Ոչ մի բուհ չի լուծել իր առջև կանգնած և ոչ մի խնդիր

Ոչ մի բուհ չի լուծել իր առջև կանգնած և ոչ մի խնդիր

Այսօր տեղի ունեցավ Երևանի բժշկական համալսարանի խորհրդի նիստը։ Նիստի ժամանակ քննարկվեց բուհի նոր ռեկտորի նշանակման հարցը։ Ինչպես տեղեկացրել էինք, նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից, ինչն էլ հաստատվեց խորհրդի կողմից։ Այսօր բուհի խորհուրդը որոշեց առաջադրել առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի թեկնածությունը, որն էլ միաձայն ընդունվեց։ Մուրադյանը, սակայն, առայժմ համարվում է ժամանակավոր պաշտոնակատար, վերջնական ընտրությունն ու նշանակումը կլինի ավելի ուշ։



Բուհի խորհրդի նախագահը ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէր՝ ինչպես եղավ, որ հենց Արմեն Մուրադյանն առաջադրվեց այս պաշտոնում։ «Ես գիտեմ, որ քննարկվեց հարց, որ Արմեն Մուրադյանը դիմում է ներկայացրել ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելու համար։ Դա նշանակում է, որ առաջիկայում բաց մրցույթ է հայտարարվելու, ով ուզում, կարող է դիմել և աշխատել»,- ասաց նա։



Խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանն էլ մեր հարցին, թե ինչով էր վատ աշխատում Նարիմանյանը, որ որոշեցին նրան փոխարինել Մուրադյանով, ասաց. «Պարոն Նարիմանյանն ինքն իր ձեռամբ դիմում է գրել, հիմնավորել է, մնացած հարցերը կարող եք իրեն ուղղել»։



Մեր դիտարկմանը, թե Նարիմանյանի ժամանակ խնդիրների մասին շատ էր խոսվում, դժգոհություններ կային, բուհի անվտանգության աշխատակից ձերբակալվեց, պարոն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Բուհական համակարգում տարբեր բուհերում, տարբեր ժամանակահատվածում տարբեր խնդիրներ են լինում, ոչ մի բուհ չի լուծել իր առջև կանգնած և ոչ մի խնդիր, որովհետև դա ի սկզբանե անհնար է, որովհետև նրանք միշտ ունենում են խնդիրներ և դրանց համարժեք գործողություններ են կատարում»։
Հարցին, թե Արմեն Մուրադյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի՞ առաջարկն էր, ինչի մասին գրել է մամուլը, Արմեն Աշոտյանն ասաց. «Հետաքրքիր բան ասացիք, կփորձեմ ճշտել»։



Իսկ իր սրտո՞վ է Մուրադյանի առաջադրումը, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահն այսպես պատասխանեց. «Իմ սրտով է ամեն մի մարդ, ով սիրում է իր համալսարանը, իր բուհը։ Ալմամատոր է բժշկական համալսարանը նաև Արմեն Մուրադյանի համար, որը շատ լավ բժիշկ էր, առողջապահության բնագավառի շատ լավ փորձ ունի, նաև, ի տարբերություն մի շարք այլ բժիշկների, զբաղվել է նաև կրթական գործունեությամբ՝ լինելով ամբիոնի վարիչ և պրոֆեսոր»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ