Ես դեմ եմ, որ փորձենք շահարկել այս դեպքը

Ես դեմ եմ, որ փորձենք շահարկել այս դեպքը

ԲՀԿ-ն Գյումրիում քարոզարշավ է իրականացնում՝ առանց ցուցակի առաջին համարի՝ Վարդեւան Գրիգորյանի, որը որդու մահը ծանր է տանում եւ քարոզարշավի սիրտ չունի։ Հիշեցնենք, որ, ըստ իրավապահների, սեպտեմբերի 20-ին մահացած 26-ամյա Արշակ Գրիգորյանն ինքնասպանություն է գործել, որին շատերը չեն հավատում։ Գյումրեցիները կարծում են, որ սպանություն է կատարվել, եւ դրա պատճառը գովազդային վահանակն է՝ զառերով պաստառը՝ վրան գրված․ «Հաջողության բանաձեւ», որը փակցրել էր «Գյումրեցու ոգի» կուսակցությունը։ Պաստառի հեղինակները ցանկացել էին ընտրողին հիշեցնել, որ Վարդեւան Գրիգորյանը՝ Ապարը, «լավ զառ բռնող» է։ Հիշեցնենք նաեւ, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության ղեկավարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդականն է եւ Բալասանյանի որդու ընկերը։ Այդ կուսակցությունը եւս մասնակցելու է հոկտեմբերի 2-ի ընտրություններին։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չցանկացավ որեւէ հստակ գնահատական տալ՝ իրենց կարծիքով կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն։



«Շատ անշնորհակալ գործ է գնահատական տալը, բայց ինքն էնքան ոչ ադեկվատ է, նաեւ անսպասելի, այսինքն՝ հիմք չկա, ինչքան որ ես եմ տիրապետում տեղեկատվությանը, որ դրան նախորդող ամբողջ հատվածը՝ տվյալ օրվա առավոտը, նախորդ օրերը, իր ծրագրավորված աշխատանքը, որ, ասենք, դրանից մեկ ժամ առաջ այսինչ գործն էր անում, դրանից հետո մեկ ուրիշը պիտի աներ, անհասկանալի են։ Ինձ համար կոնկրետ անհասկանալի բաներ կան էստեղ, դրա համար կսպասենք ու մենք հետամուտ կլինենք մինչեւ վերջ, որ շատ օբյեկտիվ գնա էդ քննությունը»,-ասաց նա։ Մելքումյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Գրիգորյանների տան հետնամասում, ավտոտնակում, որը երկու մուտք ունի՝ տնից եւ դրսից։



- Իսկ զառերով պաստառը կարո՞ղ էր կապ ունենալ այս դեպքի հետ։



- Չեմ կարող ես դրա գնահատականը տալ, բայց դրա անունն ի՞նչ դնեմ՝ ստորություն, հակամարդկային արարք, չգիտեմ․․․ չի կարելի, մարդկային որոշակի սահմաններ կան, որ երբ անցնում ես, այլեւս դիմացինը մարդ կոչվելու իրավունք չունի։



- Իսկ ի՞նչ եք կարծում՝ քննությունն արդա՞ր կանցնի, իրականությունը կպարզվի՞։



- Ես կարող եմ ուղղակի վերահաստատել, որ ԲՀԿ-ի մեր ամբողջ թիմն իսկապես հետամուտ է լինելու, որ որեւէ․․․ էստեղ բաներ կան, որ քննությունից ելնելով՝ ես չեմ ուզում հիմա ասել, բայց բաներ կան, հանգամանքներ կան, իմ կարծիքով, որ ինձ մոտ՝ որպես գիտակից, հասուն, պրագմատիկ գործիչ, որ անհանգստություն եւ մտահոգություն է առաջացնում։



- Քարոզարշավի, կուսակցությունների ռեյտինգի վրա այս դեպքը որքանո՞վ կազդի։



- Հիմա տեսեք, ոնց էլ գնահատական տաս, մյուս կողմից ընկալվելու է, որ սա շահարկվում է։ Ես դեմ եմ, որ մենք հիմա փորձենք շահարկել այս դեպքը՝ հակառակ կամ պլյուս, կամ մինուս դիվիդենտ ակնկալելով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ