Արթիկը՝ ՀՀԿ-ի հայելի

Արթիկը՝ ՀՀԿ-ի հայելի

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն անակնկալ ավարտ ունեցան Արթիկում, պարտվեց ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանը, հաղթեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, որն ինքնառաջադրվել էր ու 154 ձայնով հաղթել մրցակցին։ Մինչդեռ Մխիթար Վարագյանը երեկ մեզ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն ոչ թե Պետոյանին է պաշտպանել, այլ հենց իրեն։ «Մարզային կառույցն իրեն է պաշտպանել, Արթիկինը՝ ինձ»,- մանրամասնեց Վարագյանը՝ բացահայտելով ՀՀԿ-ում տիրող պառակտվածությունը։ Հիշեցմանը, որ բազում ՀՀԿ-ականներ հայտարարել են Պետոյանին աջակցության մասին, մասնավորապես՝ Վահրամ Բաղդասարյանը, Ռուբեն Թադեւոսյանը, որոնք ընդունել են, որ «մրցակցային» ընտրությունների արդյունքում կարող է նաեւ իրենց թեկնածուն պարտվել, Վարագյանը չընդունեց. «Չեմ հավատում,որ նման բան հայտարարած լինեն, իրենք հաստատ չեն հայտարարել, որ Պետոյանին են պաշտպանում»։ Վարագյանը պնդեց, որ քաղաքի բոլոր ՀՀԿ-ականներն աշխատել են իր օգտին։ Մասնավորապես ովքե՞ր։ «Բոլորն էլ ինձ են պաշտպանել, հատկապես՝ ժողովուրդը։ ...Այո, Արթիկում ՀՀԿ-ականներ շատ կան»։ Վարագյանը հրաժարվեց կոնկրետ անուններ հրապարակելուց, թե կարկառուն ՀՀԿ-ականներից ովքեր են իր օգտին աշխատել։ Խոսվում է, որ ակտիվ են եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիմակիցները։ «Ես մի բան կարող եմ ասել, որ բոլորն ինձ են պաշտպանել, քաղաքի ՀՀԿ-ական կառույցը չի ժխտել, որ Պետոյանին չի պաշտպանել»։ Նորընտիր քաղաքապետը չի ուզում կենտրոնանալ, թե ով ում է պաշտպանել, ասաց, որ նորմալ հարաբերություններ ունի Պետոյանի հետ, ու եթե վերջինս կամենա, Վարագյանը քաղաքապետարանում նրան աշխատանք կտրամադրի։ Ի դեպ, Պետոյանը, «առուն դեռ չթռած», ընտրությունների գիշերը մեծ հրավառություն էր կազմակերպել քաղաքում, քանի որ նախնական հաշվարկն իր օգտին էր եղել։ Բայց Վարագյանը մեծահոգի է. «Դե, քանի որ արթիկցիները բոլորն իրար հետ լավ հարաբերություններ ունեն, չէի՞ն կարող իմ համար սալյուտ անեին»։ Առաջիկա պլանների մասին խոսելով՝ Վարագյանն ասաց, որ չի սպասում մինչեւ նոյեմբերի 12-ը, երբ պաշտոնապես կստանձնի քաղաքի ղեկավարումը։ Նա արդեն իսկ գործի է անցել, նախընտրական ծրագրի իրականացման ճանապարհին է, սկսել է ամենակարեւորից, ռուսաստանաբնակ հարուստ գործարար եղբորը հորդորել է Արթիկում կարի ֆաբրիկա բացել, աշխատատեղեր ստեղծել։ «Ամիսների հարց է, տարի չի ձգի»,- ասաց նորընտիր քաղաքապետը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ