Պայքարելու եմ պայքարելով․ ՊԵԿ նոր նախագահի որդեգրած քաղաքականությունը

Պայքարելու եմ պայքարելով․ ՊԵԿ նոր նախագահի որդեգրած քաղաքականությունը

«Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ, այն էլ՝ խոշոր բիզնեսի, և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմներն ու այն խնդիրները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտը ավելի բացվի: Այնպես որ, քայլերը կանենք, կտեսնեք: Պայքարելու եմ ստվերի դեմ, կպայքարեմ, կտեսնեք, կամ պիտի պայքարենք, կամ պիտի չպայքարենք: Ես միտված եմ պայքարելուն»։



Այսպես արձագանքեց ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:



Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու ստվերի դեմ, պարոն Հարությունյանն ասաց․ «Ոնց եմ պայքարելո՞ւ։ Պայքարելու եմ պայքարելով»։ Հետո փորձեց ավելի հստակեցնել պայքարի իր մեթոդները, բայց էլի նույն պատասխանն ստացվեց․ «Այ, ասում եք՝ ոնց եք պայքարելու, պայքարելու տարբեր ձևեր կան, միակ ձևը՝ պետք է պայքարել»։



Հետաքրքրվեցինք նաև, թե վարչապետի հայտարարությունից հետո, որ ով ինչ ապրանք ուզենա, կկարողանա ազատ ներկրել, արդեն եղե՞լ են մարդիկ, որոնք սկսել են ազատորեն ներկրել ապրանքներ, որոնք նախկինում չէին կարողանում։



«Դիզելային վառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք։ Մեկ-երկու մեքենա արդեն ներկրել են, հարկային, մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»,-ասաց նա՝ դժվարանալով ասել, թե ովքեր են այդ դիզվառելիք և բանան ներկրող մյուս սուբյեկտները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ