Հարկային նոր օրենսգրքի լույսն ու ստվերը՝ ըստ Նուշիկյանի

Հարկային նոր օրենսգրքի լույսն ու ստվերը՝ ըստ Նուշիկյանի

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է հարկային նոր օերնսգիրքը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը Hraparak.am-ին ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բավականին դրական փոփոխություններ են կատարվել։ Բայց կան նաև դժգոհություններ։



«Հիմնական դժգոհությունը վարչարարության հետ է կապված, որովհետև հարկային բեռի հետ կապված ոնց որ թե ընդհանուր եզրակացության եկել ենք, օրինակ՝ եկամտահարկի պահն է, ամորտիզացիայի հարցն է, որ առաջին ընթերցման ժամանակ 40 տարի էին ասում, հիմա մնաց 20 տարի, շենք-շինությունների մասին է խոսքը»,-ասաց պարոն Նուշիկյանը։



-Հարկային բեռի մասով ի՞նչ փոփոխություն եղավ, նվազեցվե՞ց։



-Ընդհանուր առմամբ՝ ոչ, բայց որոշակի խավի համար թեթևացվեց, որոշակի խավար՝ ոչ։ Ցածր աշխատավարձ ստացողների համար ավելի լավ պայմաններ ստեղծվեցին, 2 միլիոնից ավել ստացողների համար մնաց նույնը։ Իսկ տնտեսվարող սուբյեկտների համար մեծ հաշվով ոչինչ բան չփոխվեց։ ՓՄՁ-ների համար էլ 115 միլիոն շրջանառության հարկը իջեցվեց 40, բայց եկանք ընդհանուր հայտարարի, որ 60 միլիոն լինի։ Դե ՊԵԿ-ն էլ իր հիմնավորումներն ունի, որոնց չես կարողանում առարկել։



-ՓՄՁ-ների դեպքում ստվերի խնդիրը ինչպե՞ս են լուծելու, քանզի այդ ՀԴՄ-ները տնտեսվարողները կարողանում են շատ հաճախ «չխփել» և թաքցնել եկամուտները՝ ըստ այդմ նվազեցնելով շրջանառության ծավալը։



-Դա կախված է հարկային մարմինների արդյունավետ աշխատանքից։ Եթե Դուք տեսնում եք, որ թաքցնում են, հարկային տեսուչներն էլ են տեսնում։



-Հարկայինի աշխատողները սովորաբար կարող են թաքուն մտնել, մի հատ 100 դրամանոց կրակայրիչ գնել, վաճառողը ՀԴՄ չխփի, և փաստի վրա բռնեցնեն, տուգանեն։ Սա մի տեսակ տգեղ երևույթ չէ՞, արդյոք, և ի՞նչ եք կարծում, այդ ստվերի դեմ հնարավո՞ր չէ ավելի քաղաքակիրթ մեթոդներով պայքարել։



-Ճիշտ եք ասում, էդպիսի երևույթներ հաճախ են լինում, բայց դե, մյուս կողմից էլ, ինչպես ասում են՝ թացը չորի հետ է խառնվում․ կան լավ հարկային տեսուչներ՝ իրենց բարոյական կերպարով, կան վատը, որ իրենց առջև խնդիր է դրված լինում՝ ապահովել որոշակի մուտքեր, և իրենք, ամեն գնով՝ չխորշելով ոչ մի բանից, ամեն քայլի գնում են։ Դրա համար ժամանակ է պետք, դժվար հարց եք տալիս, դա այս ոլորտի բացասական կողմերից մեկն է։



-Ամեն դեպքում, երբ զրուցում ենք փոքր ու միջին տնտեսվարողների հետ, իրենք ասում են, որ այնպիսի պայմաններ են ստեղծված իրենց համար, որ հաճախ ստիպված են լինում ստվերում գործել, թաքցնել եկամուտները։



-Ձեր ասածի մեջ կա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմեր։ Այնպես չէ, որ մեր տնտեսվարողների գերակշիռ մասն աշխատում է օրենքի դաշտում։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ապահովված լինի հավասար դաշտ բոլորի համար, և բոլորն ունենան նորմալ շրջանառություն։ Մեր հարկադրույքները շատ նորմալ հարկադրույքներ են, որպեսզի հնարավոր լինի նորմալ աշխատել, տալ հարկերը և հանգիստ քնել, արժանանապատիվ ձևով ապրել, փող աշխատել։ Ուղղակի ամբողջ խնդիրը հենց դրանում է, որ այդ հավասար դաշտը պետք է կարողանանք ապահովել, որ փոքրը իր չափով կարողանա շրջանառություն ապահովել, մեծը՝ իր։ Բայց մեծը հիմա փոքրին կլանում է։



-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է նորմալ, երբ, օրինակ, 100 դրամի ՀԴՄ «չխփելու» համար հարկայինը տնտեսվարողին տուգանում է առաջին անգամ՝ 150 հազար դրամով, երկրորդ անգամ՝ 300 հազար, հետո կապարակնքում են խանութը, արդյունքում՝ պատճառելով հսկայական վնաս ընդամենը 100 դրամ թաքցնելու համար։ Այս «պատիժը» որքանո՞վ է համարժեք։



-Զարգացած երկրներրում շատ ավելի խիստ է, ուղղակի եթե այդ խստությունը դու մի կողմից պահանջում ես, մյուս կողմից էլ պետք է պայմաններ ստեղծես, տնտեսվարողը ստիպված չլինի գնալ խախտման։ Եվրոպայում, Ամերիկայում եթե դու փորձես հարկ թաքցնել, դու կարող ես ամեն ինչ կորցնել։ Իսկ համարժեք է, թե համարժեք չէ, դա այլ հարց է։ Մյուս կողմից, եթե օբյեկտիվ մոտեցում լինի՝ այո, դա դեռ մի բան էլ, կարելի է ասել, քիչ է։ Իսկ եթե սուբյեկտիվ է, ընտրողական մոտեցում է ցուցաբերվում, դա համարժեք չի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ