Հին ու նոր նախարարների նշանակման տրամաբանությունը

Հին ու նոր նախարարների նշանակման տրամաբանությունը

Նոր կառավարության ձեւավորումը մոտենում է ավարտին։ Մնացել է 2 նախարարություն՝ պաշտպանության եւ արտաքին գործերի, որտեղ նախարարների նշանակում կամ վերանշանակում դեռեւս չի եղել։ Սրանք էլ վաղը-մյուս օրը կլինեն։ Վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է, երբ լրանում է Սահմանադրությամբ նախատեսված կաբինետի ձեւավորման 20-օրյա ժամկետը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել նոր նախարարներն ու վերանշանակվել մյուսները։ Տրամաբանությունը հասկանալը մի փոքր բարդ է, քանզի ոմանք 10 տարի է՝ պաշտոնավարում են, որեւէ լուրջ արդյունք ցույց չեն տվել, բայց վերանշանակվեցին, նախարարներ էլ կան՝ ընդամենը մի քանի ամիս էին աշխատում, մեկ էլ, հոպ՝ մեր նոր, դրայվոտ վաչապետը որոշեց «դիլեթ» անել եւ ուրիշ մարդ բերել։ Ի դեպ, նրա բերած մարդիկ բոլորն էլ գործարարներ են եւ իրենց կառավարմանը հանձնված ոլորտում բիզնես շահեր ունեն։ Դե արի, Հովիկ Աբրահամյան, ու մի խենթացիր։ «Խեղճ մարդը», երբ վարչապետ էր, «կոտորվեց» բիզնեսն իշխանությունից տարանջատելով, անգամ ինքն իրեն «ժերտվա» տվեց, որ կառավարությունում բիզնեսի հետ կապ ունեցող մարդ հանկարծ չմնա, ու մեկ էլ գալիս է նոր վարչապետն ու իր բիզնեսմեն ընկերներին դարձնում նախարար։



«Հարցը բավականին հետաքրքիր է, եւ դա, իրոք, ցանկացած փոփոխության դեպքում այս հարցը պետք է հնչեր, ամբողջ կառավարության փոփոխության դեպքում էլ պետք է հնչեր, մասնակի փոփոխության դեպքում էլ։ Նոր վարչապետին տրվել է կադրային ազատություն, եւ շեշտը դրվել է ավելի շատ պրոֆեսիոնալիզմի վրա, քան թե նրանց անցած քաղաքական ճանապարհի։ Եվ եթե Դուք տեսնում եք, նորանշանակ նախարարներից որեւէ մեկը նախկինում թրծված չէ քաղաքականության մեջ»,-տրամաբանությունն այսպես փորձեց բացատրել Վահրամ Բաղդասարյանը։



- Եթե զույգ-զույգ առանձնացնենք, ապա Հրանուշ Հակոբյանը մնաց, Հասմիկ Պողոսյանը գնաց, Արտեմ Ասատրյանը, որ 4 տարի է՝ նախարար է, մնաց, Արմեն Մուրադյանը, որ 2 տարի է՝ պաշտոնավարում էր, գնաց։ Օրինակ՝ այս դեպքում ի՞նչ տրամաբանությամբ եք առաջնորդվել, ինչո՞վ էին վատը գնացողները, եւ ինչո՞վ են լավը մնացողները։



- Ինձ թվում է՝ կգա ժամանակը, եւ այդ հարցերի ամենաճշգրիտ պատասխանը կտա նորանշանակ վարչապետը։



- Ամեն դեպքում՝ ձեզ հետ քննարկվել է, չէ՞, այդ թեման, օրինակ՝ գնահատվե՞լ են, ենթադրենք, Արտեմ Ասատրյանի, Հրանուշ Հակոբյանի կամ Արփինե Հովհաննիսյանի արժանիքները, որ որոշել եք թողնել նրանց, եւ Արմեն Մուրադյանի ու Հասմիկ Պողոսյանի կամ Լեւոն Յոլյանի թերացումները, որ ազատվեցին։



- Ընդհանուր առմամբ՝ հիմնականում ավելի շատ ընտրությունը թողնվել է նորանշանակ վարչապետի վրա, եւ ես ասեմ, որ ինքն արտահայտվել է, որ ոչ թե դժգոհությունն է պատճառը, այլ այն, թե իր հետագա գործունեության համար ում հետ է նպատակահարմար գտնում, որ կարող է աշխատել։



- Իսկ գուցե թողել եք այն նախարարներին, որոնց դեպքում համապատասխան փոխարինողներ չե՞ք գտել։



- Չեմ կարծում, թե Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնք անփոխարինելի են։ Համենայնդեպս, ես մի բան կարող եմ ասել, որ 2017 թվականի ընտրություններից հետո մենք նորից պետք է վերանայման կարիք ունենանք։ Չշտապենք այդ հարցերին պատասխանելիս։



- Կին նախարարներից երկուսի՝ Հասմիկ Պողոսյանի եւ Հրանուշ Հակոբյանի հարցը շատ էր քննարկվում, հանրությունն ասես շատ էր ցանկանում, որ երկուսն էլ, վերջապես, հեռանային պաշտոնից։ Ինչո՞ւ էր այդպես։



- Ես ասեմ՝ ինչու։ Պարզապես մեր հանրությունը հներից միշտ հոգնում է եւ մտածում է՝ ով շատ է աշխատել, թող գնա, ինչ-որ նոր դեմքեր են ուզում տեսնել։



- Հասմիկ Պողոսյանի դեպքում նույնիսկ մշակութային գործիչներն էին ուրախ, որ նա հեռացավ, բոլորը կարծես դրան էին սպասում։



- Ես այդպես չէի ասի, այդ կարծիքները բոլորը հարաբերական են, կարող են գտնվել մարդիկ, որ Հասմիկ Պողոսյանի հասցեին ավելի դրական բաներ ասեն։ Իհարկե, շատ կարեւոր է, որ մշակութային գործիչների կարծիքները լսենք։



- Ես ճի՞շտ եմ հիշում, որ նախորդ կառավարությունն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպիսի մի թեզ էին որդեգրել, որ բիզնեսը պետք է տարանջատել իշխանությունից։



- Այո։



- Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեք այն, որ մի շարք նոր նախարարներ հենց բիզնես ոլորտի դեմքեր են, օրինակ՝ առողջապահության նախարարն «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավարն է, տրանսպորտի եւ կապի նախարարը՝ «Ռոստելեկոմի», էներգետիկայինը՝ «Հրազդան ՋԷԿ»-ի։ Եվ այս մարդիկ տեղափոխվեցին պետական ապարատ՝ պահպանելով իրենց բիզնեսները։



- Երբ մենք ասում ենք, որ կառավարության ձեւավորման հիմքում պետք է ընկած լինի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, դա հենց դա է նշանակում, քանզի նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են։ Բայց եթե նրանք նշանակվում են կառավարության անդամներ, արդեն պետք է հրաժարվեն իրենց բիզնեսներից, այսինքն՝ բիզնեսով պետք է չզբաղվեն, բայց պրակտիկ փորձը պետք է օգտագործեն։ Իսկ ինչ մնում է տարանջատմանը, ապա դա արդեն կառավարության խնդիրն է, որ պետք է հստակ խնդիր դնի իր առջեւ, որ այդ նոր նախարարներն արդեն կառավարության անդամներ են եւ պետք է ենթարկվեն այն օրենքներին, որոնք պահանջում են։



- Մենք ունեինք վարչապետ, նախարարներ, որոնք հսկայական բիզնես կարողություն ունեին, եւ հանրությունը տեսնում էր, որ նրանց բիզնեսը գնալով ծաղկում է։



- Դե, բնականաբար, դա չի նշանակում, որ եթե ընտանիքից մեկը լինի նախարար կամ պատգամավոր, ապա ընտանիքի մյուս անդամներն իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։



- Ամբողջ հարցն այն է, որ այդ նախարարներն ու պատգամավորները, իրենց լծակներն օգտագործելով, արտոնյալ, նպաստավոր պայմաններ են ստեղծում իրենց հարազատների բիզնեսների ծաղկման համար։



- Այ, մեր ամենամեծ խնդիրը դա է, մենք հենց դրա մասին ենք խոսում, որ մենք պետք է հավասար դաշտ կարողանանք ապահովել։ Մենք այլընտրանք չունենք։ Դա հոգեբանության փոփոխությունից սկսած՝ մինչեւ օրենսդրական փոփոխություններով պետք է կարողանանք հասնել դրան, մեր խնդրի մեխը հենց դա է։



- Վերջին հարցը. պաշտպանության եւ արտգործնախարարի փոփոխության կամ վերանշանակման հարցը կարծես թե ձգձգվում է, որեւէ խնդի՞ր կա այստեղ։



- Դա կատարվում է փուլերով։ Մի քանի օր առաջ ասում էիք, որ էն մնացածի հարցն էլ է ձգձգվում, հրամանը եղավ, դրա մասին խոսք այլեւս չկա։ Երկու օրից կլինեն նաեւ նրանց հրամանները։ Մենք փուլերով գնում ենք եւ 20-օրյա ժամկետի մեջ կտեղավորվենք։



- Հիմա այս երկու նախարարների դեպքում փոփոխություն կլինի՞։



- Հրամանագրերը կլինեն՝ կտեսնեք։



- Արտգործնախարարի դեպքում շատ են դժգոհությունները, որ չի տիրապետում ոլորտին, չի երեւում, կարեւոր հարցերի շուրջ երբեք իր կարծիքը չի հնչեցնում։ Նաեւ մեղադրում են արտաքին քաղաքականության հարցում ձախողումների մեջ, եւ հիմա շատերն ակնկալում են, որ նրան էլ կփոխեն։



- Մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն արտաքին մարտահրավերներն են։ Եվ արտգործնախարարը հիմնականում արտաքին մարտահրավերներով է զբաղված եղել։ Եվ երբ որ նա դրսում է եղել, շատ կարեւոր հարցերով եւ խնդիրներով է եղել։ Մենք արտաքին քաղաքականության մեջ ունենք բավականին ձեռքբերումներ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս ներքին, արտաքին մարտահրավերներ, ղարաբաղյան խնդիր, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն։ Պետք է նկատի ունենաք, որ մենք նահանջ չենք գրանցել այդ բնագավառում։



- Սրանից կարելի՞ է ենթադրել, որ Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պաշտոնին։



- Ես ենթադրություններով առաջ չեմ շարժվում, ես պարզապես հարցի պատասխանն եմ հնչեցնում, որովհետեւ այս հարցն էլի է հնչել, թե ապրիլյան դեպքերի ժամանակ նա անընդհատ դրսում էր գտնվում։ Բա ո՞ւր պետք է գտնվեր, եթե մենք այդ օրերին միջնորդների հետ գործ ունեինք, Մինսկի խմբի համանախագահների հետ գործ ունեինք, Գերմանիայի հետ գործ ունեինք... բա այդ բանակցություններն ո՞վ պետք է վարեր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ