Գողությունը պրիմիտիվ է, ախորժակները՝ «թռիչքային»

Գողությունը պրիմիտիվ է, ախորժակները՝ «թռիչքային»

Տարիներ շարունակ բարձրաձայնվում է կառավարության կողմից գործուղումների համար թանկ գներով ավիատոմսերի ձեռքբերման հարցը։ Կառավարությունը քանիցս մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ, ըստ էության՝ ընդունելով, որ իսկապես անարդյունավետ են ծախսվում պետբյուջեի միջոցները՝ այս կամ այն նախարարի, մանր ու միջին չինովնիկների ուղեւորությունների վրա արհեստականորեն ուռճացված փողեր մսխելով։ Բնականաբար, ինքնաթիռով ճամփորդելը, այն էլ՝ հեռու երկրներ, թանկ հաճույք է, բայց կան նաեւ դրա էժան տարբերակները։ Օրինակ՝ կարելի է բիզնես դասի տոմսի փոխարեն գնել էկոնոմ դասի, վերջինի դեպքում էլ օգտվել էժաններից։ Մենք մոնիտորինգի արդյունքում պարզեցինք, որ շատ գերատեսչություններ էկոնոմ կարգի տոմսի համար այնպիսի բարձր թվեր են վճարում, որ բիզնես դասով թռչողներն անգամ իրենց անհարմար կզգան։ Բանն այն է, որ էկոնոմ դասն ունի իր ենթադասերը։ Սակայն դրանք իրարից տարբերվում են միայն տոմսի նկատմամբ իրավունքների չափով։ Օրինակ՝ ավելի թանկարժեք էկոնոմ դասի տոմսի վերադարձի կամ փոփոխության դեպքում տուգանքներ չեն պահվում, իսկ էժանի դեպքում պահվում են։ Բայց ինքնաթիռի տեղերի, թռիչքի առումով որեւէ առավելություն չունեն։ Եվ զարմանալիորեն մեր գերատեսչությունները նախընտրում են գնել հենց այդ՝ ամենաթանկարժեք էկոնոմ դասի տոմսերը։ Թեպետ, եթե վստահ չեն, որ չեն փոխելու տոմսը, արժե թանկ տոմս գնել, որ վերադարձի կամ փոփոխության դեպքում հսկայական տուգանքներ չմուծեն։



Այս ամենը վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անվանեց «պրիմիտիվ գողություն», որի մեխանիզմը, սակայն, նորանշանակ վարչապետին ապշեցրել է, երբ իմացել է, թե ինչպիսի հնարամիտ տեխնոլոգիաներ ու մեթոդներ են կիրառում մեր գերատեսչությունները նման «պրիմիտիվ գողություններ» կատարելու համար։ Վստահաբար, այստեղ իր լուրջ դերակատարումն ունի նաեւ «ատկատը», հակառակ դեպքում հազիվ թե տոմսերը գնվեն նման բարձր գներով։



Այս ամենից կառավարությունը փորձեց ելք գտնել ամիսներ առաջ, երբ Դավիթ Հարությունյանը հայտարարեց ավիատոմսերի գնման նոր համակարգի ներդրման, մեկ միասնական բազայից ավիատոմս ձեռք բերելու մասին։ Այս համակարգի աշխատանքի արդյունավետությանը մենք հետագայում դեռ կանդրադառնանք։ Առայժմ այս համակարգով, որպես պիլոտային ծրագիր, աշխատում են մի քանի գերատեսչություններ՝ ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, միջազգային տնտեսական ինտեգրման նախարարությունները, արդարադատության նախարարությունն ու կառավարության աշխատակազմը։ Նրանք իրենց ավիատոմսերը գնում են govtravel.am կայքի միջոցով, որը գործարկվում է «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից։ Հոկտեմբերի 15-ից, սակայն, բոլոր գերատեսչությունները պետք է աշխատեն այս համակարգով, որը չի տարածվում ԱԱԽ անդամ պաշտոնյաների վրա։ Նրանց արտոնված է թանկարժեք տոմսեր գնել։ Թեպետ, բարեխղճության դեպքում, այստեղ եւս կարող են խնայել։



Նախարարները՝ «Աէրոֆլոտի» սիրահար



Մենք ուսումնասիրեցինք մի քանի գերատեսչությունների գնած ավիատոմսերի գները եւ բավականին թանկ պատկեր ստացանք, նաեւ մի հետաքրքիր օրինաչափություն նկատեցինք։ Մեր չինովնիկները նախընտրում են թռչել ռուսական «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռներով, որովհետեւ այն աշխարհի 20 էլիտար ու բարձրակարգ ավիաընկերությունների ցանկում է, թեպետ՝ վերջին տեղերում։ Շատերի համար «պրեստիժնի» է «Աէրոֆլոտով» թռչելը, եւ մեր չինովնիկներն իրենց թույլ չեն տալիս ավելի հասարակ ավիաընկերություններով մեկնել գործուղումների։ Բայց «Աէրոֆլոտի» ավիատոմսերը մոտ 30 տոկոսով, հաճախ կրկնակի թանկ արժեն, օրինակ, ռուսական UTair-ի, S7-ի կամ Ural Airlines-ի (U6) նույն ուղղությամբ տոմսերից։ Բացի այդ, «Աէրոֆլոտի» ինքնաթիռները վայրէջք են կատարում հիմնականում միջազգային թանկարժեք օդանավակայաններում, որը եւս գնի ավելցուկ է ենթադրում։ Օրինակ՝ Մոսկվայի դեպքում միայն Շերեմետեւո օդանավակայան։



Միլիոններ՝ Հասմիկ Պողոսյանի եվ Էդվարդ Նալբանդյանի տոմսերի համար



Ճոխ ու թանկարժեք գործուղումների հարցում մեր գերատեսչություններից, վստահաբար, առաջամարտիկ են արտգործնախարարությունը՝ ի դեմս իր նախարարի, եւ մշակույթի նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, քանզի նոր նախարարը դեռ գործուղման չի մեկնել։ Օրինակ՝ Պողոսյանը շուրջ 2,5 մլն. դրամ է վճարել պետբյուջեից Երեւանից Աստանա մեկնելու եւ վերադառնալու համար։ Միլիոնանոց գործուղումները Պողոսյանի նախարարական կենսագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում։ Ի դեպ, որոշ դեպքերում նույն ինքնաթիռում նույն ուղղությամբ նախարարի համար գնված ավիատոմսն արժեցել է երեք անգամ ավելի թանկ իրեն ուղեկցող այլ պաշտոնյաների տոմսերից։



Թանկարժեք գործուղումների սիրահար է նաեւ Էդվարդ Նալբանդյանը: Նրա գործուղումները եւս թանկ են նստում ՀՀ հարկատուների վրա։ Օրինակ՝ մենք կարող ենք հարկ մուծել, որ պարոն Նալբանդյանը դրանց հաշվին կես կամ մեկ միլիոնից ավելի վճարի եւ թռչի Պեկին, ԱՄՆ, Եվրոպայով մեկ շրջագայի, անգամ մեկնի Մադագասկար՝ Անտանանարիվու մայրաքաղաք, դրա համար վճարելով 1 մլն. 115 հազար դրամ։ Եվ բոլորը հիմնականում թանկարժեք «Աէրոֆլոտով» կամ «Air France»-ով։ Թեպետ այդ թռիչքները ոչ բոլոր ընկերություններն են իրականացնում։



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ է իր վերջին գործուղումն իրականացրել չինովնիկների սիրելի էլիտար «Աէրոֆլոտ» ընկերության չվերթով։ Ինչպես մեզ տեղեկացրին նախարարության լրատվականից, իրենց վերջին գործուղումը եղել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը, երբ նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։ Նրա համար ձեռք բերված Երեւան-Մոսկվա-Բիշքեկ հետադարձով տոմսն արժեցել է 420 հազար դրամ։ Վստահաբար, եթե ցանկանային ավելի մատչելի տոմս գնել այլ ընկերությունից, կստացվեր։



Գյուղնախն ու ՊՆ-ն փորձում են համեստ երեւալ



Սովորաբար գործուղումների մասին մեր գերատեսչություններն իմանում են բավականին վաղ՝ երբեմն ամիսներ առաջ։ Ուստի կարող են նախապես փնտրել եւ գտնել առավել մատչելի ավիատոմսեր, իսկ դրա համար հարկավոր է գնումը կազմակերպել մրցութային ընթացակարգով։ Բայց մեր նախարարություններում նախընտրում են մեկ օր շուտ գնալ ու որեւէ ավիագործակալությունից, մեկ անձից գնման կարգով գնել այդ պահին առկա տոմսը։ Իհարկե, գերատեսչություններ էլ կան, որ մրցույթով են գնում կազմակերպում։ Օրինակ՝ գյուղնախարարությունից մեզ ասացին, որ հոկտեմբերին իրենք ունեցել են երեք գործուղում արտերկիր, մեկը՝ նախարարի մասնակցությամբ, երեքի ավիատոմսերն էլ ձեռք են բերվել մրցութային կարգով։ Գյուղնախարարի՝ հոկտեմբերի 5-7-ը Երեւան-Մոսկվա չվերթի տոմսն արժեցել է 191 հազար 220 դրամ։ Իսկ արտաքին կապերի վարչության պետի համար Երեւան-Մոսկվա-Աստանա-Երեւան ինքնաթիռի տոմսը գնվել է 430 հազար դրամով՝ «Ավիատուր» ՍՊԸ-ից։ Գներից երեւում է, որ ձգտել են էժան տոմս գնել, բայց այդքան էլ չեն հաջողել։ Բացի աշնանային գործուղումներից, գյուղնախարարությունից նաեւ ամռանը մեկ անձից գնմամբ Մոսկվայով Հանոյ մեկնելու տոմս են ձեռք բերել 780 հազար դրամով, ինչն էժան չէ։ Գնումը կատարվել է «Արմենիա թրավել» ՍՊԸ-ից։ Առհասարակ, «Արմենիա թրավելը», «Ավիատուրը», «Տրինիդադ», «Վինդռոուզթրավել» եւ «Ատլանտիս տուր» ՍՊԸ-ները մեր գերատեսչությունների հիմնական մատակարարներն են եղել՝ հիմնականում մեկ անձից գնման կարգով։ Թեպետ, մրցույթ էլ որ լինում է, դարձյալ նրանք են հաղթում։ Մինչդեռ շատ խոշոր ու հայտնի ավիագործակալություններ պետգնումների չեն մասնակցում, քանզի ասում են, որ ժամանակ չունեն բյուրոկրատական ընթացակարգերով այդ գործընթացին մասնակցել, որտեղ միայն «պրիմիտիվ գողերը» գիտեն, թե ինչ է կատարվում։



Ի դեպ, բավականին համեստ գնումներ նկատեցինք պաշտպանության նախարարության՝ մեկ անձից կատարված գնումների ցանկում։ Օրինակ, Երեւան-Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը գնել են 72 հազար դրամով։ Իսկ Երեւան-Սանկտ Պետերբուրգ մեկ ուղղությամբ 2 մեծահասակի եւ 4 երեխայի համար նախատեսված տոմսը սեպտեմբերի 18-ի համար՝ 464 հազար դրամով, կամ տասը հոգանոց անձնակազմով Երեւան-Մոսկվա չվերթի համար՝ 1 մլն. 45 հազար դրամ։ Այս անգամ ավիափոխադրող ընկերությունները U6-ն ու S7-ն են, որոնք «Աէրոֆլոտից» նկատելիորեն մատչելի ծառայություններ են մատուցում։ Համեմատաբար մատչելի այս տոմսերը գնվել են ոչ թե ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այլ հասարակ սպաների ու նրանց ընտանիքի անդամների համար։ ՊՆ-ն նաեւ թանկարժեք թռիչքներ է իրականացրել՝ թանկարժեք ավիաուղիներով, բայց արդեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխնախարարների, վարչության պետերի համար։



Օրինակ՝ Երեւան-Մոսկվա-Նյու Յորք-Նորֆոլկ, Երեւան-Դոհա-Նյու Յորք-Նորֆոլկ-Մայամի-Դոհա-Երեւան, Երեւան-Կիեւ-Պրահա-Կիեւ-Երեւան, Երեւան-Մոսկվա-Մինսկ-Մոսկվա-Երեւան չվերթերի մեկական տոմսի համար ընդհանուր վճարվել է 2 մլն. 777 հազար դրամ։ Սրանցից ամենաէժանն ու համեստը Կիեւով Պրահայի թռիչքն է եղել՝ 244 հազար դրամ։



Արդարադատը փորձում է էժան տոմսեր գնել նոր ծրագրով



Հետաքրքրվեցինք արդարադատության նախարարության՝ վերջին մեկ ամսում կատարած գործուղումներից եւ ձեռք բերած ավիատոմսերից։ ԱՆ-ն, ինչպես նշեցինք, պիլոտային կարգով գնումների նորաստեղծ ծրագրից է օգտվել։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենց վերջին գործուղումը եղել է հոկտեմբերի 13-16-ը, երբ նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնեց Իտալիայի Վենետիկ քաղաք։ Նրա համար «Աէրոֆլոտի» էկոնոմ դասի ավիատոմս են ձեռք բերել 267 հազար 613 դրամով։ Նախարարությունն ուղիղ մեկ ամիս առաջ էլ՝ արդեն վարչության պետի մակարդակով եւս մեկ գործուղում է ունեցել՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաք։ Տոմսի համար վճարվել է 21 հազար 875 ռուբլի։ Դրամով՝ մոտ 160 հազար դրամ։ Այս դեպքում չվերթն իրականացվել է համեմատաբար ավելի մատչելի ավիաընկերության՝ UTair-ի կողմից։ Թեպետ, երբ նայեցինք գները, պարզեցինք, որ այնպես չէ, թե ամենաէժան տոմսերից է գնվել, բայց թանկերից էլ չէ։ Իհարկե, այստեղ կարեւոր է, թե քանի օր շուտ է գնվել տոմսը։ Երեւան- Վենետիկ չվերթ իրականացնում են հիմնականում «Աէրոֆլոտ», AlItaliа, Austrian Airlines եւ Lufthansa ընկերությունները։ Վերջին երեքը, բնականաբար, շատ ավելի հեղինակավոր ու թանկարժեք ընկերություններ են, քան «Աէրոֆլոտը»։ Բայց այս ուղղությամբ չվերթեր է իրականացնում նաեւ «Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությունը, որի գներն անհամեմատ ավելի մատչելի են, օրինակ՝ 150 հազարից սկսած։ Բայց սպասարկումն է ցածրակարգ։ Օրինակ՝ «Ուկրաինականի» ինքնաթիռներում ընդամենը մեկ բաժակ ջուր են տալիս։ Վենետիկ գործուղման ժամանակ Արփինե Հովհաննիսյանի համար գնվել է այս ամսում առաջարկվող միջինից մի փոքր էլ ցածր արժեքի էկոնոմ կարգի տոմս։ Իհարկե, այս ամենը միանշանակ չէ, քանզի ավիատոմսերի գներն ամեն վայրկյան փոխվում են՝ կախված տարբեր հանգամանքներից։ Բայց, ցանկության դեպքում, միշտ էլ հնարավոր է ավելի էժան տոմս գտնել եւ նվազագույն ճոխությամբ մեկնել գործուղման, հատկապես, երբ դրա համար դու չես վճարում։



Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին նաեւ, որ էլեկտրոնային համակարգով ավիատոմսերի գնման ժամանակ որեւէ ավիափոխադրող ընկերության նախընտրության պայման չի ներկայացվել։ Նշենք, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս ԱՆ-ն 16 գործուղում է իրականացրել, որոնցից միայն մեկն է նախարարի մակարդակով եղել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ