Դալլաքյանի նետած քարերի հասցեատերն Էդմոն Մարուքյանն է

Դալլաքյանի նետած քարերի հասցեատերն Էդմոն Մարուքյանն է

2017-ին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտը համալրվում է եւս մեկ կուսակցությամբ։ 4 տարի Հանրապետականի «գերեվարության» տակ մնացած Վիկտոր Դալլաքյանը որոշել է ազատվել իշխող կուսակցության ճիրաններից եւ երեկ ասուլիս էր կազմակերպել՝ ազդարարելու քաղաքական հայտի մասին։ 



Տեւական ժամանակ լուրեր կային, որ Դալլաքյանն զբաղված է թաքուն կուսակցաշինությամբ։ Նա Հանրապետության 39 հասցեում մեծ տարածք է վարձակալել ու կահավորել, Ամիրյան փողոցում մամուլի կենտրոն բացել եւ պատրաստվում է պաշտպանության այլեւս նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ գրավել ընդդիմադիր դաշտը։ Ասուլիսի մեկնարկը հիրավի խոստումնալից էր. Դալլաքյանը նախ հայտարարեց, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար. «Պատրաստվում եմ ակտիվորեն մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին... Հայտարարում եմ, որ եթե իմ հայտարարությունից հետո որեւէ բան պատահի իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նաեւ դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»։ Ճիշտ նման արտահայտություն ժամանակին արել էր Արթուր Բաղդասարյանը, որից հետո տեսանք, թե ինչ եղավ: «Չի՞ պատրաստվում Վիկտոր Դալլաքյանն այդ նույն սցենարով շարժվել» հարցին նա պատասխանեց, որ հումորի մեծ զգացողություն պետք է ունենալ՝ իրեն այդպես համեմատելու: Եվ վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի հետ չի քննարկել, նա չգիտի իր անելիքների մասին։



Դալլաքյանը, փաստորեն, երկրորդ անգամ դուրս եկավ ՀՀԿ-ից, 1998-2003 թթ. նա եւս եղել է ՀՀԿ անդամ, 2003-ին դուրս է եկել կուսակցությունից այն պատճառով, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններում սատարեց Ռոբերտ Քոչարյանին։ 2012-ին կրկին անդամագրվել է` ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Նորաստեղծ կուսակցության մասին առանձնապես չխոսեց՝ ոչ համակիրների, ոչ գաղափարների ու ոչ էլ մարտավարության մասին, ասաց, որ դա կանի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, միայն հստակեցրեց, որ կուսակցությունը չի ունենա «Շրջադարձ» անունը, որը շրջանառվում է մամուլում։ Սեյրան Օհանյանի մասին էլ դիվանագիտորեն ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը եւ կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման ռազմական պետական գործիչն անդամակցեր իրենց կուսակցությանը»:



Փոխարենն ասելիքի առյուծի բաժինը նվիրեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին։ «2012-ի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր եւ խնդրել, որ ես շարունակեմ իր հետ համագործակցությունը, եւ առաջարկել է անդամակցել ՀՀԿ-ին: Նա ընդունել է իմ մոտեցումները, եւ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին, բայց 2012-ի մայիսի 6-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իմ դեմ օգտագործել է, այսպես կոչված, «լուսավոր հանցագործին», որի հետ կապված՝ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Ընտրություններից 2 օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ, որին ներկա են եղել Բակո Սահակյանը: Սերժ Սարգսյանն ինձ հարցրեց՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, այսինքն՝ խոսքը Վանաձորի մասին էր: Ես ասացի, որ եկել եմ այդ հարցի պատասխանը Ձեզնից ստանամ: Ես ներկայացրել եմ, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում։ Օրինակ՝ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, ՀՀ-ում մեկ տարի 17 օր չի բնակվել, 8 ամիս եղել է այլ երկրում: Ես բողոքարկել եմ, բայց ԸԸՀ-ն մերժել է բողոքը,-ասաց Դալլաքյանը՝ հավելելով։- Փաստերը ցույց են տալիս, որ ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ բարձրագույն իշխանություններում»: Այդ դեպքում ինչո՞ւ 2012-ից հետո համաձայնեց դառնալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ։ Դալլաքյանը պատասխանեց. «4 տարի սպասել եմ, որովհետեւ կա քարերը հավաքելու եւ քարերը նետելու ժամանակը: Հիմա եկել է քարերը նետելու ժամանակը»: Փաստորեն, Վիկտր Դալլաքյանը չորս տարի ապաստանել է իշխանության ապահով տանիքի ներքո, «հավաքել» իշխանության՝ իր կողմը նետված ծանր քարերը եւ դրանք հիմա «նետում» է «Լուսավոր Հայաստանի» կողմը։ Այսօր նա Էդմոն Մարուքյանին պատասխանատվության չենթարկելու համար պահանջում է դատել Վովա Գասպարյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ այլ պատկան մարմինների, որոնք առնչվել են այդ գործին։



Ինչպես նաեւ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարում է, որ ուժի մեջ են նախկինում արված սկանդալային հայտարարությունները՝ ասենք, Սերժ Սարգսյանին «զոլավոր շորեր հագցնելու» մասին, քանի որ վերջինը թոշակառուների թոշակը կազինոներում է մսխում, «կոնն» էլ սկսվում է 50 հազար դոլարից։



Փաստորեն, հիմա Դալլաքյանն ունի՞ «պապաներ» իշխանությունում ու այդ պատճառով էլ հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու, չէ՞ որ ժամանակը կարճ է, ու ՏԻՄ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նորաստեղծ կուսակցությունները չեն հասնում հաջողությունների։ Դալլաքյանն ասաց, որ ճիշտ մարտավարության դեպքում կարելի է լավ արդյունքներ գրանցել, թե ինչպիսին է լինելու այդ մարտավարությունը, այդ մասին՝ հաջորդ դասին։



Թերեւս չզարմանանք, որ 2017-ին ընդառաջ իշխանական կերակրատաշտակը լքեն, ասենք, Արտաշես Մամիկոնիչը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Մելիքիչը եւ հայտնվեն ընդդիմության դաշտում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ