ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ե՛ւ նման կլինի ասոցացման համաձայնագրին, ե՛ւ տարբեր

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ե՛ւ նման կլինի ասոցացման համաձայնագրին, ե՛ւ տարբեր

Անցյալ տարվա վերջից՝ 2015-ի դեկտեմբերից, Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ։ Համաձայնագիրը նախկինում բանակցված, բայց ԵԱՏՄ-ի անդամակցության հետեւանքով չստորագրված ասոցացման համաձայնագրի հենքի վրա է պատրաստվում, միայն թե այստեղ բացակայում է ազատ առեւտրի եւ մաքսատուրքերի զրոյացման հարցը, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, իսկ նման հարցերի շուրջ միություններն են բանակցում։ Համաձայնագիրը, որի հստակ անվանումը դեռ որոշված չէ, ունի 3 հիմնական ուղղություն՝ քաղաքական-իրավական, որի մասով բանակցություններ վարում է արտգործնախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Կարեն Նազարյանի, ոլորտային համագործակցությունը, որը վարում է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, եւ առեւտուր-ներդրումների բլոկը, որի շուրջ բանակցություններին մասնակցում է նախկին էկոնոմիկայի, այժմ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Գարեգին Մելքոնյանի։



Վերջինս մեզ ասաց, որ մի քանի օրից Եվրոպական հանձնաժողովի, մասնավորապես Առեւտրի գլխավոր տնօրինության պատվիրակությունը լինելու է Երեւանում, եւ իրենք անցկացնելու են առեւտրի եւ ներդրումների բլոկի հերթական ռաունդը։



«Բանակցություններն այս վերջին ամիսներին բնականոն հունով ընթացել են առաջ, աշխատանքային կարգով, վիդեոկոնֆերանսներով ակտիվ քննարկումներ ենք ունեցել, ժամանակ առ ժամանակ պետք է լինում, որ, ըստ նախատեսված գրաֆիկի, մենք գանք ռաունդների ֆորմատի, որ պատվիրակությունների փոխայցերով քննարկենք եւ տեքստերն առաջ տանենք»,-ասաց նա։ Մելքոնյանը, սակայն, ճիշտ չի համարում ժամկետներ նախանշելը, թե երբ կհասնեն վերջնական արդյունքի, եւ ընդգծում է՝ իր համար կարեւորը բովանդակությունն է, որ համաձայնագիրը լինի մեր տնտեսական շահերին համահունչ։



Ինչ վերաբերում է բովանդակությանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարն ասաց. «Շատ հաճախ միշտ կապ է դրվում նախկին բանակցված համաձայնագրի հետ, իրականում այն մեծ տարբերություններ շատ հարցերում չի ունենալու նախկինում բանակցված ասոցացման համաձայնագրի համեմատ։ Առնվազն մեր բլոկի մասով եթե խոսելու լինենք, ապա ոլորտային ծածկույթով գրեթե նույն ծածկույթն ունենալու է՝ մի քանի էական տարբերությամբ։ Առաջին հերթին սա արտոնյալ առեւտրի համաձայնագիր չէ, նախորդը նախատեսում էր ազատ առեւտրի ռեժիմ, սա նման ռեժիմ չի նախատեսում՝ հասկանալի պատճառներով, քանի որ ազատ առեւտուրն այլեւս բանակցվում է միությունների միջեւ։ Նաեւ որոշակի կարգավորումներում, որ եվրոպական մոդելները վերցնենք ու կիրառենք, այս դեպքում որոշակի ոլորտներում կան, բայց որոշակի ոլորտներում, ի տարբերություն նախկինի, չեն նախատեսում։ Բայց մնացած բոլոր հարցերում նոր համաձայնագիրը գրեթե նույն ծածկույթն ունի, այսինքն՝ մենք ունենք տասից ավելի գլուխներ, որոնք նախատեսված են։ Մասնավորապես՝ առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, մտավոր սեփականության պաշտպանություն, սննդի անվտանգություն, ապրանքային առեւտուր, մաքսային վարչարարություն, թափանցիկություն, մրցունակություն եւ այլն»։ Այս ամենին այսօր ավելացել է նաեւ ներդրումների ոլորտը, որի տեքստն իրենք դեռեւս չեն ստացել եվրոպական կողմից։
Ինչ վերաբերում է մաքսային քաղաքականությանը, Գարեգին Մելքոնյանն ասաց, որ մաքսատուրքերի զրոյացում չի քննարկվում, բայց, ընդհանուր առմամբ, ապրանքային առեւտրին, մաքսային ընթացակարգերին առնչվող, մաքսային վարչարարության հետ կապ ունեցող հարցեր քննարկվում են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ