Գալուստ Սահակյանի «վերջին մոմենտն» ու հենց նոր ընդունված Հարկային օրենսգիրքը

Գալուստ Սահակյանի «վերջին մոմենտն» ու հենց նոր ընդունված Հարկային օրենսգիրքը

Ազգային ժողովն այսօր մի շարք նախագծեր քվեարկեց և ընդունեց։ Նախ քվեարկության դրվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին կողմ քվեարկվեց 89, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 17 ձեռնպահ պատգամավոր։



Այնուհետև քվեարկության դրվեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ դատարկ դահլիճում երեկ քննարկվել է այս նախագիծը, ինչը սխալ է, ապա նկատեց, որ ձևավորվել է նոր կառավարություն, սակայն ձեռագիրը չի տարբերվում հնից․ «Կանգնած ենք հին տաշտակի առջև»: Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:



Ռուբիկ Հակոբյանն էլ նշեց, որ կարծես թե իրենց պարտադրում են, որ այս նախագիծն անցկացնեն: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ նույնիսկ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ չեն ցանկանում կողմ քվեարկել այս նախագծին, սակայն նրանց հրաման է տրված կողմ քվեարկել։Հետևաբար, նա հորդորեց նման անփույթ տեսքով այս նախագիծը քվեարկության չդնել, քանզի, ըստ նրա, սա կվնասի առանց այն էլ 1-2 հատ մնացած ՓՄՁ-ներին:



Ընդդիմացողներին հակադարձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ առաջին ընթերցումից հետո պարբերաբար քննարկվել է այս նախագիծը, եղածի վրա բավականին լուրջ փոփոխություններ են եղել: «Այսօր վերջին մոմենտն է, երբ բազմաթիվ փոփոխություններ են եղել, այսօր մտածում են, որ դա ինչ-որ փոփոխություններ են, որոնք նոր են առաջացել։ Եղածի վրա բավականին լուրջ փոփոխություններ են առաջացել»,- իրեն հատուկ ոճով «վերջին մոմենտին» հակադարձեց Գալուստ Սահակյանը։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին ավելացրեց, թե հիմնականում վատաբանում են այն մարդիկ, ովքեր քննարկմանը չեն մասնակցել, առաջարկներ չեն ներկայացրել ու մասնագետ չեն:



ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի խոսքով էլ՝ առաջարկներ ընդունվել են, բայց ոչ առանցքային առաջարկները: Նա հորդորեց չքվեարկել այսօր, այլ ևս մեկ անգամ քննարկել, թե «կրակն ենք ընկնելու այս նախագծի ձեռքը»։



Ի վերջո, Հարկային նոր օրենսգիրքը դրվեց քվեարկության երկրորդ ընթերցմամբ և ընդունվեց 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ