Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը նորոգում են երեք հայկական ընկերություններ

Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը նորոգում են երեք հայկական ընկերություններ

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 90 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրա արդյունքում սեպտեմբերի 14-ից Վանաձոր-Թումանյան համայնք ճանապարհի երթեւեկությունը դադարեցվել է։ Անցկացվել է մրցույթ, որի արդյունքում երեք ընկերություն է հաղթող ճանաչվել՝ «Արարատյանշին» ՍՊԸ-ն, որն օտարերկրյա «Դորլիգեր» ընկերության հետ համատեղ է իրականացնում աշխատանքները, «Ճանապարհ» ՍՊԸ-ն եւ «Կապավոր» ընկերությունը։ Այս մասին մեզ տեղեկացրին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մեզ ասաց, որ մրցույթին 9 ընկերություն է մասնակցել, որոնցից երեքը Չինաստանից էին, մեկը՝ Իտալիայից, մեկն էլ հայկական եւ օտարերկրյա համատեղ ձեռնարկություն է եղել, որը հաղթողների թվում էր։



Մեր հարցին, թե վստահություն կա՞, որ հայկական այս երեք ընկերություններն իրենց տեխնիկական համալրմամբ եւ հնարավորություններով կկարողանան որակյալ աշխատանք կատարել, պարոն Առաքելյանն ասաց. «Մենք հատուկ բանակցել ենք բանկի հետ, որպեսզի այնպիսի պահանջներ լինեն, որ հայկական ընկերությունները մրցակցությունից դուրս չմնան։ Դա հատուկ բանակցվել է երկու ներդրող բանկերի հետ, քանի որ մենք գտնում ենք՝ կարեւոր է, որ մեր մասնակիցներին հնարավորություն տրվի մրցակցել այդ դաշտում։ Այսինքն՝ դա նպատակային է եղել, ընդամենը հնարավորություն է ստեղծվել, որ որակավորման պահանջներն այնպիսին չլինեն, որ բացառվի իրենց մասնակցությունը»։



Նշենք, որ ծրագիրն իրականացվում է երկու մասից, 50 մլն. եվրո Եվրոպական ներդրումային բանկն է տրամադրել, 50 միլիոն էլ Ասիական զարգացման բանկը պետք է տրամադրի։ Առայժմ իրականացվել է առաջին մասի մրցույթը, ու դեռեւս առաջին մասի աշխատանքներն են մեկնարկել։ Ծրագրի ժամկետը երկու տարի է, բայց, փոխնախարարի խոսքով՝ մրցույթում լուրջ տնտեսումներ են եղել. «Այսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ այդքան գումար չի օգտագործվի վերանորոգման համար»։ Երկրորդ մասի մրցույթը, ըստ Առաքելյանի, դեռ հայտարարված չէ։ «Երկրորդ մասն էլ կհայտարարվի Ասիական բանկի մասով, նույն սկզբունքների կիրառմամբ, եւ համոզված եմ, որ այնտեղ էլ մեծ տնտեսումներ կլինեն, ու մենք այդ վարկի մի մասը կկրճատենք»,-հույս հայտնեց փոխնախարարը։ Առաջին մասով ծրագրված է իրականացնել հիմնականում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 35 կմ երկարությամբ հատվածը, որը ներառում է նաեւ Ալավերդու այն երեք հայտնի թունելներն ու կամուրջները, որոնք բարդ կառուցվածք ունեն եւ պետք է լայնացվեն, ամրացվեն։ Իսկ մնացած 65 կմ երկարությամբ հատվածը, որն Ալավերդուց դեպի Բագրատաշեն է ձգվում՝ մինչեւ Վրաստանի սահման, կհիմնանորոգվի արդեն ծրագրի երկրորդ մասով։



Մեր տարակուսանքին ի պատասխան, թե ստացվում է, որ ընդամենը 35 կմ ճանապարհ նորոգելու համար երեք ընկերություն է աշխատանք տանում, Արթուր Առաքելյանն ասաց, որ դա նորմալ է, քանզի տեղանքը բարդ է, կան թունելներ, կամուրջներ, եւ ամեն մեկը մի մասով է իրականացնելու աշխատանքները։ Իսկ արդեն մյուս՝ 65 կմ հատվածի համար նախատեսվող մրցույթին չի բացառվում, որ մեկ ընկերություն հաղթի, քանզի սա արդեն համեմատաբար ավելի դյուրին հատված է աշխատանքի տեսանկյունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ