին ներկայացավ ոչ թե արված, այլ կատարվելիք աշխատանքների մասին ծավալուն ելույթով։ Նա կառավարություն հաստատմանն էր բերել մի տխուր փաստաթուղթ՝ հուշարձանների պահպանության 2016-2020 թվականների գործողությունների ծրագիրը, ռազմավարությունը ու միջոցառումների ցանկը։ Նախարարն այն մանրամասն կարդաց, միջոցառում առ միջոցառում, բացատրելով ժամանակի պահանջները հուշարձանների պահպանության գործին, պատմելով, թե «հասարակության գիտակցութան նորացման» ինչ մեծ նշան են այդ նոր պահանջները։ Հասմիկ Պողոսյանն այնպես էր ներկայացնում հայեցակարգը, որ կարող էր թվալ, թե հուշարձանների պաշտպանության նման փայլուն ծրագրեր ունեցող երկրում ոչ մի անխնամ, ծիտը վրան ծռտած, կամ քանդված հուշարձան չի կարող լինել։



Երևի, վարչապետի գլուխը պտտվեց Պողոսյանի ելույթից։ Առաջին նիստն էր, և նա հաստատ այսպիսի փորձության չէր սպասում։ Բայց «ինտելիգենտ» անձնավորություն լինելով, Կարեն Կարապետյանն ընդամենը հարց հնչեցրեց․«Այս ընթացակարգերը, որ դուք թվարկեցիք, մինչ այդ գոյություն չունեի՞ն»։ Հասմիկ Պողոսյանը դրանից հետո էլ չանցավ «մարդկային» լեզվի։ «Քանի որ օրենքի ընդունումից հետո հակասություններ են առաջացել, հուշարձանների ոլորտը դարձել է այլ բան, եթե մենք առաջ խոսում էինք միայն պատմական հուշարձաններից, ապա հիմա այդ ոլորտը ընդգրկում է և բնական, և պատմամշակութային լանդշաֆտը։ Երեք անգամ է ընդունվել հուշարձանների պաշտպանության հայեցակարգ։ Երկու անգամ խորհրդային շրջանում և մեկ անգամ անկախ Հայաստանի շրջանում»։ «Ընթացակարգ կա՞ր, - կտրեց վարչապետը, - նոր ընթացակարգ ինչո՞ւ եք ընդունում։ Այս նյութը կարդալուց, տպավորություն է, որ այդ նորմատիվ դաշտը չկար»։ «Ինքը կար, բայց բավարար չէր», - պատասխանեց մշակույթի նախարարը` մոռանալով, որ «նորմատիվային դաշտը» չի շնչում, հետևապես, ոչ թե «ինքն» է, այլ «այն»։



Սյուզան Սիմոնյան