Զարգացման կոնցեպտն էր պահանջում

Զարգացման կոնցեպտն էր պահանջում

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում պաշտոն ստացավ՝ հակառակ կառավարության որդեգրած օպտիմալացման, խնայողությունների տրամաբանությանը։ Եթե մինչ այդ այս նախարարությունը միավորել էր տարածքային կառավարումն ու արտակարգ իրավիճակները, ապա Դաշնակցության հետ քաղաքական «ամուսնությունից» հետո «փեսան»՝ ՀՀԿ-ն, որոշեց մի ամբողջ նախարարություն նվիրել «հարսի» ընտանիքին։ Արդյունքում՝ ԱԻՆ-ից առանձնացվեց ընդամենը 10 ամիս առաջ նրա միացած տարածքային կառավարումն ու նորից դարձավ ինքնուրույն գերատեսչություն՝ իր հսկայական ծախսերով, նախարարով, շենքով, աշխատակազմով, օգնականներով ու քարտուղարուհիներով, «պադավատներով»։ Եվ այս բոլոր ծախսերը, բնականաբար, հոգում ենք մենք՝ ՀՀ հարկատու քաղաքացիներս։ 



Այս անտիօպտիմիզացիոն ակտն իշխանությունը բացատրեց քաղաքական համագործակցությամբ։ Պարզ ասացին՝ կոալիցիա են կազմել եւ երեք պորտֆել պետք է տան դաշնակցական հին ընկերներին։ Այժմ նոր վարչապետի գալով՝ կրճատումների եւ օպտիմալացման նոր՝ ավելի բուռն եւ հուժկու ալիք սկսվեց։ Նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցինք՝ բարոյապես իրեն ինչպե՞ս է զգում, որ իր նախարարության ստեղծմամբ լրացուցիչ ծախսեր են առաջացել, բյուջեի բեռն է կրկին ավելացել, մինչդեռ մեր կառավարությունը խնայողության ուղի է որդեգրել։ Պարզվեց՝ «լրացուցիչ ծախսեր չեն ավելացել, քանզի դրանք շատ փոքր տարբերություններ են»։ «Իսկ թե ինչպես եմ ես զգում բարոյապես, դրա ամենահիմնական պատասխանը պետք է ես տամ իմ կատարած աշխատանքով, ծավալով։ Բայց երկիրը չունենա տարածքային կառավարման եւ, առավել եւս, զարգացման նախարարություն, որտեղ կա տարածքների ամենամեծ անհամաչափությունը, երկիր, որտեղ կա ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող ամենախորը տարբերություն՝ 40-ից մինչեւ 156 տոկոս, եւ չաշխատել այս ուղղությամբ նեղացված, կենտրոնացված, որպեսզի տարածքների համաչափությունը մեծանա, զարգացում ապրեն, ես կարծում եմ՝ անթույլատրելի է»,-ասաց դաշնակցական նախարարը։



- Այսինքն՝ անարդյունավե՞տ էր աշխատում նախարարությունն ԱԻՆ-ի կազմում կամ նրա հետ միավորված ժամանակ։



- Բացարձակ ես այդպիսի բան չասացի, բայց նեղ ուղղվածությունը, այս հարցերին առավել շատ ուշադրություն դարձնելը, ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ էր, եւ այդ պատճառով էր, որ նախարարությունը փոխվեց ու նաեւ «զարգացման նախարարություն» անվանումն ունեցավ՝ «տարածքային կառավարման» հետ միասին։ Բնական է, որ շատ բաներ նաեւ նախկինում են արվել, բայց զարգացման կոնցեպտը...



- Ի՞նչ է ենթադրում այդ կոնցեպտը։



- Դրա համար Դուք պետք է ծանոթանաք ամբողջ տարածքային զարգացման ռազմավարության հետ, որն օգոստոսին կառավարությունն ընդունել է։



- Հիմա նախարարության անվան մեջ «զարգացման» բաղադրիչը դրա՞ համար ավելացվեց, եւ ի՞նչ է ավելացել գործառույթների մասով։



- Ավելացվեց, որպեսզի զարգացման կոնցեպտը, անհամաչափության խնդիրները, տարածքների տնտեսական զարգացման խնդիրները դառնան առաջնահերթություն։



- Ամեն դեպքում՝ այս նախարարությունն ստեղծվեց ոչ թե Ձեր ասած տրամաբանությամբ՝ որ նեղ մասնագիտացված նախարարության կարիք կար, այլ զուտ քաղաքական համագործակցության արդյունքում, ինչը փաստեցին այդ նախագիծը ներկայացնողները։



- Գիտե՞ք, զեկուցողը կարող է այդպիսի մեկնաբանություն տալ, եւ նորմալ է դա, քանի որ իրականությունում այդպես սկսվեց։ Բայց որ խնդիրը դրված էր ավելի խորը քննարկումներում, որ նախարարությունը պետք է առանձնանա եւ այսպիսին գործի...



- Այսինքն, անկախ կոալիցիայից, պարտադրվա՞ծ էր այս առանձնացումը։



- Ես կարծում եմ՝ այո։ Բացեք նայեք՝ այլ երկրներում, որտեղ զարգացման պրոբլեմ ունեն, եվրոպական բոլոր երկրներում զարգացման նախարարություն կա, Ուկրաինան նայեք, Մոլդովան նայեք եւ այլն, եւ այլն։



- Մենք 19 նախարարություն ունենք, Ձեր ասած այդ եվրոպական երկրներում շատ ավելի քիչ է նախարարությունների թիվը։ Մենք կարիք ունե՞նք այդքան շատ նախարարությունների։



- Ճիշտ եք։ Կարծում եմ՝ առաջիկայում դրան նույնպես կանդրադառնանք։



ՀԳ. ՏԿԶ նախարարության 2017 թվականի բյուջեն, ըստ նախագծի, 422 մլն. 732 հազար 400 դրամ է։ Սա այն գումարն է, որը պարոն նախարարը համարում է «շատ փոքր տարբերություն» եւ նշում, թե «բյուջեի վրա ծախս չի ավելացել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ