Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն համագումար կանի․ չի բացառվում՝ վերնախավը փոփոխվի

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն համագումար կանի․ չի բացառվում՝ վերնախավը փոփոխվի

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստում քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերը։ 



Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է համագումար։ Այն նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ։



Անդրադառնալով կադրային հարցերին և ՊՆ և ԱԳՆ դեռևս չնշանակված կամ չվերանշանակված նախարարների հարցին՝ Շարմազանովն ասաց, որ մինչև հոկտեմբերի երեքը պարզ կդառնա ամեն ինչ։



Հարցին, թե կուսակցության վերնախավի փոփոխություն սպասվու՞մ է համագումարի ժամանակ, Շարմազանովը չբացառեց։



«Պետք է ասեմ, որ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքայաին ՀՀԿ-ի համար։ Նախատեսել ենք փոփոխություններ և՛ ծրագրում, և՛ կանոնադրության մեջ, չեմ բացառում, որ նաև փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,-ասաց նա։



Նա չբացառեց նաև մարզպետների փոփոխության հարցը, բայց չմանրամասնեց՝ որ մարզպետը ումով կփոխարինվի։



Hraparak.am-ի հարցին, թե հաշվետու այդ համագումարում, որը նախընտրական շրջանի հետ է համընկնում, ի՞նչ մեսիջներ են փոխանցելու իրենց ապագա ընտրողներին և ի՞նչ հաշվետվություն են ներկայացնելու, Շարմազանովն ասաց․ «Ես կարծում եմ՝ մենք պետք է դանդաղ շտապենք, որովհետև դեռևս մենք չենք չընտրել համագումարի պատվիրակներ։ Ամեն ինչ՝ իր հերթին։Հիմա եթե ես ամբողջությամբ բացեմ փակագծերը և ասեմ` ինչ մեսիջներ են տրվելու, ինչ է լինելու, բա նոյեմբերի 26-ին ի՞նչ եք լուսաբանելու»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ