Ծաղկահովիտում ԲՀԿ-ի նվիրած տրակտորը դարձել է կռվախնձոր

Ծաղկահովիտում ԲՀԿ-ի նվիրած տրակտորը դարձել է կռվախնձոր

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ոչ միայն ընտրական կրքերն էին թեժ ու դրամատիկ, այլեւ հետընտրական։ Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում այստեղ 3 թեկնածու կար առաջադրված՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը եւ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, ով ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով կալանավորված է։ Ընտրություններն անցան, եւ գյուղապետ ընտրվեց Նորաին Հակոբյանը։ Վերջինիս եղբայր Աշոտ Հակոբյանը պաշտպանում էր Արայիկ Խանդոյանին եւ դեմ էր դուրս ելել Նորաինին։ Նորաինն էլ, այնպես չէ, որ «Գայլին» դեմ էր, հակառակը՝ մի առիթով ասել էր, որ ինքն առաջադրվել է հօգուտ Խանդոյանի, որ հանկարծ գործող գյուղապետը նորից չընտրվի։ Արդյունքում ընտրվեց ինքը։ Հակոբյանները երեք եղբայր են՝ Աշոտը, Գեւորգը եւ Նորաինը։ Բայց Աշոտ Հակոբյանը, ով ԲՀԿ-ական է եւ այժմ ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը, քանի տարի է՝ գժտված է եղբայրների հետ, կարելի է ասել՝ թշնամիներ են։ Թշնամությունն առաջացել է քաղաքական հողի վրա, եւ ընտրությունների ժամանակ այն ավելի է սրվում։ Գեւորգն ու Նորաինը «չեն ճանաչում» իրենց միջնեկ եղբորը՝ Աշոտին։ Նրանից առաջ Գեւորգն էր ԲՀԿ տարածքային գրասենյակի ղեկավարը, սակայն 2012-ի ընտրություններից հետո, ինչ-ինչ պատճառներով, դուրս է եկել ԲՀԿ-ից, եւ գրասենյակի ղեկավարումը ստանձնել է Աշոտ Հակոբյանը։ Այստեղ ուշագրավ պատմություն կա՝ կապված Գագիկ Ծառուկյանի նվիրած տրակտորի հետ։ 2012-ի ԱԺ ընտրություններից հետո Ծառուկյանը Ծաղկահովիտի ԲՀԿ-ականներին՝ ի դեմս Գեւորգ Հակոբյանի, տրակտոր է նվիրում, քանի որ նրանք լավ են աշխատել՝ ԲՀԿ-ին ապահովելով 41 տոկոս ձայն։ Տրակտորը տրամադրվում է մեխանիզատոր Նորիկ Ղազարյանին՝ օգտագործելու։ Բայց սեպտեմբերի 18-ի ընտրություններից հետո ԲՀԿ գրասենյակի ղեկավար Աշոտ Հակոբյանը գնացել եւ հետ է վերցրել տրակտորը՝ պատճառաբանելով, թե Ղազարյանը ձայն չի տվել Խանդոյանին, ում ինքն էր պաշտպանում, այլ քվեարկել է իր եղբոր՝ Նորաինի օգտին։ 



Զրուցեցինք եղբայրներից երկուսի՝ Գեւորգի եւ Աշոտի հետ։ Երկուսն էլ չհերքեցին տրակտորի պատմությունը։ «Հա, կա էդպիսի պատմություն։ Մենք հիմա իրար հետ չունենք (նկատի ունի՝ Աշոտին), էն ժամանակ՝ 2013 թվին, ես թողեցի «Բարգավաճը», ինքը վերցրեց կուսակցությունը, էդ տրակտորն էլ հատկացրին՝ Ղազարյան Նորիկ անունով մի տղա կա, իրեն։ Բայց էս ամսի 18-ի ընտրությունների ժամանակ Աշոտ Հակոբյանը Արայիկ Խանդոյանի կողմնակիցն էր, Ղազարյանն ընտանիքով ձեն չի տվել Խանդոյանին, Աշոտ Հակոբյանն էլ գնացել, էդ մարդու ձեռքից վերցրել-տարել է տրակտորը, բայց էդ տրակտորը «դակումենտով» հատկացված է եղել էդ մարդուն՝ Նորիկ Ղազարյանին»,-ասաց Գեւորգ Հակոբյանը։



Վերջինիս խոսքով՝ 2012 թվականի սեպտեմբերին իրենց համայնքի ղեկավարի ընտրություններին իր միջնեկ եղբայր Աշոտ Հակոբյանն Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ կրկին դեմ էր դուրս եկել ավագ եղբոր՝ Նորաին Հակոբյանի դեմ եւ պաշտպանում էր այս անգամ պարտված թեկնածու Երվանդ Խաչատրյանին։ «Իրենք ամբողջ հանրապետությունը հանեցին իմ եղբոր՝ Նորաին Հակոբյանի դեմ, ու մենք 13 ձայնով պարտվեցինք։ Էս տարվա ընտրություններին էլ էլի Սահակյան Սարգիսը նույն ձեւերով՝ հիմնարկապետերով-բանով էլի ամբողջ ուժերը գործադրում էր մեր դեմ, բայց մենք էս անգամ հաղթեցինք»,-ասաց Գ. Հակոբյանը։



Աշոտ Հակոբյանը մեզ հետ զրույցում նույնպես հաստատեց այս պատմությունը՝ ավելացնելով. «Ես կոնկրետ անձի չեմ տվել շահագործելու, այսինքն՝ տվել են շահագործելու, բայց որեւէ փաստաթղթով հանձնած չկա։ Էդ տրակտորը տրված էր համայնքին, որպեսզի ինչ-որ աշխատանքներ կատարեր էժան գնով, բայց ինքը (Նորիկ Ղազարյանը) մենակ իր անձնական շահերի համար էր օգտագործում տրակտորը։ Հիմա էդ տրակտորի վիճակը բավականին բարդ ա՝ դուռը ջարդած, ստարտերը չեն աշխատում, այսինքն՝ շարքից հելած ա։ Ճիշտն ասած՝ ես արդեն մտադրություն ունեմ երեւի հանձնեմ կուսակցությունը, դուրս եմ գալու, ու, որպեսզի տրակտորը լրիվ շարքից դուրս չգա, դրա համար բերել եմ...»։ Թե ինչու է ուզում դուրս գալ կուսակցությունից, չմանրամասնեց. «Դե, հիմի, չգիտեմ ինչպես կլինի, հանգամանքները ցույց կտան»։



Մեր դիտարկմանը, թե ասում են՝ ինքը Նորիկ Ղազարյանից վերցրել է տրակտորը, որովհետեւ այս ընտրություններին իր կողմից չի եղել եւ իր պաշտպանած թեկնածուի օգտին չի քվեարկել, Աշոտ Հակոբյանը չհերքեց. «Դե, ճիշտն ասած, նման հանգամանքներ էլ կան, հիմա չգիտեմ՝ կարող է դա էլ ա դեր խաղացել, ես 100 տոկոս չեմ կարա ասեմ՝ քվեարկել են, թե չէ, բայց կարող եք գալ տրակտորի վիճակը նայեք, թազա տրակտորը տվել եմ իրան, բայց արդեն շարքից հանած ա։ Եթե ինչ-որ բան եք գրում, էդպես գրեք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ