«Совпaдение? Не думаем»

«Совпaдение? Не думаем»

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Երևանի հարգարժան քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր ներկայացել Ազգային ժողով՝ բյուջեի քննարկման, որպեսզի զեկուցեր իր քաղաքապետարանի հաջորդ տարվա ծախսերի պլանը։ Նրա փոխարեն կրկին ժամանել էր Երևանի քաղաքապետարանի անբաժանելի մասը կազմող փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Ի դեպ, նկատել ենք, որ քաղաքապետարանի գնած այն թանկարժեք կոնյակների ու բաժակների թեմայով աղմկոտ հարցազրույցներից, ասել է թե՝ կոնյակային «խումհարից» հետո պարոն Արեյանը սկսել է չափազանց ջերմ շփվել լրագրողների հետ։ Անգամ մերթ ընդ մերթ պոետիկ զեղումներ են ծագում նրա մտքերում՝ ավելի էսթետիկ դարձնելով պատասխանները։



Ինչևէ, որոշեցինք այս տարի բյուջեի քննարկումներին բացակա Նիկոլ Փաշինյանի տեղը դատարկ չթողնել և այս անգամ էլ մենք հետաքրքրվել, թե այս տարի՞ ինչու չէր ներկայացել ԱԺ դատին Տարոն Մարգարյանը։ Հիշեցնենք, որ ամեն տարի քաղաքապետարանի բյուջետային ծախսերի թեմայով քննարկումների ժամանակ Փաշինյանին հենց այդ և միայն այդ հարցն է հուզում՝ ու՞ր է Տարոն Մարգարյանը, ինչու՞ չի եկել։ Եվ ամեն տարի նրա լիազոր ներկայացուցիչ Կամո Արեյանը նույն պատասխանն է տալիս՝ Տարոն Մարգարյանը կա՛մ գործուղման է, կա՛մ կարևոր հյուրեր ուներ դրսից և նրանց հետ հանդիպման էր։ Թեպետ, դեպք է եղել, երբ րոպեներ անց բացահայտվել է, որ, օրինակ, այդ օրը գործուղմամբ արտերկրում գտնվող Տարոն Մարգարյանը նույն օրը միաժամանակ Երևանում ինչ-որ միջոցառման է մասնակցել։



Եվ, ով զարմանք, թեպետ բնավ էլ զարմանալի չէր, Տարոն Մարգարյանի բացակայությունն այս տարի ևս պայմանավորված էր ամեն տարի հենց այս օրերին արդեն «խրոնիկ» դարձած այդ հանդիպումներով։



«Քաղաքապետը, ուրեմն, նորից եմ ասում, որևէ խնդիր չունի Ազգային ժողով չգալու, որևէ խնդիր»,-գրեթե համոզիչ կերպով վստահեցրեց փոխքաղաքապետը, հետո բացատրեց, թե այս անգամ ինչու չէր եկել։ Պարզվեց՝ մի աննկարագրելի կարևոր անձնավորության՝ Բադեն Վյուրտեմբերգի նահանգապետին էր ընդունում այսօր․ «Մարդ, մեծ բարերար, որը ֆինանսավորում է քահանա Շայդեի ծրագիրը, գերմանական Կարմիր խաչի բարեգործական ծրագիրը, այսօր բարեգործական ճաշարանի տարեշրջանի բացումն է, այստեղ է նահանգապետը, ընդ որում՝ առաջին այցն է, մարդ, որն իր աշխատավարձն է նվիրաբերում նաև այդ ֆոնդին, Շայդեն է այստեղ քահանա և ընդունում է այդ պատվիրակությանը։ Դա անխուսափել էր, որ այդպիսի մարդ, որը քաղաքապետարանի գործընկերն է, ամենապատվելի պատվիրակություններից մեկն է․․․»,-ճոխ-ճոխ նկարագրեց և վերջում խոսքը կիսատ թողեց Տարոն Մարգարյանի առաջին տեղակալը։



Ինչ խոսք, շատ կարևոր այց էր, և անհնար էր հավուր պատշաճի չպատվել պատվարժան հյուրերին, թանկարժեք բաժակներով հնադարյա կոնյակ չհյուրասիրել և այլն։ Պարզապես չես հասկանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի հենց բյուջեի քննարկման օրն են այդ պատվելի և հարգարժան հյուրերը այցելում մեր ոչ պակաս հարգարժան քաղաքապետին՝ թույլ չտալով նրան գալ ԱԺ և առաջին դեմքով ներկայացնել իրենց բյուջեի ծախսերը։ Ռուսերեն խոսքով ասած՝ «Совпадение? Не думаем»: Բայց Կամո Արեյանը որևէ օրինաչափություն չգտավ այստեղ և փորձեց մեզ համոզել հակառակում․ «Չէ, չէ, նման զուգադիպություն չկա, նման օրինաչափություն չկա։ Պարզապես մարդը զբաղված, գրաֆիկի տեր մարդ է, քաղաքապետ, և այսօր, հենց այսօր․․․»,-ասաց նա, որի խոսքը այս անգամ մենք կիսատ թողեցինք մեր հարցով։



-Ձեր կարծիքով՝ մարզպետներն ու նախարարները պակա՞ս զբաղված մարդիկ են, քան քաղաքապետը։



-Չէ, ինչու՞, նախարարներին էլ փոխարինողներ միշտ էլ եկել են։



-Մեկ-երկուսի դեպքում, բայց Տարոն Մարգարյանը երբեք չի եկել։



-Ես իր լիազորությամբ, ի պաշտոնե, օրենքի ուժով նշանակված եմ զեկուցող։



-Ուզում եմ հասկանալ՝ պարոն Մարգարյանը խնդի՞ր ունի խորհրդարան ներկայանալու, արտահայտվելու, զեկուցելու։



-Ոչ, որևէ խնդիր չունի, ամենայն պատասխանատվությամբ և անկեղծությամբ եմ ասում։ Ինչի Դուք Տարոն Մարգարյանին չե՞ք տեսել արտահայտվելիս, ավագանու նիստ է վարում, ժողովներ է վարում, մեծ ֆորումների մեջ է ելույթ ունենում։ Չէ, նման խնդիր չկա։



-Ամեն դեպքում, մի փոքր զավեշտալի է թվում, որ ամեն անգամ նրա չգալու պատճառաբանությունը նույնատիպ է լինում, որ հանդիպում ուներ, հյուր էր ընդունում կամ գործուղման էր։



-Չէ, պատճառաբանությունները հորինովի չեն, որևէ խնդիր չունի ԱԺ-ի հետ շփման և ներկայացման։



-Իսկ գուցե մի անգամ գար՝ տեսնեի՞նք, թե ինչպես են քաղաքապետարանի ծախսերը առաջին դեմքից զեկուցում։



-Իսկ ո՞վ ասաց, որ չի գալու։ Խնդիր չկա, ես լիազորված եմ իր անունից զեկուցելու․․․



-Հույս կա՞, որ հաջորդ բյուջեի քննարկմանը կներկայանա։



-Ես հիմա չեմ տիրապետում հաջորդ քննարկումների իր գրաֆիկին։ Այս նիստին էր հրավիրված քաղաքապետը և վերջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ