Հովիկ Աբրահամյանը պարզ էր բաց, թափանցիկ իրականությունը ներկայացնելու հարցում

Հովիկ Աբրահամյանը պարզ էր բաց, թափանցիկ իրականությունը ներկայացնելու հարցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը, օրերս Ազգային ժողովում ներկայացնելով 2017 թվականի բյուջեի նախագիծը, հայտարարեց, որ նպատակադրել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել եկող տարում։ Նշենք, որ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ին 2016-ի համար 2.2 տոկոս աճի նվազագույն շեմ էր կանխատեսել։



ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում նոր վարչապետի հայտարարած այս ցուցանիշներին և ինչ ակնկալիք ունի նոր բյուջեի նախագծից։



«Ես, առհասարակ, բյուջեին վերաբերվում եմ հետևյալ կերպ, որ իրատեսության շրջանակ կարողանա արտացոլի, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ հակառակ պարագայում ոչ միայն կառավարության ներկայացուցիչներն են ճգնաժամի և դժվարությունների առջև կանգնելու, այլ մեր ժողովուրդը ևս հերթական հիասթափությունն է ապրելու։ Ես արդյունավետությունը մատնանշելով հանդերձ՝ կարծում եմ, որ ստվերում գտնվող բավականաչափ գործընթացներ կան, մասնավորապես ռիսկեր կան ԾԻԳ-երի հետ կապված, որ պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսերի կրճատումը դրական փոփոխությունների միտում կմտցնի»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պարոն Էնֆիաջյանը։



-Դուք պրագմատիկ մոտեցում տեսնու՞մ եք բյուջեի այս նախագծում։



-Ամեն դեպքում ձևակերպումների մեջ՝ այո։ Թե գործնականում ինչ տեսք կստանա, ժամանակը կստանա։



-3.2 տոկոս տնտեսական աճը այս իրավիճակում բավարա՞ր է մեզ, եթե լիարժեք հասնենք դրան։



-Տեսեք, նույն այդ ձևակերպումները տալուց առաջ նույն կառավարության ներկայացուցիչներն բարձրաձայնեցին արտաքին գործոնը և միջազգային տնտեսական շուկան՝ հնարավոր ռիսկերը գնահատելով, որ էականորեն կախված է մեր երկրի տնտեսական զարգացումն արտաքին տնտեսական գործոններին։ Բնականաբար դա այդպես է, բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ այդ ռիսկերն էլ որոշակի տոկոսային փոխհարաբերակցությամբ, բայց կարելի է հաշվարկել և այդ ռիսկերն էլ գնահատել՝ ինչ զարգացում կարող է ունենալ, և պետք է այլընտրանքային մոտեցումները միշտ հիմքում լինեն։



-Եթե համեմատենք Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեն ավելի՞, թե՞ պակաս հուսադրող է։



-Գիտե՞ք ինչպես, ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ժամանակահատվածում հստակ էր, որ Հովիկ Աբրահամյանը պարզ էր բաց, թափանցիկ իրականությունը ներկայացնելու հարցում, և այն ցուցանիշները, որ կային և իրական հնարավոր զարգացումները, ինչքան էլ որ որպես թվեր կային, որ գոհացնող չէին, բայց, միևնույն ժամանակ, ազնիվ էին, այդ մոտեցումը ողջունելի էր։ Եվ, ըստ էության, նրանց նախաձեռնած ծրագրերը, գաղափարները, այդ կառավարության ընթացակարգը մեծ հաշվով կիսատ մնացին։ Իսկ ներկայիս կառավարության հետ կապված՝ ուրվագծված մոտեցումները դեռևս ցանկալի են, բայց ինչքանով իրատեսական կլինեն, ապագայում կերևան։



-Ձեր քաղաքական ուժը Հովիկ Աբրահամյանի կառավարությանը գնահատական տալիս մշտապես բավականին մեղմ ու խնայողաբար էր մոտենում, միշտ ասում էիք՝ թողեք աշխատի, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Բայց երկուսուկես տարի նա պաշտոնավարեց, և, ըստ էության, ձախողեց, հուսադրող ցուցանիշներ չապահովեց։



-Ներկայիս կառավարության հետ կապված էլ մենք նույն կերպ ասում ենք, որ պետք է հնարավորություն ունենան իրենց գործունեությունը ծավալել։ Այն կետերը, որոնք մատնանշում է ներկայիս կառավարությունը, այդտեղ ընդունելի սկզբունքներ կան, բայց թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, մեր իրականության մեջ ինչպիսի արտացոլում կունենա, դա ապագայում կերևա։



-Իսկ գուցե նախորդ կառավարության ձախողման հարցում մեղքը նաև ձեր՝ պատգամավորների՞դ մեջ է, որ ամեն անգամ հանդուրժող վերաբերմունք եք ցուցաբերում ու շանս եք տալիս, փոխանակ խիստ պահանջներ դնեք կառավարության առջև։



-Ինչպիսի կառավարություն էլ որ գա, ուզես-չուզես՝ պիտի շանս տաս։ Հետո եկեք մի բան հասկանանք, որ կառավարությունը ձևավորող պատգամավորները շատ կոնկրետ հասցեատիրական սկզբունքով Ազգային ժողովում հանդես գալու հնարավորություն ունեն։ Ինքս բոլոր ինձ ընձեռված հնարավորությունները լավագույնս օգտագործել եմ, վերջին հարցս էլ եղել է երկրում ստեղծված իրավիճակի, կոռուպցիոն հիմնավորումների և դրսևումների հետ կապված, նաև գրություն եմ փոխանցել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ