Էլի լավ է, որ ավելի վատ չէ

Էլի լավ է, որ ավելի վատ չէ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության ներկայացրած 2017 թվականի բյուջեի հանգույն շոշափելի եւ հուսադրող որեւէ բան չի խոստանում։ Համենայնդեպս, այդպես զգացվեց մեր հարցերին տված նրա պատասխաններից։ Թոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, միակ դրականն այն է, որ սկսված կամ նախատեսված ծրագրերը կշարունակ են իրականացվել նաեւ եկող տարվա բյուջեով։ Այսինքն՝ էլի լավ է, որ ավելի չի վատանա մարդկանց վիճակը, եթե, իհարկե, իսկապես ավելի չվատանա։ 



- Պարոն նախարար, 2017 թվականի բյուջեի նախագծով սոցիալական բաղադրիչի, սոցիալական վիճակի բարելավման մասով ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել։



- Հիմնականում բոլոր սոցիալական ծրագրերն իրենց նախատեսված ֆինանսավորմամբ պահպանված են, միայն մեկ-երկու ավելացված ծրագրեր կան հաշմանդամություն ունեցող անձանց մասով՝ նոր նախաձեռնություններ, եւ հիմնականում մնացած բոլոր սոցիալական ծրագրերի համար նույն ֆինանսավորումն ապահովված է, որպեսզի ապահովվի նույն մակարդակը։



- Այսինքն՝ կառավարության նոր ծրագիրը որեւէ նոր փոփոխություն կբերի՞ Ձեր ղեկավարած ոլորտում։



- Առաջին հերթին մատուցվող ծառայությունների որակի եւ մատչելիության բարձրացումն է, նաեւ՝ ոչ պետական կազմակերպությունների հետ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում լրացուցիչ ծրագրերի ներգրավումը, որը կընդլայնվի առաջիկա տարվա ընթացքում եւ կընդգրկի Երեւանի եւ մարզերի հատկապես տարեց կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցելու աշխատանքները։



- Ըստ էության՝ հանրությունը շոշափելի փոփոխություն նկատում եւ դրանով իսկ դրականը գնահատում է, երբ բարձրացվում են թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։ Այս առումով դրական փոփոխություն սպասվո՞ւմ է։



- 2017 թվականի համար, գիտեք, որ նախատեսված չէ կենսաթոշակների եւ աշխատավարձերի ավելացում։ Միայն 2016 թվականի օգոստոս ամսից գիտեք, որ ավելացվեց անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը, որը նաեւ, բնականաբար, 2017 թվականի բյուջեի շրջանակներում շուրջ 1.1 միլիարդ ավել հատկացում է նախատեսվել, որը նախատեսված էր։



- Հնարավո՞ր չէր, արդյոք, որոշակի կրճատումների, օպտիմալացումների արդյունքում հասնել կենսաթոշակների, աշխատավարձերի ավելացման։



- Ընդհանրապես՝ կենսաթոշակների, աշխատավարձերի ավելացումները շատ մեծ ծախսային հոդվածներ են, եւ շատ փոքր ավելացումը նույնիսկ ենթադրում է շատ ավելի մեծ գումարների ավելացում պետական բյուջեում, որը հնարավոր կլինի օպտիմալացումների շրջանակներում ունենալ։ Երբ մենք 15 տոկոսով ավելացրինք 2014-15 թթ․ կենսաթոշակների չափերը, դրանցից յուրաքանչյուրի ավելացումը ենթադրեց շուրջ 30 մլրդ. դրամի միջոցներ։ Բնականաբար, օպտիմալացումներն իրականացվում են, եւ առաջիկայում ես կարծում եմ, որ համապատասխան որոշումներ կընդունվեն։ Բնական է, որ մենք խնդիր ունենք առաջին հերթին ծախսերի արդյունավետությունն ու հասցեականությունը մեծացնելու։ Թե ինչքանով դրանք կարտացոլվեն 2017 թվականի բյուջեի նախագծի մեջ, առաջիկա քննարկումները ցույց կտան։



- Այս իմաստով՝ որո՞նք են Ձեր ղեկավարած գերատեսչության այն հիմնական առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն ամեն տարվա բյուջեի նախագծով։



- Մեր առաջնահերթությունները, բնականաբար, շարադրված են, եւ առաջիկա օրերի ընթացքում մենք առիթ կունենանք ավելի մանրամասն ծրագրային բյուջետավորման ձեւաչափով ներկայացնելու։



- Երբ Դուք ասում եք՝ ծրագրեր եք իրականացնում, իհարկե, վատ չէ, բայց հանրությունը, ամեն դեպքում, ցանկանում է շոշափելի արդյունք տեսնել, որն ուղղված կլինի իր սոցիալական վիճակի բարելավմանը։



- Շատ լավ գիտեք՝ որպեսզի շոշափելի արդյունք լինի սոցիալական վիճակի բարելավման մասով, առաջին հերթին դա պայմանավորված է եւ պայմանավորված պետք է լինի տնտեսական աճով եւ աշխատանքի համապատասխան նոր պայմանների ստեղծմամբ, նոր աշխատատեղերով, աշխատավարձերի բարձրացմամբ, որն անմիջականորեն ազդելու է սոցիալական պաշտպանության ոլորտի վրա։ Իսկ այսօրվա մեր առաջնահերթ խնդիրն առկա ծրագրերի հասցեականությունը մեծացնելն է, եւ յուրաքանչյուր մեկ դրամը, որն ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին, իսկ դրան ուղղվում է պետական բյուջեի ծախսերի 30 տոկոսը, դրանք իրական հասցեատիրոջը հասցնելն է։



- Հիմա վարչապետը նպատակադրել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել, սա կբավարարի՞, որ գոնե 2018-ին աշխատավարձերի, կենսաթոշակների աճ եւ, ըստ այդմ, նաեւ սոցիալական վիճակի բարելավում նախատեսվի։



- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարի ճշգրտվող նոր քաղաքականության ներքո բազան այնպիսին պետք է լինի, որ ամեն հաջորդ տարի ավելի լավ իրավիճակ ստեղծվի։



- Հայաստանի շատ քաղաքացիներ թոշակի անցնելու տարիքում նախընտրում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալ, որպեսզի ռուսական կենսաթոշակից օգտվեն, քանզի ՌԴ-ում նկատելի բարձր է։ Սա Ձեզ չի՞ մտահոգում։



- Ուրեմն՝ ԱՊՀ երկրների միջեւ կենսաթոշակային կնքված համաձայնագիր կա դեռեւս 1992 թվականին, որի համաձայն՝ որեւէ երկրի քաղաքացի որտեղ որ մշտապես բնակվում է, հաշվառված է, այդ երկրից էլ ստանում է իր կենսաթոշակը, եւ այդ ազատ տեղաշարժի օրենքը գործում է։ Այդ առումով նորություն չկա։ Մյուս կողմից՝ կենսաթոշակների չափերի տարբերության առումով՝ համեմատած ՌԴ-ի հետ, միջին կենսաթոշակի չափով, կարելի է ասել՝ տարբերությունն ընդամենը մեկուկես անգամ է ավել։ Այդ ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը գործող համաձայնագիր է, եւ, բնականաբար, քաղաքացին իրավունք ունի իր կենսաթոշակը կամ աշխատանքը կազմակերպել այդ միասնական տարածքում։ Այս առումով ես կարծում եմ, որ մեր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացումն է շատ ավելի առաջնահերթ, որի ուղղությամբ եւս աշխատանքները շարունակվում են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ