Որքանո՞վ կզգացվի «վիրահատության» կարիք թերապևտից «ժառանգած» բուհում

Որքանո՞վ կզգացվի «վիրահատության» կարիք թերապևտից «ժառանգած» բուհում

Այսօր տեղի ունեցած Երևանի բժշկական համալսարանի խորհրդի նիստով միաձայն ընդունվեց արդեն իսկ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի՝ պաշտոնից ազատման դիմումն ու ընդունվեց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը։



Նիստից հետո պարոն Նարիմանյանը պատասխանեց Hraparak.am-ի մի քանի հարցի։ Նրանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչու՞ որոշեց ազատման դիմում գրել։



-Ես ուզում եմ վերադառնալ իմ պրոֆեսիոնալ գործունեությանը, այն է՝ կլինիկական գործունեություն։ Ես ընտանեկան բժշկության ամբիոն եմ վերադառնում, որտեղ զբաղվելու եմ պուլմանալոգիայով, ես ունեմ մի քանի միջազգային ծրագիր, այդ թվում՝ հոգեկան առողջություն և վարքագիծ, ինչը շատ հետաքրքիր ծրագիր է, այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ են ուժեր և մեծ ցանկություն։



-Արդյոք Ձեզանից դժգոհություննե՞րն էին պատճառը, որ որոշեցիք «ինքնակամ», ինչպես ասում եք, դիմում գրել և հեռանալ։



-Չէ, այդպես չի, ես ինքնակամ գրել եմ, որ զբաղվեմ իմ պրոֆեսիայով։



-Այդուհանդերձ, դժգոհություններ կային, Ձեր պաշտոնավարման ընթացքում բուհի անվտանգության աշխատակիցներ ձերբակալվեցին՝ կարծեմ կոռուպցիայի համար։



-Մի հոգի են ձերբակալել, հետաքննությունը շարունակվում է, և ամեն ինչ կավարտվի դատարանում։



-Մեկ-երկու ամիս առաջ էլ մամուլում գրվեց, որ բուհի տասնյակ ուսանողներ կտրվել են քննությունից, և անգամ ԲՀԿ-ական պատգամավորներն են փորձել միջամտել այս հարցում։



-150 ուսանողի մասին էին խոսում, քննությունը հաջող չի անցել 43-ի մոտ, մյուս տարի նրանք հնարավորություն կունենան վերահանձնելու։



-Կարելի՞ է ասել, որ սա հենց այն փուլն էր, երբ Դուք եկաք այն գիտակցության, որ պետք է, ի վերջո, վերադառնաք այլ գործունեության։



-Չէ, չէ, բացարձակ, ես 64 տարեկան եմ և ուզում եմ դեռ իմ պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը շարունակել։



-Հնարավո՞ր է՝ կառավարության փոփոխությունն է որևէ ազդեցություն ունեցել Ձեր որոշման վրա, քանզի գուցե Արմեն Մուրադյանին պետք է որևէ պաշտոն տային, և Ձե՞ր աթոռը հարմար գտան նրա համար։



-Չէ, բացարձակ, ոչ մի կերպ դա ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև ոչ մի նման բան չկա։



-Ձեր հետևից, այսպես ասած, մաքու՞ր հիմնարկ և աշխատանք եք թողնում, որի վրա նոր ռեկտորը շատ ջանք թափելու, ինչ-որ բաներ պարզաջրելու, մաքրելու կարիք չի ունենա։



-Ես Ձեզ ասեմ՝ կես տարի ինքը կաշխատի և Ձեր հարցին կպատասխանի։ Ես կարծում եմ, որ ես թողնում եմ կայուն ֆինանսական վիճակ, լավ մթնոլորտ կոլեկտիվում, ուսանողության լավ տրամադրվածություն և գիտելիքներ։



-Բժշկական համալսարանի վարձերը բավականին բարձր են (միջինը՝ 1 մլն դրամ տարեկան), արդյոք արդարացվա՞ծ է այդ գումարը։



-Արդարացված է, որովհետև բժշկական կրթությունն ինքնըստինքյան թանկ է, որովհետև կան էլեկտրոնային ուսուցման ձևեր, կան սիմուլյացիոն կենտրոններ, կան տարբեր բաներ, որոնք իրոք այդ ծառայությունը թանկացնում են։



- Իսկ տալի՞ս եք դրան համապատասխան որակյալ կրթություն։



-Միանշանակ՝ այո։



-Արմեն Մուրադյանի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում այս պաշտոնում։



-Շատ բարձր։ Արմեն Մուրադյանին ճանաչում եմ տասնյակ տարիներ։ Նախ ես գտնում եմ, որ ռեկտորը նախևառաջ պետք է լավ ուսանող եղած լինի։ Դա կարևոր հանգամանք է։ Ինքը եղել է լավ ուսանող, ինքը շատ լավ բժիշկ, ուռոլոգ է, ինքը ամբիոնի վարիչ է, ինքը այդ գործը խորքից գիտի, այնպես որ, ես համոզված եմ, որ այն լավը, ինչին մենք կարողանանք հասնել, ինքը էլ ավելի կզարգացնի, և այն թերությունները, որոնք մենք թողել ենք, Աստված տա, վերացնի։



Հ.Գ. Վերջում Պարոն Նարիմանյանը նկատեց, որ ինքը մասնագիտությամբ թերապևտ է, Արմեն Մուրադյանը՝ վիրաբույժ։ Ուստի ինքը ավելի շատ թերապևտիկ մեթոդներով է մոտենում խնդիրներին, Մուրադյանը՝ վիրահատական։ Մեր հարցին, թե թերապիայի միջոցով խնդիրների լուծումն արդյոք երկար ժամանակ չի՞ պահանջում, պարոն Նարիմանյանն ասաց. «Չէ, այստեղ հարցը շատ նուրբ է, և բժշկությունը շատ տարբեր ձևով է բուժում։ Կան հիվանդություններ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, կան հիվանդություններ, որոնք պահանջում են թերապևտիկ բուժում»։ Հիմա ինքն ավելի շատ թերապիայո՞վ է զբաղվել իր պաշտոնավարման ընթացքում, թե՞ վիրաբուժության ևս դիմել է, Նարիմանյանն ասաց. «Գիտեք ինչ, վիրաբույժներ իմ կողքը եղել են»։ Իսկ Արմեն Մուրադյանը վիրահատական միջամտությունների կարիք շա՞տ կունենա։ Պատասխանը եղավ կտրուկ՝ ոչ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ