Նախագահի օգնականի հսկայական կարողությունը

Նախագահի օգնականի հսկայական կարողությունը

Պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են ահռելի կարողության տեր լինում, այլև նրանց օգնականները։ Երբեմն նրանց օգնականները կարող են գերազանցել իրենց կարողությամբ սեփական «շեֆերին»։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը։ Երիտասարդ տղա է, ով 2015 թվականի իր տարեկան հայտարարագրում հսկայական կարողություն է ներկայացրել։



Այսպես՝ Բերբերյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական է նշանակվել 2011-ին։ Նրա՝ որպես օգնականի լրացրած հայտարարագրում առկա թվերին թերևս կնախանձեին շատ գործարար պատգամավորներ ու նախարարներ։ Այսպես, 2012-ին Բերբերյանը միայն 535 մլն դրամի արժեթղթեր է ունեցել, 251 մլն դրամի չափով էլ փոխառություն է հանձնել և տարվա վերջում 273 մլն-ի չափով հետ վերցրել։ Մինչդեռ 2011-ին նա որևէ արժեթուղթ չի ունեցել։ Շարժական գույքն էլ Lexus LX570 ավտոմեքենա է եղել, որը ճապոնական լյուքս դասի շքեղ ու թանկարժեք ամենագնաց է։ Այս մեքենան Բերբերյանը գնել է 2011-ին՝ պաշտոնը ստանձնելու տարում, 120 հազար ԱՄՆ դոլարով։ Նույն տարում նա վաճառել է իր BMW 650 կուպեն և Toyota FJ Cruiser ամենագնացը։ 2011-ին նրա եկամուտները կազմել են 949 մլն 980 հազար դրամ, որից 926 մլն դրամը՝ շահաբաժին։ Ակնհայտորեն Բերբերյանը բզինեսի, այն էլ խոշոր բիզնեսի հետ կապ ունեցող մարդ է, սակայն հայտարարագրում այդ մասին որևէ բան նշված չէ։ 2014-ին նրա դրամական միջոցները կազմել են 2 մլն 100 հազար դոլար։ Փոխարենը նվազել է տարեկան եկամուտը՝ մոտ 53 մլն դրամ։



2015-ին Բերբերյանը մեքենան փոխել է՝ 41 մլն դրամով ձեռք բերելով Porsche Cayenne մակնիշի սպորտային արտաճանապարհային։ Նույն տարում նա 235 մլն դրամի չափով փոխառություն է հանձնել ու ստացել։ Տարվա վերջում նրա եկամուտները կազմել են 73 մլն դրամ։ Այսինքն՝ 2011-ին՝ պաշտոնը ստանձնելուց 5 տարի անց, կարելի է ասել, ՀՀ նախագահի օգնականի գործերը էապես «վատացել» են։ Նկատենք, որ Բերբեյանի հայտարարգրած եկամուտները էապես գերազանցում են իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հայտարարգրած եկամուտներին։



Մենք տեղեկացանք, որ Բերբերյանն այս հարստությունը կուտակել է հաջող բիզնես գործունեության շնորհիվ։ Նա, մեր տեղեկություններով, ռեստորանա-հյուրանոցային բիզնեսի տեր է, նաև «մաքուր ջրի» բիզնեսում է ներգրավված։



Համացանցում նրա մասին մի քանի ուշագրավ տեղեկություն հայտնաբերեցինք։ Պարզվում է՝ Ավետիս Բերբերյանը, նախագահի օգնական լինելուն զուգահեռ, նաև դասախոսում էր Տնտեսագիտական համալսարանում։ Մինչ այդ էլ «Կայմ» հեռուստաընկերության տնօրենն էր։ Բայց իր վատ պահվածքի պատճառով, ըստ հրապարակումների, հեռացվել է համալսարանից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ