Ինչի հաշվին և որքան կիջնեն գազի և հոսանքի սակագները

Ինչի հաշվին և որքան կիջնեն գազի և հոսանքի սակագները

Նոյեմբերի վերջին կունենանք գազի սակագինը` վերջնական, որը կգործի հունվարի 1-ից, մինչև դեկտեմբերի վերջ էլ կունենանք էլեկտրաէներգիայի սակագնի մասին որոշումը, որը կգործի փետրվարի 1-ից:



Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:



Թե ինչի հաշվին է իջնելու հոսանքի սակագինը, Նազարյանն ասաց` գազի գնի իջեցման հաշվին, որն էլ կապահովի ՋԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: ՀԷԿ-երից գնվող հոսանքի սակագինը կմնա նույնը:



Իսկ թե ինչի հաշվին է իջեցվելու գազի սակագինը, պարոն Նազարյանն ասաց, որ կա չորս ֆինանսավորման աղբյուր դրա համար, որոնցից և ոչ մեկը պետբյուջեից չէ. «Դրանցից մեկը ՌԴ-ից Վրաստանով Հայաստան գազի տարանցման գնի նվազեցումը պետք է լինի, ինչի շուրջ հիմա վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում: Երկրորդը՝ այն արտոնությունները, որ տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավերին: Մենք ենթադրում ենք, որ սպառման լրացուցիչ ծավալներ կունենանք, որի հասույթը նույնպես կհամարվի որպես ֆինանսավորման աղբյուր: Երրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն դիտարկում է այն, որ իրենք նախկինում ունեցել են բավականաչափ մեծ ֆինանսական պարտավորություններ, այսօր դրանց մեծ մասն արդեն վերացել են որոշակի օպտիմիզացիայի հաշվին, և չորրորդ ամենակարևոր աղբյուրը` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը. այս երեք աղբյուրներով նշված ռիսկերը վերցնում է իր վրա, և եթե չբավարարի, ինքը կսուբդիդավորի մնացած մասը»:



Իսկ թե որքան կկազմի այս երկու սակագների իջեցումը, Նազարյանն այս պահին դժվարացավ ասել` խնդրելով ժամանակ տրամադրել, մինչև ուսումնասիրեն:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ