Ժպիտը դեմքին, անկեղծ եւ բանից անտեղյակ

Ժպիտը դեմքին, անկեղծ եւ բանից անտեղյակ

Առողջապահության նախարար-լրագրողներ թեյի սեղանի շուրջ հանդիպումը երեկ անցավ սեղանի շուրջ, բայց առանց թեյի։ Փոխարենը սեղանին դրված էին խնձոր, ջուր եւ «բոնբոներկա»։ Հանդիպումն անցավ ասուլիսային ֆորմատով, բայց ավելի ազատ ձեւաչափով։ Նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողների հարցերին պատասխանում էր իրեն հատուկ տեխնոկրատ ժպիտը դեմքին, բաց, անկեղծ, բայց՝ բանից անտեղյակ։ Հարցերի մեծ մասին նա պատասխանում էր՝ «չգիտեմ, չեմ կարող պատասխանել, թույլ տվեք այդ հարցին պատասխանել հաջորդ հանդիպման ժամանակ, կլինի՞ ես Ձեր հարցին գրավոր պատասխանեմ, խնդրում եմ՝ ինձ նեղ մասնագիտական հարցեր մի տվեք, տեղյակ չեմ, կներեք՝ չեմ պատասխանում»։ Եվ այս ամենը՝ շատ հանդարտ, ժպտերես, առանց էմոցիաների, անգամ եթե հանդիմանում էինք, թե՝ «ախր Դուք նախարար եք, պետք է տեղյակ լինեք ոլորտի խնդիրներից»։ Բայց բիզնես ոլորտից առողջապահություն տեղափոխված նախարարը շարունակում էր անկեղծանալ՝ ինքը 1.5 ամսում դեռ չի հասցրել ծանոթանալ ոլորտի բոլոր խնդիրներին։ «Դուք իրո՞ք կարծում եք, որ հինգ տարուց ես ցանկացած հարցի կկարողանամ պատասխանել»,- հասկացնելով, որ անգամ 5 տարին քիչ է բոլոր նյուանսներին ծանոթանալու համար։ Նկատենք, որ նա ընդամենը վեց ամիս ժամանակ ունի՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։



Մի խոսքով՝ նախկին նախարար Արմեն Մուրադյանի լրիվ հակապատկերն է Լեւոն Ալթունյանը։ Մուրադյանը շատ էր լարվում լրագրողների հետ հարցազրույցներում, ձգտում էր ամեն ինչից տեղյակ երեւալ, այնպես անել, որ հանկարծ մամուլն իր մասին թթու բան չգրի, գրելու դեպքում էլ ծանր էր տանում։ Նա լրագրողների հետ շփումներում սովետական բյուրոկրատիայի «շկոլան» անցած ու միմյանց հայրանուններով դիմող բժիշկներին հատուկ արիստոկրատ ու խիստ կեցվածք էր ընդունում՝ փորձելով հնարավորինս տեղեկացված պրոֆեսիոնալի դիրքերից հանդես գալ։ Բայց եթե հանկարծ մի լրագրողի հարց նրան դուր չէր գալիս, կամ այդ հարցը չէր տեղավորվում նրա ընկալման շրջանակներում, Մուրադյանի հայացքն անմիջապես խոժոռվում էր, հոնքերը սրվում էին, եւ մարդկային կյանքեր փրկող պրակտիկ ու հումանիստ բժշկի կերպարից նա անմիջապես վերածվում էր խստադեմ չինովնիկի, ում մի ամբողջ գերատեսչություն եւ աշխատակազմ է ենթակա, բայց ոչ երբեք լրագրողներ։



Ալթունյանը ճիշտ հակառակը՝ կարող է բանից անտեղյակ ասել՝ չգիտեմ, եւ հանգիստ խղճով անցնել առաջ։ Կարեն Կարապետյանին ու իր թիմին ասես անկեղծ անտեղյակության «մոդան» է վարակել, երեկ էլ գյուղնախարարն էր իր ոլորտից անտեղյակի ձեւաչափում պատասխանել մեր հարցերին։ Գուցե Արմեն Մուրադյանի առավել տեղյակ լինելը գալիս էր նրանից, որ նա, այդուհանդերձ, պրակտիկ բժիշկ է եւ ոլորտի մա՞րդ։ Նոր նախարարը չժխտեց՝ գուցե։ Նա հիմնականում վարժ պատասխանում էր բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ տեղ-տեղ անգամ շեշտելով. «Ես՝ որպես բիզնեսմեն»,- ու շարադրում իր տեսակետն արդեն բիզնեսմենի տրամաբանությամբ։ Ալթունյանը, հիշեցնենք, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն էր՝ մինչեւ նախարար նշանակվելը։ Իսկ մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է, ժողովրդական լեզվով ասած՝ «նարկոզի բժիշկ»։ Բայց նրա մասնագիտական հմտությունները վերջին շրջանում կարծես թե էլի բիզնեսում են դրսեւորվել՝ հիմնելով «Վարդանանց» բժշկական կենտրոնը։ Թերեւս դա է պատճառը, որ բիզնեսը «թողնելուց» եւ նախարար նշանակվելուց հետո անգամ նա իրեն այժմ էլ է բիզնեսմեն համարում. «Ես՝ որպես բիզնեսմեն»։ Չնայած՝ մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ իր մասնագիտությամբ։



Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդականների թվի կրճատմանը, պարոն Ալթունյանը դժվարացավ ասել, թե քանի խորհրդական ունի ինքը։ Երեկ, «թեյախմության» ժամանակ, նրան հարցրինք՝ ճշտե՞լ է, թե քանի խորհրդական ունի։ Ոչ, չի ճշտել։ «Ճիշտն ասած՝ աշխատանքով էի զբաղված, պատկերացնո՞ւմ եք՝ ես հարցերի պատասխանեմ, վերադառնամ, սկսեմ զբաղվել էդ հարցերի ճշգրտմամբ ու դուրս գամ՝ նորից էդ հարցերին պատասխանեմ»։ Նրան հուշեցինք, որ ութ խորհրդական ունի։ Իսկ չունե՞ք այնպիսի խորհրդական, որը Ձեզ խորհուրդ կտա խորհրդականների օպտիմալ քանակ պահել՝ հարցրինք մենք։ «Դեռ չէ։ Դա կլինի 9-րդ խորհրդականը»։ Իսկ այդ խորհրդականների կրճատում սպասվո՞ւմ է։ «Եթե վատ խորհուրդներ տան, կրճատում սպասվում է, ինչ վերաբերում է աշխատավարձային ֆոնդի տնտեսման նպատակով կրճատմանը, չի սպասվում, որովհետեւ աշխատավարձային ֆոնդը չի գերածախսվում»։



Մի անհամեստ հարց էլ տվեցինք՝ իսկ ինչի՞ց է տեղյակ, երբ նշանակվել է այդ պաշտոնին, աշխատակազմի հետ չի՞ ծանոթացել, խորհրդակցություններ չի՞ անցկացրել, ոլորտի հիմնական խնդիրների եւ առաջնահերթությունների մասին չի՞ տեղեկացել։ «Առաջին հարցին պատասխանեմ՝ այո, հանդիպել եմ։ Երկրորդ հարցին պատասխանեմ՝ չեմ հիշում օրակարգը։ Երրորդ հարցին պատասխանեմ՝ խնդիրների առաջնահերթությունը մեր ծրագրում նշված է, դրա հետ դուք կծանոթանաք համապատասխան ժամկետներում»։



Ծննդկանների, դիահերձարանների, դեղերի եւ այլ «նեղ մասնագիտական» խնդիրներին վերաբերող հարցերին նախարարը տվեց նույն պատասխանը՝ տեղյակ չէ, թույլ տանք ծանոթանա, հետո պատասխանի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ