Իր առջեվ ՀՀԿ-ի դիրքերը պահելու խնդիր դրված չէ

Իր առջեվ ՀՀԿ-ի դիրքերը պահելու խնդիր դրված չէ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատրաստվում պահպանել ՀՀԿ-ի իշխանությունը մարզում։ Նկատեցինք, որ ժամանակին մյուս՝ Մաքսիմ Հակոբյանի որդի Վահե Հակոբյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, եւ դարձյալ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ՝ հատկապես հենց այդ պատճառով, որ Վահե Հակոբյանը չէր կարողանում ՀՀԿ-ի դիրքերն ամուր պահել մարզում, ինչը լավ էր ստացվում Լիսկայի մոտ։



«Ես անկուսակցական եմ, եւ իմ առջեւ նման խնդիր դրված չէ»,-ասաց նորանշանակ մարզպետը։



- Ամեն դեպքում՝ Դուք ՀՀԿ-ի կողմից նշանակված մարզպետ եք, ակնկալիքները Ձեզնից նաեւ քաղաքական են։



-Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով։



- Առջեւում խորհրդարանական ընտրություններ են, Դուք որեւէ կերպ կներգրավվե՞ք այդ գործընթացում։



- Դա չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա։



- Եթե մարզում կրկին ՀՀԿ-ի ցուցանիշները վատ լինեն, հնարավո՞ր է դա կասկածի տակ դնի Ձեր հետագա պաշտոնավարումը։



- Մարզում, ես ինչքան տեղյակ եմ, ՀՀԿ-ի ցուցանիշները վատ չեն։



- Վահե Հակոբյանի ժամանակ որոշակիորեն թուլացել էին, եւ մամուլում գրվեց, որ փոփոխությունը հենց դրանով էր պայմանավորված՝ Սուրիկ Խաչատրյանը վերադարձավ։



- Չեմ կարող ասել։



- Լավ, իսկ ի՞նչ ժառանգություն եք ստացել Սուրիկ Խաչատրյանից՝ որպես մարզպետ։



- Որեւէ ժառանգություն՝ որպես այդպիսին, չեմ ստացել։



- Ես նկատի չունեմ ոսկի կամ գումար։



- Ես էլ դա նկատի չունեմ։



- Ինչպիսի՞ մարզ է նա Ձեզ թողել, գուցե խնդիրներով հարուստ կամ հակառակը․․․



- Ինչպես բոլոր մարզերը, ունի իր խնդիրները, իր դրական կողմերը, փորձում ենք շտկել։



- Մթնոլորտի փոփոխության կարիք զգո՞ւմ եք, քանզի Սյունիքի մարզում ձեւավորված վախի մթնոլորտի մասին շատ էր խոսվում։



- Չեմ կարող ասել, դա հարցրեք սյունեցիներին։



- Հիմա ինչպիսի՞ մթնոլորտ է մարզում։



- Նորմալ։



ՀԳ․ Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սկանդալային կերպարի համեմատ նոր մարզպետը, անշուշտ, շահեկանորեն տարբերվում է իր զսպվածությամբ, բայց Վահե Հակոբյանը լրագրողների հետ իր «բենեֆիսում» աչքի ընկավ սառը, չոր ու ցամաք, միավանկ պատասխաններով։ Արձանագրենք, որ վառ սկանդալային անհատականություններին եկել են փոխարինելու նեյտրալ-փողկապավորները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ